Լրահոս
Օրվա լրահոսը

«ՁԵԶ ՁՅՈՒՆ ՈՒ ՑՈՒՐՏ ԵՄ ԲԵՐԵԼ»

Նոյեմբեր 24,2001 00:00

«ՁԵԶ ՁՅՈՒՆ ՈՒ ՑՈՒՐՏ ԵՄ ԲԵՐԵԼ» ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայության ղեկավար Ջոն Բալյանը լրագրողներին խորհուրդ էր տվել՝ նորանշանակ դեսպանին հայտնի 907 բանաձեւի եւ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քաղաքականացված հարցեր չտալ։ Սակայն Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջոն Օրդվեյը ինքը սկսեց խոսել «արգելված» թեմաներից՝ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններից՝ տարածաշրջանային կայունության համար ամենահզոր սպառնալիքը համարելով Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի համար, որի լուծման «միակ հասանելի տարբերակը երկուստեք ընդունելի բանակցությունների գործընթացն է՝ առանց ռազմական ուժի կիրառման»։ Իսկ այն հարցին, թե դիտո՞ւմ է արդյոք Ղարաբաղը որպես հակամարտության կողմ, դեսպանը զգուշավորությամբ պատասխանեց. «Ես ղարաբաղյան հարցի գծով իրավաբան չեմ, դրա համար ունենք փորձառու բանագնաց»։ Ջոն Օրդվեյը նշեց նաեւ, որ ԱՄՆ-ը Հայաստանի՝ իր ռազմական գործընկերների հետ փորձում է գնահատել երկու երկրների կարողություններն ու հնարավորությունները՝ հետագայում բազմակողմանի համագործակցության նպատակով, որը «ոչ մի դեպքում չպետք է աղճատի տարածաշրջանի անվտանգությունը»։ Նա կարեւորեց նաեւ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի մերձեցման նշանակությունը Հայաստանի հաղորդակցության ուղիները բացելու առումով, ինչը Հայաստանին հնարավորություն կտա «ավելի հեշտ ապրել, երբ հարեւանների մասին մտահոգվելու առիթ չի ունենա»։ Դեսպանի կարծիքով, Հայաստանի որդեգրած կոմպլեմենտար քաղաքականությունը չի խանգարում երկրի՝ միաժամանակ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելուն։ Նա նույն կարծիքը հայտնեց նաեւ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի մերձեցման վերաբերյալ, որը «չի կարող ուղիղ համեմատական կապ ունենալ Հայաստանի հետ՝ ԱՄՆ-ի հարաբերությունների սերտացման կամ հակառակ պարագայում»։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Օրդվեյը ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի ղեկավարից լսած, իր կարծիքով, հետաքրքիր միտք էլ հայտնեց այն մասին, թե Կալիֆոռնիայում եւ Լոս Անջելեսում անգլերենից ու իսպաներենից հետո ամենագործածականը հայերենն է։ Նա նաեւ նկատեց, որ իր գալուստը Հայաստան «նշանավորվել է» ձյունով եւ ցրտով։ Հուսով ենք, որ սա հակառակ համեմատական կլինի Հայաստանում նրա դիվանագիտական գործունեության արդյունքներին։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել