Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկացած նորմալ երկրի համար պետական բյուջեն պետության կենսագործունեության ամենակարեւոր փաստաթուղթն է

Նոյեմբեր 24,2001 00:00

ԲՅՈՒՋԵ-ԲՅՈՒՋԵ ԽԱՂԱԼԻՍ Ցանկացած նորմալ երկրի համար պետական բյուջեն պետության կենսագործունեության ամենակարեւոր փաստաթուղթն է, տարեկան Հիմնական օրենքը, որի կատարումից ու չկատարումից է կախված երկրի արտաքին ու ներքին քաղաքականությունը, միջպետական փոխհարաբերություններում դիրքն ու կշիռը, միով բանիվ՝ երկրի դեմքը: Իսկ Հայաստանի Հանրապետության բյուջե՞ն: Ելնելով վերջին մի քանի տարիների պետական բյուջեների պատմությունից՝ մեր երկրի բյուջեն ընդամենը քաղաքական հարցեր առաջադրելու ու լուծելու հնարավորություն է եւ տնտեսական ոչ մի նշանակություն չունի: Սովորաբար բյուջեի քննարկմանը նախընթաց շրջանում բարձրաստիճան պաշտոնյաները անպայման նայում են «Հայլուրը»՝ տեղեկանալու՝ նախարարական իրենց պաշտոնը պահեցի՞ն, թե՞ զոհեցին բյուջեն ընդունելի դարձնելուն: «Հայլուրը» նայում են նաեւ պատգամավորները, պարզելու՝ կատարվե՞ց նախարար դառնալու մանկական երազանքը, թե՞ դեռ պիտի սպասեն լավագույն ժամանակների: Ամենաբարդը վարչապետի խնդիրն է, հիմնավորել՝ ինչո՞ւ չկատարվեց 2001թ. իր ներկայացրած բյուջեն եւ բացատրել՝ ինչո՞ւ պիտի ընդունվի 2002թ. բյուջեն, որը, ամենայն հավանականությամբ, դարձյալ չի կատարվելու: Սա հարցի արտաքին կողմն է, իրական ենթատեքստը վարչապետ մնալ-չմնալն է: Ընդհանրապես՝ ու՞մ է պետք բյուջեն: Եվ ի՞նչ է իրենից ներկայացնում մեր երկրի բյուջեն: Այս հարցի պատասխանը բավականին ծավալուն փաստաթուղթ է, որ, պաշտոնական տեղեկատվությամբ, նոյեմբերի 1-ին ներկայացվել է խորհրդարան՝ կառավարության հաստատումից հետո: Բյուջեի նախագծում ներկայացված են բոլոր ոլորտների կենսագործունեությանը եւ զարգացմանը հատկացված գումարները՝ պետական գանձարանից: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր բյուջեն մեծ դեֆիցիտ ունի, գաղտնիք չէ նաեւ, որ մենք խուսափելու ենք սեկվեստրից, պարզապես գտնելու ենք ինչ-որ միջոց ու ընդունելի ենք դարձնելու, որ բյուջե-բյուջե մեծական մեր խաղում կանոններ չկան: Բացատրելու ենք, որ տնտեսությունը աճ ունի, բայց բյուջեն չի կատարվում: Բյուջեն չի կատարվում, բայց ոչ ոք մեղավոր չէ եւ չի պատժվելու չվճարված աշխատավարձերի ու կենսաթոշակների, չկառուցված ու չջեռուցվող տների, այլեւայլ չարված գործերի համար: Լավագույն դեպքում՝ մի քանի նախարարներ այլեւս չեն պաշտոնավարի, բայց դա ոչ վատ աշխատանքի համար, այլ՝ միանգամայն քաղաքական նկատառումներով: Եվ նորանշանակ նախարարներից ոչ մեկը ոչինչ չի փոխելու իր ոլորտում: Ամենաօրինաչափը «ինչու՞» հարցն է, որ հռետորական հարցերի դասական շարքում է: Կան հարյուրավոր պատասխաններ, բոլորն էլ իբրեւ սոփեստության դրսեւորում: Իրական պատասխանը համարյա մեկն է՝ իրական վիճակի իրական գնահատական գոյություն չունի, կան ոչ մի տեղից վերցված թվեր, որոնք փայլուն հիմնավորվում են տարատեսակ գործողություններով եւ արդյունքում հայտնվում ենք մի վիճակում, երբ բյուջեն կկատարվի, թե չի կատարվի՝ երկրի համար նշանակություն չունի: Ինչ-որ ձեռնարկություններ կաշխատեն ու եկամուտներ կտան, որոնք պետական գանձարան կմտնեն, թե ոչ՝ կորոշվի պետության կառավարման ստվերային հատվածում: Նախարարներ կփոխվեն (նախկին նախարարներից մեկը, ում վարչապետը լավ աշխատանքի համար անվանական ժամացույցով կպարգեւատրի, նախագահն էլ կնշի, որ աշխատանքից գոհ է, արագ կպաշտոնանկվի, հետո էլ կսպանվի), բայց երկրում պետականորեն չհարկվող տնտեսավարող սուբյեկտները կմնան՝ ակներեւաբար իրենց «հարկերը» պարտաճանաչորեն մուծելով բոլորովին այլ հասցեատիրոջ… Ինչ-որ ձեռնարկություններ չեն աշխատի, ոչ ոք չի էլ փորձի կյանքի կոչել այդ ձեռնարկությունները ու աշխատատեղեր բացել: Զբոսաշրջիկների մակընթացությունը կմնա քրիստոնեության ընդունման 2000-ամյակի տոնակատարությանը, եթե մինչ այդ 1700 տարի պահպանված քրիստոնեությունը աղանդի վերածված չլինի: Արտագաղթը թերթերի մի մասում բարեհաջող կվերածվի շեշտակի ներգաղթի, մյուս մասում նույն ժամանակահատվածում կգնահատվի իբրեւ համատարած մեկնում, որից հետո ոչ ոք չի մնա, որ նույնիսկ «Զվարթնոցի» լույսերը անջատի…8230Մարդահամարը հաստատ կնշի այն թվերը, որ պետք են տարբեր միջազգային ծրագրերի իրականացման կամ չիրականացման համար: 8230Ու կշարունակենք ապրել մի երկրում, որտեղ բոլորն իրար ճանաչում են ու միմյանց մասին ավելին գիտեն, քան իմանալու բան կա, որտեղ կգրվեն, միջազգային փորձաքննության կուղարկվեն ու կհաստատվեն հիանալի ու չգործող օրենքներ, որոնք հետո կլրամշակվեն ու ժամանակի հրամայականով կփոփոխվեն այնքան, որ մայր օրենքից մնա միայն փոփոխված վերնագիրը, կստեղծվեն պետական կառավարման փառահեղ մարմիններ՝ լուծելու սեփական համադասարանցիների, համաթաղեցիների աշխատանքի տեղավորման խնդիրը, եւ երկիրը կշարունակի ապրել իր ինքնահոսի մատնված կյանքով՝ ժողովուրդն իր համար, իշխանությունները՝ իրենց համար: Եթե ինչ-որ կետում հանդիպեն, եվրոպական կառույցներում հաստատված ժողովրդավարական բարեկիրթ նորմերով միմյանց առողջությամբ կհետաքրքրվեն ու կհեռանան՝ առանց պատասխանի սպասելու: Միմյանց գոյությունը օրակարգ չի մտնի նույնիսկ ընտրությունների ժամանակ, որովհետեւ ո՞ւմ համար է գաղտնիք, որ ընտրությունները վաղուց ավարտվել են՝ ով որ հարկն է, ուր որ հարկն է՝ արդեն նշանակված է: Մնացածը… իհարկե տեխնիկայի հարց է: Իսկ բյուջե՞ն: Բյուջեն կընդունվի: Միանշանակ: Բյուջե-բյուջե խաղը ոմանք կշահեն, ոմանք տանուլ կտան, բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է: ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել