ԵՎ ՆՈՐԻՑ՝ ՄԱՄՈՒԼԻ «ՊԵՐՃԱՆՔՆ» ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ Թերթերի իրական տպաքանակների եւ «Հայմամուլի» հատավաճառից վերադարձի տվյալները վերջին անգամ ներկայացրել էինք շուրջ 1,5 տարի առաջ։ Հետաքրքիր էր համեմատել՝ արդյոք այս ընթացքում փոխվե՞լ է պատկերը։ Ամեն անգամ, երբ մենք հրապարակում ենք այդ տվյալները, առանձին թերթեր, որոնք ցանկանում են երեւալ ավելին, քան կան իրականում՝ աղմուկ են բարձրացնում, թե բացահայտվել են իրենց կոմերցիոն գաղտնիքները։ Նշենք, որ տպաքանակը չի կարող գաղտնիք լինել, քանզի «Մամուլի մասին» օրենքի համաձայն՝ լրատվամիջոցը պարտավոր է հրապարակել այն։ Ուստի, տպաքանակի կեղծումն էլ կարող է դիտվել օրինախախտում։ Բացի այդ, ի՞նչ բարոյական իրավունքով են թերթերն, ուրեմն, քննադատում պետական մարմիններին «ուռած», «փչած» թվեր ներկայացնելու համար, եթե իրենք էլ են գովազդատուներին գայթակղելու համար դիմում նույն մեթոդին։ Այսուհանդերձ, առանձին թերթերի բողոքներն անդրադարձ ունեցել էին այն իմաստով, որ ե՛ւ տպարանների, ե՛ւ «Հայմամուլի» ղեկավարությունը հրաժարվում էին տրամադրել մեզ հետաքրքրող տեղեկատվությունը։ Ուստի, ստիպված էինք տվյալները հայթայթել զարտուղի ճանապարհներով։ Այս անգամ մեր ցանկից դուրս ենք թողել այն թերթերը, որոնք վերադարձի պատկառելի տոկոսների պայմաններում բավական փոքր տպաքանակ ունեն։ Ուստի, չենք անդրադառնալու, ասենք, «Հայաստան» թերթին, որն ինչպես եւ 1999-ի դեկտեմբերին, այս տարվա հոկտեմբերին լույս է տեսել 1000 օրինակ իրական տպաքանակով, կամ «Պրավդա Արմենիին», որ իրական տպաքանակն անցած ամիս 700 էր։ Համեմատաբար ավելի մեծ տպաքանակ ունեցող թերթերի մեջ «Հայմամուլի» իրականացրած հատավաճառից վերադարձի առումով «առաջատարը» «Երկիրն» է, որի իրական 1500-2000 տպաքանակից (թերթում նշվում է 2500 թիվը) 60%-ն անցած ամիս վերադարձ էր ձեւակերպվել։ Անցած տարվա ապրիլին «Երկիրի» իրական տպաքանակը 2500 էր, իսկ ազատ վաճառքից վերադարձը՝ 62,4%։ Երկրորդ տեղում «Ժամանակն» է՝ 58% վերադարձով։ Մինչդեռ անգամ թերթի հայտարարած տպաքանակն է բավական փոքր՝ 1500։ 2000-ի մայիսին թերթի վերադարձը 74,7% էր, ուստի փոքր-ինչ բարելավում կա վաճառքի առումով։ Երրորդ տեղում «Հայաստանի կոմունիստն» է, որի իրական տպաքանակը հոկտեմբերին 2000 էր (անցած տարվա ապրիլին՝ 7 հազար)։ Փոխարենը, եթե 2000-ի մայիսին թերթի վերադարձը 78,9% էր, այժմ ընդամենը 55% է։ Հաջորդը «Հայոց աշխարհն» է 48% վերադարձով, 2400-2500 իրական միջին տպաքանակով (թերթում հայտարարվում է 3500 թիվը)։ Անցած տարվա գարնանն այդ թերթի իրական տպաքանակը նույնքան էր, բայց վերադարձն ավելի քիչ՝ 27%։ «Հայաստանի Հանրապետության» մասին պետք է նշել, որ թերթերի մեջ ամենաազնիվներից է՝ իրական տպաքանակը շուրջ 3800 է, հայտարարվում է 4000։ Ընդամենը 200-ով հավելագրումը չնչին բան է, եթե հաշվի առնենք, որ այլ թերթեր իրենց տպաքանակն ուռճացնում են 1000-ով։ Սակայն հատավաճառից «ՀՀ»-ի վերադարձն է մեծ՝ 45%։ Մինչդեռ անցած տարվա գարնանը 4100 օրինակ իրական տպաքանակից չէր վաճառվում միայն 14,3%-ը։ «Ազգի» իրական տպաքանակը պակասել է՝ 2000-ի ապրիլին այն 2300 էր, իսկ այժմ 1800-1900 է (թերթում հոկտեմբերին տպաքանակը նշվել է 3000)։ Ընդսմին, «Հայմամուլի» հատավաճառից վերադարձն ավելացել է՝ անցած ամիս 38% էր, իսկ անցած տարվա մայիսին՝ 45,2%։ «Հայկական ժամանակի» վերադարձը անցած տարվա 37,5%-ից զգալիորեն պակասել է եւ այժմ 27% է։ Թերթի հայտարարված տպաքանակը 3000 է։ Հաջորդը «Առավոտն» է, որն օրաթերթերի մեջ ամենամեծ իրական տպաքանակն ունի՝ 4400 (անցած տարվա ապրիլին՝ 4000), սակայն թերթում նշվում է 5000 թիվը։ Մենք կարող էինք չբացահայտել ազատ վաճառքից մեր թերթի վերադարձի տոկոսը, քանի որ «Հայմամուլի» հետ կնքված անվերադարձ սպառման պայմանագիրը մնում է ուժի մեջ։ Սակայն «կոմերցիոն գաղտնիքների» մասին ճառել սիրողներին օրինակ ծառայելով՝ նշում ենք ներքին վերադարձի թիվը՝ 22%։ «Իրավունքի» հայտարարված տպաքանակը 15 հազար է, իսկ իրականը հոկտեմբերին կազմել է շուրջ 12 հազար։ Թերթի «Հարց ու պատասխան» հավելվածում նշվում է 9 հազար թիվը՝ իրական շուրջ 6500-ի փոխարեն։ Եթե սրանց էլ գումարենք թերթի «Հետաքննություն» (իրական տպաքանակը՝ 4500) եւ «Զարուհի» (2800) հավելվածները՝ ուղղակի ռեկորդային կարելի է համարել հատավաճառից «Իրավունքի» 21% վերադարձը։ Այս թերթը հաջող էր սպառվել նաեւ անցած տարվա գարնանը՝ 13650 իրական տպաքանակից ընդամենը 19,1%-ն էր մնացել կրպակներում։ «Նովոյե վրեմյայի» վերադարձը թեեւ ավելի քիչ է՝ ընդամենը 20%, բայց իրական տպաքանակն էլ է փոքր՝ շուրջ 2500։ Մինչդեռ թերթում նշվում է դրա կրկնապատիկը՝ 5000 օրինակ։ Անցած տարեսկզբին «ՆՎ»-ն լույս էր տեսնում շուրջ 2100 օրինակով եւ հատավաճառում չէր սպառվում 26,5%-ը։ Մինչդեռ «Գոլոս Արմենիին», որ էլի ազնիվ թերթերից է (հայտարարված է 3500, իսկ իրականի միջինը՝ 3355 է), ազատ վաճառքից վերադարձ ունի ընդամենը 18%։ Անցած տարի իրական 2500 տպաքանակի պայմաններում թերթը չէր վաճառվում ընդամենը 13,2%-ով։ Հատավաճառից վերադարձի ամենափոքր տոկոսը «Չորրորդ իշխանությանն» է՝ 15%։ Սակայն ո՛չ այս թերթը, ո՛չ էլ «Ռեսպուբլիկա Արմենիան» իրենց տպաքանակի վերաբերյալ տվյալներ չեն նշում իրենց համարներում։ Ամփոփենք։ 1,5 տարվա ընթացքում հայաստանյան մամուլի պատկերն առանձնապես չի փոխվել՝ իրական տպաքանակների եւ սպառման իմաստով։ Կարող ենք արձանագրել, որ գործ ունենք հարաբերականորեն հաստատուն մեծությունների հետ։ Բավարար հիմքեր կան նաեւ եզրակացնելու, որ ընդդիմադիր ուղղվածության եւ իրենց էջերում բազմակարծությունը պահպանող լրատվամիջոցներն ավելի լավ են սպառվում, քան իշխանամետ թերթերը։ Ինչպես միշտ, այս անգամ էլ շեշտենք, որ «Հայփոստի», «Կոնտակտի» եւ մամուլի տարածման այլ միջոցների շնորհիվ՝ թերթերի տպաքանակների իրացման վերադարձը նվազում է ամբողջական 10-20%-ով։ Սակայն լրատվամիջոցների պատկերը մնում է նույնքան տխուր՝ իրապես զանգվածային լինելու իմաստով։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ