Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական

Նոյեմբեր 24,2001 00:00

«ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՆ ՑԱՎԱԳԻՆ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ» Եվրոպական միության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի բացառիկ հարցազրույցը – Ինչո՞վ է պայմանավորված Հարավային Կովկասի երկրների հետ Եվրամիության հարաբերությունների ակտիվացումը: 172 Եվրամիությունը /ԵՄ/ միշտ հետեւողականորեն աջակցել է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ բարեկեցության հաստատմանն ուղղված ջանքերին: Փոփոխությունն այն է , որ այդ նպատակներին հասնելու համար ԵՄ-ն այսօր ցանկանում է տարածաշրջանում ավելի ակտիվ քաղաքական դեր խաղալ: Այդ փոփոխությունը նաեւ ԵՄ-ի ավելի արդյունավետ եւ հստակ արտաքին քաղաքականության հետեւանքն է: Մեզ նաեւ մտահոգում է այն հանգամանքը, որ «սառեցված հակամարտությունները» արգելակում են տարածաշրջանի զարգացումը: 172 Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ընթացող բարեփոխումների ընթացքը: 172 Որոշակի առաջընթաց ձեռք բերված է, սակայն առջեւում դեռ շատ անելիքներ կան: Սեփականաշնորհման շարունակումը, կոռուպցիայի դեմ պայքարը եւ վարչական արգելքների վերացումը կնպաստեն ավելի բարենպաստ գործարար մթնոլորտի ստեղծմանը, ինչը, իր հերթին, կբերի ներդրումների եւ առեւտրի խրախուսմանը: Ինչ վերաբերում է քաղաքական ուղղությանը, ես չափազանց գոհ եմ այն առաջընթացից, որ գրանցվել է մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում: Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին՝ արձանագրեց այդ առաջընթացի ճանաչումը: 172 Տեսնո՞ւմ եք արդյոք մոտ ապագայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներ: Չնայած միջնորդների ջանքերին, խաղաղ գործընթացը ցանկալի արդյունքներ չի բերում: Կարո՞ղ է ԵՄ-ն նպաստել այդ գործընթացի ակտիվացմանը: 172 Եվրամիությունը լիապես սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին: Ինչպես եւ շատերը, մենք մեծ հույսեր ունեինք, որ այս ամռանը խաղաղ համաձայնագիրը կկնքվի: Ցավում եմ, որ կողմերը մինչ օրս չեն հասել համաձայնության: Եվրամիությունը հետագայում եւս կգործադրի բոլոր ջանքերը՝ կողմերի միջեւ վստահության ամրապնդման եւ նրանց բանակցություններին աջակցելու համար: Սակայն համաձայնագրի ձեռքբերումը կախված է բացառապես հակամարտող կողմերից: Խաղաղությունը մեծ «մրցանակ» կլինի ողջ տարածաշրջանի համար, բայց դրա ձեռքբերումը համարձակություն է պահանջում ղեկավարներից՝ ցավագին փոխզիջումների գնալու հարցում: Անհրաժեշտ է նաեւ բնակչության պատրաստակամությունը այդ փոխզիջումները ընդունելու համար: 172 Չնայած Երեւանի բազմաթիվ առաջարկություններին, Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունից: Ինչպիսի՞ն է ԵՄ-ի դիրքորոշումը այս հարցում: 172 Իմ կարծիքով, արդյունավետ տարածաշրջանային համագործակցությունը արժեքավոր լրացում կդառնա վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Հաշվի առնելով դա, ԵՄ-ն ջանում է, որպեսզի իր կողմից հովանավորվող նախագծերը ունենան առավել տարածաշրջանային բնույթ: 172Վերջին շրջանում Ադրբեջանի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Հեյդար Ալիեւը, հայտարարում են, որ խաղաղ բանակցություններում առաջընթացի բացակայության դեպքում նրանք պատրաստ են վերսկսել ռազմական գործողությունները: Ինչպե՞ս է վերաբերում ԵՄ-ի ղեկավարությունը նման հայտարարություններին: 172 Ես անմիջականորեն հետեւել եմ հակամարտություններին՝ աշխարհի տարբեր մասերում: Լուրջ հակամարտությունների կարգավորման գործընթացը հազվադեպ է ընթանում սահուն՝ առանց ընդհատումների եւ անկումների: Նման պարագայում պետք է խուսափել երկխոսությունը դադարեցնելու գայթակղությունից: 172 ՀՀ նախագահը երկու տարի առաջ առաջարկել էր ստեղծել տարածաշրջանային անվտանգության համակարգ՝ Հարավային Կովկասի երեք պետությունների, Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի մասնակցությամբ: Որքանո՞վ է կենսունակ այդ գաղափարը: 172 Ձեր կողմից նշված բոլոր երկրները պետք է իրենց դերն ունենան տարածաշրջանում երկարատեւ անվտանգության եւ կայունության հաստատման գործում: Մենք մշտապես խոսում ենք տարածաշրջանի ներսում ավելի սերտ համագործակցության անհրաժեշտության մասին, սակայն դրսի գործընկերները նույնպես պետք է աշխատեն այդ նպատակներին աջակցելու ուղղությամբ: Կարեւոր է գիտակցել, որ անվտանգությունը Հարավային Կովկասում մեկուսացված խնդիր չէ: Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ցույց տվեցին, որ անվտանգության ոլորտում փոխգործակցության անհրաժեշտությունը դուրս է գալիս տարածաշրջանային համագործակցության շրջանակներից: Գլոբալ հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծումը թեեւ լուրջ փորձություն է մեզ համար, սակայն միաժամանակ հնարավորություններ է ստեղծում հին տարաձայնությունները մոռանալու եւ միացյալ ջանքերի վրա կենտրոնանալու համար: Սա ակնհայտ հնարավորություն է Հարավային Կովկասի համար: 172 Հունիսին, պատասխանելով մեր գործակալության հարցին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ԵՄ-ի հնարավոր մասնակցության վերաբերյալ, Դուք ասացիք. «Մենք անընդհատ աշխատում ենք այդ ուղղությամբ»: Ի՞նչ բնույթ է կրում այդ աշխատանքը: 172 Եվրամիության հիմնական նպատակն է՝ օգնել տարածաշրջանում կայունության եւ փոխադարձ վստահության ձեռքբերմանը: Այդ իսկ պատճառով մենք մշտապես փնտրում ենք այդ նպատակին հասնելու հնարավորություններ: Չեմ ցանկանում խոսել մանրամասների մասին, նշեմ միայն, որ մենք պարբերաբար քննարկում ենք այդ հարցերը Հայաստանի եւ Թուրքիայի հետ: 172 Հայաստանում ոմանք կարծում են, որ Հայաստանի եւ Ռուսաստանի սերտ ռազմական համագործակցությունը դժգոհություն է առաջացնում Արեւմուտքում: 172 Մենք չէ, որ պետք է ասենք, թե ում հետ Հայաստանը կարող է կամ պետք է զարգացնի ռազմական համագործակցություն: Հայաստանը ինքնիշխան պետություն է եւ կայացնում է ինքնիշխան որոշումներ: 172 Հայաստանը ձգտում է անդամակցել Եվրամիությանը: Հասկանալի է, որ դա մոտ ապագայի խնդիր չէ: Այնուամենայնիվ, ե՞րբ կարող է Հայաստանը անդամակցել ԵՄ-ին: 172 Նախորդ ամիս ես ասել էի Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին եւ նրա վրաց ու ադրբեջանցի գործընկերներին այն մասին, որ չկարգավորված հակամարտությունները խոչընդոտում են այդ երկրների՝ ԵՄ-ի հետ մերձեցմանը: Մերձեցման հեռանկարները կախված են այդ հակամարտությունների խաղաղ կարգավորումից, տարածաշրջանային համագործակցության ընդլայնումից եւ տնտեսական ու քաղաքական բարեփոխումների ընթացքից: «Մեդիամաքս» գործակալություն, հատուկ «Առավոտի» համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել