Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ԱԹՈՌԻ, ԸՆԴԴԵՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ

Նոյեմբեր 24,2001 00:00

ՀԱՆՈՒՆ ԱԹՈՌԻ, ԸՆԴԴԵՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ Նոյեմբերի 22-ին ոչ հայրենի՝ Երեւանի ճարտարագիտական համալսարանում, բուհերի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Հայրիկյանի «թագավոր» Ռոբերտ Քոչարյանի ասածներին կրկին չէինք անդրադառնա, եթե չլիներ հետեւյալ ուշագրավ հայտարարությունը կամ, ավելի ճիշտ, խոստովանությունը. «Չե՞ք գտնում, որ ձեր կադրային քաղաքականությունը լուրջ փոփոխությունների կարիք ունի», որին Ռ. Քոչարյանը պատասխանեց հետեւյալ կերպ. «Հայաստանում այն համակարգված չէ եւ սիստեմ չունի։ Սովորաբար, երբ կադրային քաղաքականության մասին հարց են տալիս, նկատի ունեն նախարարի նշանակումը, բայց կխնդրեի դրանք տարբերել միմյանցից։ Նախարարի նշանակումը քաղաքական է։ Եվ հեչ պարտադիր չէ, որ նշանակված նախարարը լինի տվյալ բնագավառի ամենափայլուն մասնագետը կամ ամենաարհեստավարժը։ Շատ դեպքերում, այո, նախագահը ստիպված է լինում՝ հաշվի առնելով ԱԺ կառուցվածքը, քաղաքական իրավիճակը, նախագահը ստիպված է լինում որոշ նշանակումներ անել, որոնք միգուցե պոպուլյար չեն լինում, որոնք միգուցե ինքը գիտակցում է, որ հետագայում պիտի ուղղվի եւ ուղղում է՝ աստիճանաբար… Նախարարի աշխատանքի համար պատասխանատվությունը միայն նախագահինը չէ՝ այլ ավելի շատ այն կուսակցությանը, որը ներկայացնում է այդ նախարարին»։ Սա Ռ. Քոչարյանի 2001 թ. նոյեմբերի 22-ին արած ամենաանկեղծ ու ամենաշռնդալից հայտարարություններից մեկն է։ Սակայն միշտ եւ բոլորի հիշողություններից չէ, որ ջնջվում են նույն Քոչարյանի տարիներ առաջ նույն կադրային, կամ ինչպես ինքն է առանձնացնում՝ քաղաքական նշանակումների վերաբերյալ արած հայտարարությունները, որոնք միմյանց խիստ հակասում են։ Մեջբերենք 1998 թ. փետրվարի 4-ին դեռեւս վարչապետ Ռ. Քոչարյանի ասուլիսից մի հատված։ Հիշեցնենք, որ հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը եղել է 1998 թ. փետրվարի 3-ին։ «Կառավարությունը պետք է լինի ապաքաղաքական։ Նախարարությունը պետք է աշխատի պետության եւ ոչ թե կուսակցության համար»։ Ստացվում է. կա՛մ պետության մասին Ռ. Քոչարյանի «խիստ» առաջադիմական համոզմունքներն են փոխվել, կա՛մ կուսակցությունների հետ առուծախի մեխանիզմը գերակայել է պետության մասին ունեցած նրա պատկերացումներին, ինչը խոսում է նրա անսկզբունքայնության մասին։ Լ. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել