«ԿՈՆՏՐՈԼԻՑ» ԴՈՒՐՍ ԵՆ ՆԱԵՎ ՀՀԿ ՋԱՀԵԼՆԵՐԸ Վերջերս Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւից, ըստ մեր աղբյուրների, հեռացել էին շուրջ 30 ջահել կուսակցականներ։ Պատճառը՝ կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար, ԱԺ պատգամավոր Վազգեն Խաչիկյանի կողմից տարվող «անառողջ» քաղաքական գիծն էր։ Նրանք այժմ արդեն «Ազգային միաբանություն» կուսակցության անդամներ են։ Ըստ մեր զրուցակից նախկին Հանրապետական Էդգար Հակոբյանի, որն այժմ ղեկավարում է «Ազգային միաբանություն» կուսակցության երիտասարդական թեւը, Վազգեն Խաչիկյանը կուսակցության իրենց նիստերի ընթացքում հակառակ իրենց մոտեցումների եւ քաղաքական հայացքների, բացառապես քոչարյանամետ քարոզչություն էր տանում, ինչը եւ վրդովմունք էր առաջացրել նրանց մոտ։ Պարզաբանումներ ստանալու ակնկալիքով դիմեցինք Վ. Խաչիկյանին, որն էլ պնդեց, թե կոնկրետ Է. Հակոբյանը ոչ թե ինքն է հեռացել կուսակցությունից, այլ՝ հեռացել է եւ «իր հետ պարզապես 5-6 հոգի դիմում են ներկայացրել, որպեսզի դուրս գան ՀՀԿ-ից»։ Նշենք, որ Վ. Խաչիկյանին այս հարցով դիմելիս մենք որեւէ անուն չնշեցինք, սակայն վերջինս անմիջապես, Է. Հակոբյանի անունը հիշատակելով, սկսեց պատմել նրա անցյալն ու ներկան։ Այսպես, ըստ Խաչիկյանի, Է. Հակոբյանը մինչեւ հանրապետական կուսակցության անդամ լինելը եղել է ՀՀՇ-ական, իսկ արդեն ՀՀԿ անդամ լինելով հանդերձ՝ գաղտնի, դարձյալ ըստ Խաչիկյանի, մասնակցում էր այլ քաղաքական ուժերի ակումբների եւ ղեկավարում էր դրանց մի որոշ մաս. «Այնպիսի մոտեցումներ ուներ, որոնք ՀՀԿ որդեգրած քաղաքական կուրսին համահունչ չէին։ Նա շատ ակտիվ մասնակցություն ուներ Աշոտ Մանուչարյանի Ազգային համաձայնության ճակատի կողմից կազմակերպվող միջոցառումներին։ ՀՀԿ-ից հեռացվելուց անմիջապես հետո ձեւավորեց «Գարեգին Նժդեհ» ուսանողական միությունը եւ սկսեց հանդես գալ ԱՀՃ դիրքերից»։ Իսկ ինչ վերաբերում է իր կողմից կուսակցության երիտասարդական թեւի նիստերի ընթացքում Քոչարյանի քարոզչությանն ու նրա գովաբանությանը, Վ. Խաչիկյանն ասաց. «Անկեղծ ասած, չեմ կարծում, թե Քոչարյանը կարիք ունի, որպեսզի ՀՀԿ երիտասարդական թեւի նիստերին իր գովաբանությունը լինի կամ թե չէ, որ ես այնքան միամիտ եմ, որպեսզի այդ նիստերը նվիրեի ինչ-որ հանրապետության նախագահի փառաբանմանը։ Այդ նիստերը կապված են կուսակցության երիտասարդական թեւի գործունեությանը, անելիքներին եւ մոտեցումներին։ Այդ ժամանակ քննարկվել են թերեւս որոշ հարցեր՝ կապված երկրում իրականացվող տնտեսական, քաղաքական բարեփոխումներին։ Երեւի իրենք շփոթել են այն կուրսը, որ մենք բռնել ենք»։ Իսկ «կարելի՞ է ենթադրել, որ ՀՀԿ եւ «Ազգային միաբանություն» կուսակցություններն իրար հետ ինչ-որ գաղափարական աղերսներ ունեն, քանի որ այդ երիտասարդները ՀՀԿ-ից դուրս գալով անմիջապես գնացել են «ԱՄ» եւ ոչ թե, ասենք, ԱՀՃ» հարցին Վ. Խաչիկյանը խուսափողաբար պատասխանեց. «Եթե դատելու լինենք, որ Է. Հակոբյանը նախկինում եղել էր ՀՀՇ-ից, հետո նաեւ ՀՀԿ անդամ լինելով գաղտնի համագործակցում էր ԱՀՃ-ի հետ, հետո գնաց «Ազգային միաբանություն», ապա իր համար կարեւորը ոչ թե այս կամ այն գաղափարախոսության ընդունումն է, այլ կոնյունկտուրային ենթարկվելը։ Ցավոք, դա հատուկ է մեր ներքաղաքականացված երիտասարդության մի մասին»։ Ստիպված եղանք Վ. Խաչիկյանին հիշեցնել, որ ՀՀԿ-ում միայն այս երիտասարդը չէր, որը նախկինում այլ կուսակցության անդամ է եղել, այլեւ՝ ՀՀԿ անդամներից շատերը (ոչ երիտասարդական թեւից) եղել են ՀՀՇ-ական, պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե նրանք նախկինում ՀՀՇ-ական են եղել, որովհետեւ նման վիճակագրություն ես չեմ կատարել»։ Սա, ըստ երեւույթին, բոլորովին էլ վիճակագրություն «կատարել» չի պահանջում, այն իմանալը պարզապես, անհրաժեշտություն է իրեն քաղաքական գործիչ համարող մարդու համար, իսկ Վ. Խաչիկյանը նման հավակնություններ բազմիցս ԱԺ ամբիոնից արտահայտում է։ Իսկ այն, որ Վ. Խաչիկյանն ընդգծված քոչարյանամետ է, գաղտնիք չէ։ Ավելին, դա նրա համար 1999 թվականից ի վեր կենսակերպ է դարձել։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ