Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Մեծի շրջանը (մ.թ.ա. 95-55թթ.) մեր պատմության մեջ յուրահատուկ տեղ է գրավում։ Հայաստանն այդ ժամ

Նոյեմբեր 23,2001 00:00

«Տիգրան Մեծը» հայտնաբերվեց Տիգրան Մեծի շրջանը (մ.թ.ա. 95-55թթ.) մեր պատմության մեջ յուրահատուկ տեղ է գրավում։ Հայաստանն այդ ժամանակ հզոր տերություններից մեկն էր։ Արքայի պետական գործունեությունը, հերոսական կերպարը ոգեշնչման աղբյուր են հանդիսացել ոչ միայն շատ ու շատ օտարազգի պատմիչների, այլեւ 19 ականավոր կոմպոզիտորների համար, որոնք Տիգրան Մեծի մասին գրված օպերաների հեղինակ են (Սկարլատտի, Հենդել, Գլյուկ, Ալբինիոնի…)։ Հայոց արքայի կերպարը չի վրիպել նաեւ իտալացի հանճարեղ կոմպոզիտոր Անտոնիո Վիվալդիի ուշադրությունից, որը գրել է «Տիգրան» օպերան։ Այն առաջին եւ վերջին անգամ բեմադրվել է Հռոմում 1724 թվականին, այսինքն՝ ունեցել է ընդամենը մեկ բեմադրություն։ Եվ ահա 277 տարի հետո մեր Ազգային օպերային թատրոնում կայացավ Անտոնիո Վիվալդիի «Տիգրան» օպերայի երկրորդ բեմադրությունը կամ պրեմիերան։ Ինչպե՞ս կամ ի՞նչ ճանապարհով Հայաստանում հայտնվեց օպերան։ Օպերայի տնօրեն Կամո Հովհաննիսյանը մեզ պատմեց հետեւյալը. «1987 թվականին Իտալիայի Վենետո մարզում անցկացված հայկական մշակույթի օրերի առիթով պատմական գիտությունների դոկտոր Վարդան Գրիգորյանը ծանոթանում է իտալահայ երգչուհի Մարիցա Սանոսյանի հետ, որից եւ տեղեկանում է Վիվալդիի «Տիգրան» օպերայի մասին։ Վ. Գրիգորյանի խնդրանքով երգչուհին ձեռնամուխ է լինում օպերայի պարտիտուրի որոնմանը Սան Ջորջիո կղզում, ուր կենտրոնացված են Վիվալդիի ձեռագրերը։ Նրան հաջողվում է ձեռք բերել օպերայի լիբրետոն, իսկ 1989թ. աշնանը Տորինո քաղաքի համալսարանի գրադարանի երաժշտական գրականության ձեռագրերի բաժնում գտնում է նաեւ «Տիգրան» օպերայի պարտիտուրը։ Տարիներ անց Մ. Սանոսյանը գալով Հայաստան, օպերայի երկրորդ գործողության պարտիտուրը եւ լիբրետոն հանձնում է Վ. Գրիգորյանին։ 1995թ. ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գիտությամբ դրանք հանձնվում են մշակույթի նախարար Հակոբ Մովսեսին։ Դարձյալ տարիներ անց պարզվում է, որ օպերայի պարտիտուրն ու լիբրետոն հանձնվել է Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան։ Անկեղծ ասած, մի փոքր երկար է այս պատմությունը… Հետո օպերայի գոյության մասին Վ. Գրիգորյանը պատմում է ՀՀ հանրային հեռուստատեսության «Ռուբիկոն +» հաղորդաշարի ռեժիսոր Մուշեղ Մինասյանին, որն էլ մեծ եռանդով անցնում է գործի՝ տեղեկացնում է օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին եւ միասին ծրագիրն առաջարկում են Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովին, կոնկրետ՝ պրն Խոսրով Հարությունյանին։ Ծրագիրն ընդունվում է, ավելին՝ Վիվալդիի «Տիգրան» օպերայով կեզրափակվի 1700-ամյակի տոնակատարությունների պետական ծրագիրը։ Վատ է պահպանված պարտիտուրը, վերջինիս վրա լարված աշխատել է Էդուարդ Բերբերյանը, իսկ պետական համալսարանի միջազգային կապերի բաժնում կատարվել է օպերայի թարգմանությունը հին իտալերենից։ Կարծում եմ, որ վերջին գնահատականը հանդիսատեսինն է, բայց մեր կոլեկտիվի, ռեժիսոր Մուշեղ Մինասյանի, Մատենադարանի փոխտնօրենի եւ մեր հայրենակից երգչուհու սրտացավ վերաբերմունքը տվեցին իրենց արդյունքը։ Ասեմ նաեւ. կներկայացնենք օպերայի 2-րդ գործողությունը համերգային բեմադրված հատվածներով, իսկ 1-ին եւ 3-րդ գործողությունների պարտիտուրի որոնումները շարունակվում են»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել