Լրահոս
Օրվա լրահոսը

Վարկային ծրագրերը Հայաստանում

Նոյեմբեր 24,2001 00:00

ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ Վարկային ծրագրերը Հայաստանում Հակադարձ Էֆեկտ Սակայն, ըստ տնտեսագետի, մենք դեռ չենք հասել այս վարկային ծրագրի ամենավատ էֆեկտին: Եվ այն, որ մենք գումարները չենք օգտագործել, դեռ քիչ է. «Այստեղ ուրիշ էֆեկտ է լինելու եւ, կարծում եմ, որեւէ մեկը դրա պատասխանը կտա: Լինելու է այն, որ ՀՀ բանկային համակարգը լուրջ, վտանգավոր ճգնաժամի առաջ է կանգնելու, քանի որ այդ գումարները պետք է վճարվեն եւ մարվեն 2003 թ. նոյեմբերի 1-ին: Եվ արդեն իսկ որոշակի խնդիրներ կան: Բիզնես-ծրագրերը ոչ թե մշակվում էին տվյալ ձեռնարկություն զարգացման պահանջներից ելնելով, այլեւ` գումարի չափով: Արդյունքում այդ ծրագրերի մի մասը հիմնավորված եւ արդյունավետ չեն, սխալ են մշակված: Այնինչ, բիզնես-ծրագիր ստեղծելն իր սկզբունքներն ունի: Եվ այն ձեռնարկությունը, որը, համաձայն այդ սկզբունքների, բիզնես-ծրագիր է կազմել, կարող է այդ ծրագրի իրականացմանն անհրաժեշտ գումարների ձեռք բերման համար դիմել 1, 2 բանկի: Իսկ այս դեպքում նախապես սահմանվում է գումարաչափը, ապա նոր այդ գումարաչափին հարմարեցվում է ծրագիրը: Դրա համար էլ այդ ծրագրերի որակը վատն էր եւ 2003 թ. նոյեմբերին այդ գումարների վերադարձման խնդիրներ են լինելու. արձանագրվելու են չվճարումներ եւ դրա հետեւանքով ՀՀ բանկային համակարգում ճգնաժամեր են լինելու»,- համոզված է պարոն Ջրբաշյանը: Քննարկումների ժամանակ առաջարկ է եղել նաեւ, որպեսզի բանկերին հնարավորություն տրվի միավորվելու՝ միասնաբար մեծ ծրագրեր ֆինանսավորելու նպատակով: Այն ժամանակ, սակայն, այդ առաջարկը եւս մերժվել է: Երկու տարի անց տեսնելով, որ առաջընթաց չկա` ԿԲ-ն թույլատրեց, փոխարենն էլ ավելի խստացնելով վարկավորման պայմանները: «ԿԲ-ն պարտադիր պահուստավորման պահանջ մտցրեց եւ ասաց. գիտես ինչ կա, եթե դու 1 դոլար վարկ ես տալիս, 1 դոլար էլ պիտի ԿԲ-ում պահուստավորես: Իսկ դա արդեն բանկերի համար մեծ ծախս էր: Բանկերը, ըստ այդմ, վարկեր տրամադրելու շահագրգռվածություն քիչ ունեին»: Այնուհետեւ, ըստ Տ. Ջրբաշյանի, որոշում կայացվեց ինվեստիցիոն ԾԻԳ ստեղծելու վերաբերյալ, որն ուղղակի, առանց բանկերի միջնորդության, Լինսի հիմնադրամից կտրամադրեր գումարներ: «Այդ դեպքում հարց է ծագում. եթե պատրաստ եք այդպես գումարներ տալ, ապա այն բանկերը, որոնք Լինսի հիմնադրամի վարկային ծրագրերն են իրագործում, ինչու՞ գոնե պարտադիր պահուստավորման տոկոսը չեն իջեցնում, ասենք, 40%-ով: Դա էլ ՀՀ ԿԲ-ն չարեց: Արդյունքում բանկերը հետաքրքրությունը կորցրին: Անգամ կան բանկեր, որոնք ընդհանրապես հրաժարվում էին մասնակցել այդ ծրագրի իրականացմանը կամ վարկային քվոտաները քիչ են օգտագործել: Իսկ դա արդեն լուրջ պրոբլեմ է»,- ասում է Տ. Ջրբաշյանը: Իսկ այսօր Տ. Ջրբաշյանին արդեն ավելի շատ մտահոգում է այն, թե «մենք ոնց ենք այս ամենի տակից դուրս գալու», որն, ըստ նրա, շատ ավելի կարեւոր է: «Թող սա դաս լինի: Մի տեղ, երբ սկսում է ինքն իրենով թույլ պետությունը մասնակցել, իսկ մեր պետությունը այսօր շատ թույլ է, որը չի կարողանում իր քաղաքականությունը կիրառել եւ անընդհատ տարբեր չինովնիկներ փոփոխվելով՝ տարբեր անձերի ազդեցության ոլորտներից կախված՝ տարբեր մոտեցումներ է ունենում, այսպես էլ պիտի լիներ: Իսկ այսօր այս պետությունը փորձում է աշխատել Լինսի հիմնադրամի հետ, որը շատ առեւտրային կառույց է, եւ այդ հարաբերությունները շատ բարդ ու հստակ են: Իսկ մեր պետությունը շատ թույլ է եւ այս պետության մեջ շատ մեծ է ազդեցությունների ոլորտը: Իսկ Լինսի հիմնադրամին նման խնդիրները չեն մտահոգում: Նրանք նայում են ծրագիրը, ասում են՝ էս ի՞նչ ծրագիր են մեզ ուղարկել: Չեն հասկանում, որ այստեղ կարող է այդ ծրագիրը ինչ-որ քաղաքական խմբերի եւ նմանատիպ այլ խնդիրներ լուծելու նպատակ ունենալ: Դրա համար մեր առաջարկի իմաստն այն էր, որ աշխատանքը ոչ թե պետության վրա դրվեր, այլ՝ մասնագիտացված, պարտադիր արտասահմանյան, կոմերցիոն ընկերության, որը զերծ կլիներ այդ բոլոր ներքաղաքական ազդեցություններից եւ կգնահատեր զուտ բիզնես-ծրագիրն ու գումարներ կտրամադրեր դրա իրականացման համար: Եվ նաեւ այն, որ այդ կառույցն ինքն անձամբ կբանակցեր Լինսի հիմնադրամի հետ` առանց ՀՀ կառավարության միջնորդության: Այս առաջարկը եւս չանցավ»,-նկատեց Տ. Ջրբաշյանը: 2001 թ. ձմռանը եւս քննարկումներ են եղել: Տ. Ջրբաշյանն իր ելույթում նշել է այս վարկային ծրագրերի ձախողման մասին, սակայն, վերջինիս խոսքերով, Արտաշես Թումանյանը հակառակն է պնդել, ասելով, թե՝ ամեն ինչ նորմալ է եւ, որ արդեն Հայաստանում ինվեստիցիոն հիմնադրամ են ստեղծում, քանի որ բանկերն այն չեն կարողանում իրականացնել, եւ որ որեւէ ծրագիր չի ֆինանսավորվել: «Սակայն արդեն ուշ է,- ասում է Տ. Ջրբաշյանը,- եւ չի կարելի ասել, թե այսուհետ կֆինանսավորվի: Հայաստանում չկան այնպիսի բիզնեսմեններ, որոնք կարող են խոշոր վարկ վերցնել եւ 2.5 տարվա ընթացքում այդ վարկերը` իրենց տոկոսներով, վերադարձնել»: Լինսի հիմնադրամի վարկային ծրագրերի շրջանակում համագործակցող բանկերը 12-ն են, որոնցից, օրինակ, «Հայէկոնոմբանկը» ներկայումս միջազգային հաստատությունների հետ համագործակցում է վարկային 4 ծրագրերի շրջանակներում, որոնք նախատեսված են փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու համար՝ Լինսի հիմնադրամ, Հայ-Գերմանական հիմնադրամ, Համաշխարհային բանկ եւ Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկ (EBRD): «Հայէկոնոմբանկը» եւս Լինսի հիմնադրամի վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունից վարկ վերցնում է 3 տոկոս դրույքաչափով, իսկ գործարաններին, ձեռնարկություններին տրամադրվող վարկի տոկոսադրույքի չափը, ինչպես եւ մնացած բանկերը, սահմանում է սեփական հայեցողությամբ, սակայն՝ չգերազանցելով 15% դրույքաչափը: Համաձայն մամուլում հրապարակված տեղեկության, «Հայէկոնոմբանկի» միջազգային վարկերի վարչության պետը «Ինչու եւ ինչպես է սահմանվել 15%-ը» հարցին պատասխանել է. «Չի կարելի ասել, թե, որպես կանոն, առավելագույն դրույքաչափն ենք սահմանում: Համակարգը ճկուն է, եւ մեր մոտեցումը պայմանավորվում է ներկայացվող բիզնես-ծրագրի հիմնավորվածությամբ, արդյունավետությամբ եւ հեռանկարով: Կարող է հաճախորդին վարկն առաջարկվել, ասենք, 8%-ով»: Իսկ «Կրեդիտ-Երեւան» բանկի միջազգայ ին վարկերի սպասարկման վարչության մասնագետ Արշտյուշա Աբրահամյանը մեր հարցին այսպես պատասխանեց. «Եթե ուզում ենք, որ ձեռնարկությունը զարգանա եւ եթե գիտենք, որ 15%-ով չի կարող վարկը վերադարձնել, 11-13%-ով ենք տալիս: Ինչքան ուզում ենք, այդքան էլ սահմանում ենք»: Օրինակ, «Հայէկոնոմբանկին» ըստ (ըստ մամուլի) 2000թ. նոյեմբեր ամսվա դրության ընդամենը 7-8 գործարար է դիմել՝ Լինսի հիմնադրամի վարկային ծրագրից վարկ ստանալու համար, իսկ «Կրեդիտ-Երեւան» բանկին, արդեն 2001թ. հոկտեմբեր ամսվա դրությամբ՝ կրկին 7-8: «Կրեդիտ-Երեւան» բանկում, այնուամենայնիվ, չհերքեցին այն, որ կանխիկ գումարը գործարարի ձեռքում հայտնվում է բիզնես-ծրագիրը հաստատելուց 5-6 ամիս հետո միայն: Սակայն այդքան ուշացումներ, ըստ նույն աղբյուրի, հիմնականում լինում էին սկզբնական շրջանում: Այժմ, ըստ Ա. Աբրահամյանի, գումարն ավելի արագ է փոխանցվում. «Գործ կա 20-30 օրում է վարկավորվում, գործ կա՝ ուշ, նայած՝ ինչպես են ծրագիրը մարսում»: «Կրեդիտ-Երեւան» բանկը Լինսի հիմնադրամի «Փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման ծրագրի» շրջանակներում առաջին վարկավորումը կատարել է 20.05.1999 թ., իսկ վերջինը (2001թ. հոկտեմբեր ամսվա դրությամբ)՝ 30.06.2001 թ.: Եվ քանի որ ծրագիրն արդեն մոտենում է ավարտին, ինչպես նշեց «Կրեդիտ-Երեւան» բանկի մասնագետը, այժմ 100000 ԱՄՆ դոլար գումարի չափով ծրագրերն են միայն վարկավորում, եւ բարձր վարկային ծրագրեր չեն իրականացնում, քանի որ վարկառուն մինչեւ 2003 թ. նոյեմբերի 1-ը չի կարողանա բանկին վերադարձնել խոշոր գումարները: Իսկ կարո՞ղ էին արդյոք բանկերն ավելի շահագրգռող պայմաններ առաջարկել Լինսի հիմնադրամի վարկային ծրագրերի համար: Օրինակ, գրավադրման ավելի ցածր գումարաչափ, քանի որ բանկերի կողմից սահմանված գումարաչափը վերցրած վարկաչափից գրեթե երկու անգամ ավելի է: Պարզվում է՝ ոչ, քանի որ բանկերը 100% ռիսկայնության են ենթակա եւ վարկային ծրագրի ժամկետը լրանալուց հետո, պետք է վերադարձնեն ե՛ւ գումարաչափը, ե՛ւ ՀՀ կառավարության երեք տոկոսները: Թեկուզ սեփական միջոցներից: Մի զարկով՝ երկու նապաստակ Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Լինսի հիմնադրամի վարկային միջոցների իրագործման համար ընտրված մեխանիզմի պատճառով, լայն իմաստով, կասկածի տակ է դրվել այդ ծրագրերի իրականացումն ընդհանրապես: Եթե տեղական բանկերի միջոցով, վարկերը տեղաբաշխելու ճանապարհով, այս ծրագրի իրականացման պատասխանատուներն իսկապես ցանկանում էին զարգացնել նաեւ Հայաստանի բանկային համակարգը, ապա` առնվազն պետք է լրջորեն փոփոխվեր ՀՀ բանկային օրենսդրությունը, որպեսզի բանկերը կարողանային ազատորեն՝ առանց սահմանափակումների, իրականացնել վարկային ծրագիրը: Լինսի հիմնադրամի միջոցով ՀՀ բանկային համակարգը զարգացնելու գաղափարը նման է մի զարկով երկու նապաստակ խփելուն, քանի որ տվյալ դեպքում այդ հիմնադրամի ձեւավորման նպատակը փոքր եւ միջին բիզնեսի զարգացումն է: Փաստորեն, դրանից ածանցելով նաեւ բանկային համակարգի զարգացման մոտեցումը, վտանգվել է ամբողջ ծրագրի իրականացումը: Ակնհայտ է, որ որեւէ միջազգային հեղինականություն ունեցող կազմակերպության այդ ծրագրի իրագործումը վստահելով՝ մի քանի անգամ ավելի արդյունավետ կօգտագործվեին վարկային միջոցները: Բացի այդ, վստահաբար կարելի է ասել, որ որեւէ խոշոր համաշխարհային բանկ կամ հիմնադրամ Հայաստան գալով չէր սահմանափակվի միայն Լինսի հիմնադրամի վարկային ծրագրերի իրականացմամբ, եւ եթե նրա համար տեսանելի լիներ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման անհրաժեշտությունը կամ պահանջարկը, ապա այն Հայաստանում կիրագործեր նաեւ սեփական ծրագրեր: Այլ կերպ ասած, բացի Լինսի հիմնադրամի միջոցներից լրացուցիչ ներդրումներ կկատարեր Հայաստանի տնտեսության համար: Այսինքն` չընտրելով այս տարբերակը, ոչ միայն չի ապահովվել Լինսի հիմնադրամի ծրագրերի իրագործման արդյունավետությունը, այլեւ` Հայաստանը կորցրել է բավական խոշոր լրացուցիչ ներդրումներ ստանալու հնարավորությունը: Բնականաբար, դա գիտակցել են նաեւ Լինսի հիմնադրամով զբաղվող պետական պատասխանատուները, ընդհուպ մինչեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն ինչպես հայտնի է, անձամբ է վերահսկում Լինսի հիմնադրամի աշխատանքները: Կարելի է ենթադրել սակայն, որ այդ դեպքում պետական պաշտոնյաների մի զգալի հատված կզրկվեր բավական մեծ ստվերային միջոցներ տնօրինելու հնարավորությունից, քանի որ հասկանալի է, որ որեւէ միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպություն ստվերային գործարքների մեջ չէր մտնի Հայաստանի համապատասխան պաշտոնյաների հետ: Այդ դեպքում, չէին ստեղծվի ինչ-որ անիմաստ, միջանկյալ դերակատարություն ունեցող պետական հանձնաժողովներ, ԾԻԳ-եր, որոնք այս կամ այն կերպ խոչընդոտում են ծրագրերի իրականացման օպերատիվությունը եւ հրապարակայնությունը: Արդյունքում՝ պոտենցիալ վարկառուն ստիպված չի լինի անցնել բանկ – ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ենթակայության տակ գտնվող Լինսի հիմնադրամի հանձնաժողով (որը գլխավորում է նախարար Կարեն Ճշմարիտյանը), Հայաստանում Լինսի հիմնադրամի վարկային ծրագրերի համապատասխան ԾԻԳ-Լինսի հիմնադրամի Վաշինգթոնի գրասենյակ երկար ճանապարհը, այլ՝ գործ կունենար միայն այդ «օպերատոր» բանկի հետ, որն ամբողջությամբ կհամակարգեր ծրագրերի հետ կապված աշխատանքները: Իսկ Լինսի հիմնադրամի ծրագրերի իրականացումը «վստահելով» տեղական բանկերին Հայաստանի ղեկավարությունը՝ ի դեմս ՀՀ ԿԲ-ի, գրեթե ամբողջությամբ վերահսկում է ողջ այդ գործընթացը: Բնականաբար, դա ենթադրում է նաեւ որոշակի կամայականությունների դրսեւորում այս կամ այն ծրագրի հաստատման, ֆինանսավորման եւ իրականացման հարցերում: Մի խոսքով, բավական կարճ եւ լայն հեռանկարներ խոստացող մեխանիզմի փոխարեն հայկական կողմը ընտրել է նշված «բյուրոկրատական» մեխանիզմը: Թերեւս դա է հիմնական պատճառը, որ մինչ օրս Լինսի հիմնադրամի վարկային ծրագրերը տեսանելի արդյունք չեն տվել Հայաստանի տնտեսության մեջ: Ի վերջո, նաեւ այդ է պատճառը, որ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագրին անցած երեք տարիների ընթացքում դիմել է ընդամենը մեկ-երկու տասնյակ գործարար կամ ձեռնարկություն, այն դեպքում, երբ պաշտոնական տվյալներով Հայաստանում դրանց թիվը կազմում է մի քանի տասնյակ հազար: Ահա թե ինչու է Ա. Թումանյանը մտավախություն հայտնում, որ «պարզերես» դուրս գալու փոխարեն՝ այս պատմությունից կարող է սեւերես դուրս գանք: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ Հետաքննող լրագրողների ընկերակցությունhome.media.am/hetq Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել