Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի

Նոյեմբեր 24,2001 00:00

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԱՄՆ ՄԵՐՁԵՑՈՒՄ Պուտինի ԱՄՆ կատարած այցը ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Եվրոպայում գնահատվեց բավական բարձր՝ որպես կարեւորագույն, «բեկումնային», «սառը պատերազմի վերջնական ավարտ եւ նոր միջազգային հարաբերությունների սկիզբ»։ Այդ չորս օր տեւող այցն իր հագեցվածությամբ, կազմակերպվածության բարձր մակարդակով եւ երկու նախագահների ընկերությանը ձգտելու անկեղծությամբ՝ իսկապես արժանի էր այդ ձեւակերպումներին։ Ամերիկան վաղուց ոչ մեկի այդպես չէր ընդունել, իսկ ամենակարեւորը՝ Պուտինը դուր եկավ ԱՄՆ-ի թերահավատ հասարակությանը, նրան «ընդունեցին» եւ հավատացին։ Սակայն դա այցի միայն արտաքին եւ զգացմունքային կողմերն են։ Ինչ վերաբերում է բանակցությունների բովանդակությանը, ապա լրատվությունը զարմանալիորեն քիչ էր՝ բացի բազմիցս կրկնվող հիմնական նույն թեզերից։ Մենք կարող ենք միայն ենթադրություններ անել, եզրակացության հանգել, ելնելով որոշ դետալներից եւ սպասել, թե կիրականա՞ն արդյոք այդ ենթադրությունները մոտակա ամիսներին։ Ռուսաստանը վաղուց էր ուզում ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ ունենալ։ Տնտեսության զարգացման համար անհրաժեշտ են նեդրումներ, Զեկսոն-Վենիգի չարաբաստիկ բանաձեւի վերացում, Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցում եւ այլն։ Սեպտեմբերի 11-ից հետո Ամերիկան էլ խորապես գիտակցեց, որ իր համար ավելի ձեռնտու է Ռուսաստանի հետ մերձեցումը, քան հակադրվելը։ Ռուսաստանն ԱՄՆ-ին ապահովեց Աֆղանստանում ռազմական գործողություններ վարելու համար անգնահատելի տեղեկատվությամբ, Բուշը ուղղակիորեն խոստովանեց, որ ստացել է Պուտինից կարեւորագույն եւ օգտակար խորհուրդներ։ Կարող ենք ասել ավելին՝ եթե սկզբից ԱՄՆ-ն փորձում էր գործել, համենայնդեպս, իր հայեցողությամբ, ապա այսօր իրավիճակը ստիպեց ոչ միայն ունկնդրել, այլեւ հետեւել ռուսական խորհուրդներին (ինչը, մեր համոզմամբ, նպաստեց վերջին հաջողություններին)։ Թվում է, թե հենց Ռուսաստանն է որոշում գործողությունների ընթացքը, չնայած նրան, որ անմիջականորեն չի մասնակցում ռազմական գործողություններին։ ԱՄՆ-ում ակնհայտ դարձավ, որ, օրինակ, Քաբուլի գրավումը ռուսական կողմի որոշումն էր, որի հետ ստիպված էին համաձայնել ամերիկացիները։ Միաժամանակ ունենալով այսօր ամբողջ իշխանությունը՝ Հյուսիսային ալյանսը համաձայնում է կազմել հիրավի կոալիցիոն կառավարություն՝ իհարկե առանց թալիբների։ Ակնհայտ է, որ դա էլ Պուտինի եւ Բուշի պայմանավորվածությունների արդյունքն է, ինչպես նաեւ խաղաղարար ուժերի տեղակայումը։ Պետք է համաձայնել Ռուսաստանի պաշտպանության նախարար Իվանովի հետ, որ այս հարցում անհրաժեշտ է ամենայն զգուշություն՝ «երկրորդ Վիետնամից» խուսափելու համար։ Պուտինը ԱՄՆ-ում ցանկություն հայտնեց, որ Արեւմուտքի հետ հակաահաբեկչական պայքարում ձեռք բերած մերձեցումը լինի կայուն եւ չմնա որպես կարճաժամկետ էպիզոդ։ Թվում է, որ Պուտինի ցանկությունը բավարարված կլինի, քանզի հակաահաբեկչական գործողությունները կշարունակվեն դեռ երկար ժամանակ։ Մեծ պատերազմում պարտվելուց հետո թալիբները կդիմեն պարտիզանական գործողությունների։ Չմոռանանք նաեւ այլ երկրներում ահաբեկչական օջախների վերացման անհրաժեշտության մասին։ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մերձեցումը զգացմունքայինից կդառնա, իհարկե, ավելի զգուշավոր եւ պրագմատիկ, սակայն դատապարտված է երկարաժամկետ լինելու։ Բանակցող կողմերը համաձայնության չեկան «ամենակարեւոր»՝ հակահրթիռային պաշտպանության հարցի շուրջ, չնայած նրան, որ Բուշը հանդիպումից առաջ հույս էր հայտնում, որ ռուսները կգնան զիջումների ի պատասխան իր ռազմավարական սպառազինությունների կտրուկ կրճատման առաջարկի։ Անհաջողությունը կողմերին, կարծես, առանձնապես չվրդովեցրեց։ Թվում է, բանակցողներն իսկույն հասկացան, որ այդ խնդրում կողմերից մեկի զիջումը կհարվածի ազգային շահերին եւ կարող է բերել ղեկավարի հեղինակության կտրուկ անկման՝ սեփական ժողովրդի աչքում։ Ուստի, պետք է շարունակել քրտնաջան աշխատանքը իրական փոխզիջումային տարբերակ գտնելու նպատակով։ Տրամաբանական է եւ իմաստուն։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել