ՀԱԿԱԿՐԹԱԿԱՆ, ՀԱԿԱՄԱՐԴԿԱՅԻՆ Հեռուստադիտողի այն հարցին, թե 2002թ. բյուջեում ի՞նչ գումար է նախատեսված արտերկրի վարկերի մարման համար, ԱԺ տնտեսական, ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն իր հեռուստաելույթում պատասխանեց, որ ստույգ տվյալներ չի հիշում (մոտավորապես այսպես, բայց պատասխանի իմաստը հեռու չէր դրանից)։ Նման շշմեցուցիչ ու անսպասելի պատասխանը, թերեւս, կարող է ունենալ երկու մեկնաբանություն՝ կամ իրոք հյուրը չգիտեր հարցի հստակ պատասխանը, կամ վախենում էր նման «գաղտնի ինֆորմացիան» ի լուր հեռուստադիտողների հրապարակել։ Պետք է խոստովանել, որ երկու դեպքում էլ առկա է մի ցավալի իրողություն. այն, որ խորհրդարանում թյուրիմացաբար հաճախ տեղ են զբաղեցնում տվյալ «աթոռի» պահանջներին ամենեւին չհամապատասխանող այրեր։ Այստեղից էլ բխում է ինչպես կատարած աշխատանքի որակը, այնպես էլ խորհրդարանի մասին ձեւավորվող կարծիքը։ Երեւի ավելորդ չի լինի, եթե, օգտվելով պատեհ առիթից, բյուջեի էությունը բնութագրող նրա որոշ հոդվածների վերաբերյալ հակիրճ վերլուծություններ ու մեկնաբանություններ անենք, միաժամանակ բավարարելով նշված հեռուստադիտողի հետաքրքրասիրությունը, ինչպես նաեւ մեկ անգամ եւս կենտրոնացնելով որոշ պատգամավորների ուշադրությունը իրենց կողմից քննարկվող ու հաստատվող կարեւոր պետական փաստաթղթի էության վրա։ Սկսենք հենց վարկերից։ Չարաբաստիկ արտասահմանյան վարկերի մարման գումարը 2002թ. բյուջեում նախատեսվում է 16,6 մլրդ դրամ, որը կազմում է բյուջեի եկամուտների 7,8%-ը։ Նշենք, որ 2000թ. բյուջեում այն եղել է 13,3 մլրդ դրամ կամ եկամուտների 6,6%-ը։ Շարունակելով այս ոչ բարեբեր թվաբանությունը, ավելացնենք, որ 2000թ. համեմատ, 2002թ. բյուջեով նախատեսված արտասահմանյան վարկերի գումարն աճել է 5,5 մլրդ դրամով, կամ 11,1%-ով եւ կազմել է 54,3 մլրդ դրամ, այսինքն եկամուտների 25,4%-ը։ Այսպիսով, եթե «Հանրապետականը» ներկայացնող Գ. Մինասյանը անկեղծ լիներ (կամ թվերին իրազեկ), ապա հեռուստադիտողի հարցին հստակ կպատասխաներ։ Իսկ եթե ավելի անկեղծ լիներ ու սկզբունքային, ապա կմեկնաբաներ մոտավորապես այսպես՝ «… իշխանության արտաքին վարկային քաղաքականությունը, ըստ էության, հանրահայտ մովրոդիականի MMM-ի ֆինանսական պիրամիդան է, դեֆոլտի ապագայով, դրանից բխող միջազգային իրավունքի անխուսափելի պատժամիջոցների տխուր հետեւանքներով»։ Վերջում պրն Մինասյանը կեզրափակեր, որ «…շարունակաբար բյուջեի դեֆիցիտը պարտքերով լրացնելու քաղաքականությունը ուղղակի հետեւանք է իշխանության կողմից կառավարման ունակությունների (կոմպետենցիայի) բացահայտ դեֆիցիտի»։ Բայց ո՞նց ասեր այս ամենը այդ «խեղճ» տղան, չէ՞ որ դա կնշանակեր, բացարձակորեն «սղոցել այն ճյուղը, որին ինքն է նստած»։ Չէ՞ որ պատեհ, թե անպատեհ առիթներով «Հանրապետական»-ները կուրծք են ծեծում՝ պարծենալով, թե իրենք պատասխանատվություն են կրում իշխանության արածների համար։ Ի դեպ, մինչ օրս դեռ հայտնի չէ, թե համապատասխան իրավական նորմերի բացակայության պայմաններում ինչպիսի՞ պատժամիջոցներ կարող են կիրառվել այդ պատասխանատվության սահմաններում։ Իսկ եթե դրանք բացակայում են, ապա պատասխանատվության մասին խոսելը զուտ դեմագոգիա չէ ու դատարկաբանություն։ Ինչեւէ, վերադառնանք բուն նյութին։ Բյուջեի նախագծի մասին պատկերացումներն առավել ամբողջացնելու համար վերլուծենք եւս մի քանի թիվ։ 2001թ. բյուջեի համեմատ 2002թ. բյուջեի նախագծում նախատեսված ընդհանուր ծախսերի 6,6% աճի դեպքում պետական կառավարման ծախսերը, չգիտես ինչու, աճել են 8,9%-ով (միգուցե նրանից, որ դանակն էլ է իրենց ձեռքում, դմա՞կն էլ), ընդ որում, հասարակական կարգի պահպանման, ազգային անվտանգության եւ դատական գործունեության ծախսերը ավելացել են 11,8%-ով։ Հատկանշական է նաեւ «հանրային» հեռուստառադիոհաղորդումներին հատկացված տեղն ու դերը, սրանք հարստացվում են 43,0%-ով (զարմանալի ոչինչ չկա, չէ՞ որ նախընտրական տարում իշխանությանը գովազդելու եւ ընդդիմությանը փնովելու «հայրենանվեր» ասպարեզում անելիքները սրընթաց վերելք են ապրելու)։ Մինչդեռ այս թվերի կողքին խոր կսկիծ ու վրդովմունք են առաջացնում, ասենք այն, որ կրթության համակարգին հատկացվող ծախսերը պակասեցվել են 2001թ. բյուջեի համեմատ 5,5%-ով, իսկ ընդհանուր ծախսերի 6,6% աճը հաշվի առնելու դեպքում իրականում կրթության հնարավորությունները ճզմվել են 12,1%-ով (5,5+6,6)։ Գիտության ասպարեզին ընդհանրապես աճ չի նախատեսվել, այսինքն նույն ընդհանուր ծախսերի աճի առկայության դեպքում, փաստորեն, գիտության շահերը ճզմվել են 6,6%ով։ Այնուհետեւ ավելի խայտառակը՝ առողջապահության ոլորտի ծախսերը, նույն թվաբանությամբ՝ ճզմվել են 18,9%-ով, այդ թվում հիվանդանոցային ծառայություններինը՝ 20,0%-ով (իհարկե, այստեղ «բանականությունը» առկա է. չէ՞ որ մեր հանգչող հանրապետությունում մեռնողների ու արտագաղթողների թիվը գնալով գերազանցում է տնտեսական «աճին»)։ Նույն «օրինաչափությամբ» սոցիալական ապահովության ծախսերը ճզմվել են 10,7%-ով, այդ թվում նպաստները՝ 17,4%-ով։ Թերեւս այսքանն էլ բավական է, եզրակացնելու համար՝ հիմնականը։ 2002թ. բյուջեն ոչ թե սոցիալական պետության, այլ ոստիկանաբյուրոկրատական (կարդա՝ մահակակաշառակերական), հակակրթական, հակաառողջապահական, հակասոցիալական, ի վերջո, հակամարդկային ու հակաազգային տերության ու նրա իշխանության էությունը բնութագրող մի ստվար ու հստակ պաշտոնական փաստաթուղթ է։ Սա է իրողությունը, որի մասին, իհարկե, այսօր ոչ միայն «Հանրապետական»-ը, այլ նաեւ իշխանամետ որեւէ խումբ չի համարձակվի առայժմ բացահայտ ու պարզորոշ արտահայտվել։ Սեփական կաշին թանկ է։ Այս տեսակետից, պրն Մինասյանին կարելի է թեկուզեւ առանց հավանելու, բայցեւայնպես, հասկանալ։ ՍԵՎԱԿ ԱՅՎԱԶՅԱՆ տնտ. գիտ. թեկնածու, թոշակառու