Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ է գումարել՝ քննարկելու համար Կիպրոսի հարցը:

Նոյեմբեր 24,2001 00:00

Թուրքիան սպառնում է անեքսիայով Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ է գումարել՝ քննարկելու համար Կիպրոսի հարցը: Թուրքիայի խորհրդարանը փակ նիստեր հազվադեպ է գումարում, հետեւաբար, փաստն ինքնին ուշագրավ է: Նիստին որոշակի դրամատիզմ է հաղորդել եւ այն, որ, ինչպես հաղորդվել է, հնչող ելույթները եւ, ընդհանրապես, 23-ի նիստի արձանագրությունը համարվելու են պետական գաղտնիք, եւ հանրությանը որեւէ կերպ մատչելի կարող են դառնալ միայն 10 տարի հետո: Ինչո՞վ է բացատրվում նման խորհրդավորությունը: Այս ամռանը Զալցբուրգում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում կիպրական թուրքերի առաջնորդ Ռաուֆ Դաքթաշը դեռ շարունակում էր մերժել կղզու հունական հատվածի հետ մերձենալու առաջարկները: Մերժում էր կտրականապես: Հույներն էլ, իրենց հերթին Կիպրոսում կամ Աթենքում անվրդով սպասում էին՝ մինչեւ թուրքերը կվերանայեն իրենց դիրքորոշումը: Ընդսմին, հույներն այնքան նպաստավոր դիրքում են, որ ոչ միայն կարող են անվրդով սպասել, այլեւ նույնիսկ անթաքույց ամբարտավանություն ցուցադրել: Կիպրոսը այն հինգ երկրների թվում է, որոնք 2004-ին Եվրոմիությանն անդամակցելու հավակնորդներ են: Ինչպես հայտնի է, Եվրոմիության առաջիկա ընդլայնումը կատարվելու է ի հաշիվ Լեհաստանի, Սլովենիայի, Չեխիայի, Կիպրոսի եւ Էստոնիայի: Եթե նկատենք, որ կիպրոսցի թուրքերի ինքնահռչակ հանրապետությունը ճանաչել են ընդամենը Անկարան ու Իսլամաբադը, ապա միանշանակ է, որ Եվրոմիություն ընդունվելիս Կիպրոսի Հանրապետության տարածք է համարվելու ամբողջ կղզին՝ անտեսելով թե՛ դեմարկացիոն գիծը, թե՛ Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը: Այլ կերպ ասած, հույն-թուրքական մի քանի տասնամյակների առճակատման հիմնական պատճառը եւ տարաձայնությունը ինքնահոսով լուծվում է հօգուտ Հունաստանի: Թուրքերի ողբերգությունն էլ այն է, որ ընդդիմանալ այդ ընթացքին իրենք, գրեթե, անզոր են: Աթենքն արել է ծանրակշիռ նախազգուշացում՝ եթե Կիպրոսը չլինի հավակնորդների թվում, ապա Հունաստանի կողմից վետո կդրվի նաեւ մյուս չորս երկրների՝ Եվրոմիությանը անդամակցելու որոշումների վրա: Հետեւաբար, Եվրոմիությունը չի կարող Թուրքիային սին հույս տալ, թե տարաձայնությունների կծիկի երկյուղից բարվոք կհամարվի Կիպրոսի հարցը հետաձգել: Եթե Կիպրոսի՝ Եվրոմիությանը անդամակցելու հարցը անհնար է ձգձգել, իսկ անդամակցությունն էլ Հունաստանի լիակատար հաղթանակն է նշանավորելու, ապա Թուրքիային մնացել է իրոք սպառնալիքներ տեղալն ու փրփուրներից կառչելը: Մասնավորապես թուրքերը թե՛ զինվորական, թե՛ դիվանագիտական ատյաններից սպառնում են անեքսիայի ենթարկել, նույնն է թե Թուրքիային բռնակցել Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության տարածքը: Բայց դա ուղղակի բումերանգի հետեւանք կունենա: Որովհետեւ այդ կերպ Թուրքիան ուղղափառ խաչ կդնի երբեւէ Եվրոմիությանն անդամակցելու իր սեփական հեռանկարի վրա: Ահա այս փակուղիներում հայտնված Անկարան խորհրդարանի նիստ է գումարում՝ իր կացությունը եւ հնարավոր քայլերը քննարկելու համար: Մանավանդ, առանձնապես շռայլելու ժամանակ էլ չկա: Կիպրական թուրքերի առաջնորդ Ռաուֆ Դաքթաշը այլ ելք չգտնելով՝ համաձայնել է առաջիկա շաբաթ հանդիպել կղզու հունական հատվածի ղեկավարության հետ, որ միջազգայնորեն ճանաչված միակ իշխանությունն է Կիպրոսում: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել