Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ

Նոյեմբեր 23,2001 00:00

ԾՐԱԳԻՐԸ ԿԽՄԲԱԳՐՎԻ ՀՀ Կրթության զարգացման պետական ծրագրին նվիրված երկօրյա համաժողովը, որ սկսվեց երեկ «Արմենիա» հյուրանոցում, պետք է տեղի ունենար դեռեւս ամիսներ առաջ։ ԿԳ նախարարության, Համաշխարհային բանկի եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կազմակերպած այս համաժողովը, ըստ մեր տեղեկությունների, ուշանում էր ֆինանսական խնդիրների պատճառով։ Ու թեեւ 2001-2005թթ. Կրթության զարգացման պետական ծրագիրը մշակվել ու ընդունվել է ԿԳ նախորդ նախարարի օրոք, այն պիտի իրականացնի արդեն նոր նախարարը, որն էլ երեկ բացեց համաժողովը։ Ըստ մեր տեղեկությունների, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նախորդ օրը բավականին երկար ու արդյունավետ հանդիպում էր ունեցել ՀԲ-ի ներկայացուցիչների հետ։ Իսկ երեկվա իր ելույթում ՀԲ-ի կրթական թիմի ղեկավար Մարիտ Գրեյնհեյմը գովեստի խոսքեր չխնայեց՝ ընդգծելով երիտասարդ նախարարի եռանդն ու բազմաթիվ ծրագրեր իրականացնելու ցանկությունը։ Իհարկե, մեր բյուջեի հնարավորություններով ծրագրերը դժվար է իրականացնել։ «Առավոտը» դեռեւս Կրթության զարգացման պետական ծրագրի քննարկումների ժամանակ էր նկատել, որ բավականին խոցելի է ծրագրի ֆինանսական ապահովման մասին գլուխը, քանի որ ֆինանսավորման հստակ ու իրական աղբյուրներ գրեթե մատնանշված չեն։ Ծրագիրն ընդունվել է ԱԺ-ում, այսինքն՝ օրենքի ուժ է ստացել եւ լավն է, թե վատ, այս նախարարը հարկադրված է այն իրականացնել։ Լրագրողների հետ զրույցում Լեւոն Մկրտչյանը զգույշ էր այս առթիվ իր գնահատականներում. «Սա առաջին փորձն է եւ այդ իմաստով ծրագիրն ինքը զարգացման մեծ տեղ ունի»։ Ավելի ուշ պրն նախարարն ասաց. «Մենք երեւի հաջորդ ամսվա ընթացքում կփորձենք խմբագրումներ կատարել ծրագրում։ Այն ունի մի քանի հիմնական, չասենք թերություններ, բայց՝ ընդհանուր դրույթներ, որոնք կոնկրետացման կարիք ունեն»։ Կրթական համակարգում տարվելիք քաղաքականության ընդհանուր սկզբունքներին անդրադառնալով՝ Լ. Մկրտչյանը նշեց, որ «մեր կրթական համակարգին եւ հնադարյան մշակույթ ու կրթություն ունեցող մեր ժողովրդին անհրաժեշտ են երեք հիմքեր։ Առաջինը՝ հավատարմություն ազգային արժեքներին, լավագույն ավանդույթների ներդրումը կրթական համակարգում։ Երկրորդը՝ հանդուրժողականությունն է։ Մենք՝ աշխարհասփյուռ մեր կարգավիճակով եւ մեր պատմությամբ, երեւի աշխարհի ամենահանդուրժող ժողովուրդներից ենք։ Մեզ բնորոշ չեն ռասայական, կրոնական խտրականությունները եւ մեր կրթական համակարգում հանդուրժողականությունն անհրաժեշտ պայմաններից մեկն է։ Եվ, իհարկե, մրցակցությունը. մենք պետք է կարողանանք կրթական համակարգի բոլոր օղակներում ապահովել մրցակցություն»։ Լեւոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ այժմ բանակցում են ՀԲ-ի հետ՝ կրթական համակարգին տրամադրվելիք վարկային երկրորդ ծրագրի համար։ ԿԳ նախարարը ցանկացավ, որ ի տարբերություն առաջին վարկային ծրագրի (դասագրքեր, կառուցվածքային, կառավարման բարեփոխումներ), երկրորդ ծրագիրը բովանդակության եւ որակի խնդիրները լուծի։ Այսինքն՝ կրթական համակարգի պահպանման քաղաքականությունից անցնենք համակարգի զարգացմանը։ Հասարակության կողմից ամենացավոտ ընկալվող հարցի՝ ընդունելության քննությունների առնչությամբ ԿԳ նախարարը կարեւորեց այնպիսի համակարգի ստեղծումը, որը հնարավորություն կտա երեխային իր դպրոցական գիտելիքներով, առանց կրկնուսույցի, լրացուցիչ ծախսերի՝ շարունակել կրթությունը միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթական հաստատություններում։ Ըստ Լ. Մկրտչյանի, եթե կարողանանք այս խնդիրը լուծել վարկային ծրագրով, «մեծ առաջընթաց կապահովենք մեր կրթական համակարգի համար»։ Համաժողովի քննարկելիք թեմաները բազմաթիվ են՝ ուսումնական ծրագրեր, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, գիտելիքների գնահատման համակարգեր, ուսուցիչների վերապատրաստում եւ այլն։ Բազմաթիվ օտարերկրյա հյուրերի մասնակցությունն ապահովում է ծանոթությունը այլ երկրների կրթական համակարգերի հետ։ ՀԲ-ի ներկայացուցիչ Մարիտ Գրեյնհեյմի գնահատմամբ՝ Հայաստանը շատ բան ունի տալու միջազգային հանրությանը եւ խորհուրդ տվեց մեր փորձառությունն ու ավանդույթները պահպանել, որքան էլ, որ նոր բաներ սովորենք։ Մենք եւս պակաս բարձր կարծիքի չենք մեր կրթական համակարգի մասին։ ԿԳՆ-ի կրթական բարեփոխումների կենտրոնի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը, ներկայացնելով ուսումնական ծրագրերի վերափոխման հիմնական ուղղությունները, պատմեց նաեւ մի միջազգային գիտաժողովին իր մասնակցության մասին եւ ասաց. «Այդ կոնֆերանսի 7 օրվա ընթացքում ապրել եմ ազգային հպարտության, ազգային արժանապատվության գերագույն հաճույք, որը ցանկանում եմ նաեւ ձեզ»։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հ.Գ. Բավականին հետաքրքիր էր Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի նախագահ Թովմաս Սամուէլեանի ելույթը, որին կանդրադառնանք վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել