Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքական

Նոյեմբեր 23,2001 00:00

Ես աղքատ եմ, հարուստ դառնալ չեմ ուզում Քաղաքական գործիչները, երբ խոսք է գնում երկրի տնտեսության աննախադեպ վերելքի մասին, կասկածանքով են վերաբերվում այդ աճին եւ միանշանակ վկայակոչում են այն հանգամանքը, որ ժողովուրդն այն իր մաշկի վրա չի զգում։ Իզուր են նրանք ժողովրդի անունից նման հայտարարություն անում, ժողովրդի մի մասնիկն էլ ես եմ ու ոչ միայն մաշկով, այլեւ մարմնիս ողջ բջիջներով ամեն օր զգում եմ մեր բարգավաճող երկրի 9,9%-անոց տնտեսական աճը։ Մի քանի տարի է, ինչ որպես միայնակ կենսաթոշակառու «Փարոսից» ստանում էի 4800 դրամ նպաստ եւ թոշակիս հետ մի կերպ գոյատեւում։ Այդ տարիներին 600 դրամով ավելացավ թոշակս, բայց փոխարենը 500 դրամով կրճատեցին նպաստները։ Դա շատ համարելով՝ մեր փառապանծ կառավարությունը, փառապանծ վարչապետի հրահանգով որոշեց, որ այսուհետ այն թոշակառուները, որոնց կենսաթոշակը հատում է 4000 դրամի սահմանագիծը, այլեւս աղքատ չեն եւ զրկեցին ընտանեկան նպաստից։ Իսկ քանի որ իմ կենսաթոշակը 4060 դրամ էր, ուստի 60 դրամով ես հատեցի սահմանագիծը։ «Փարոսի» միավորս (բալ) սրընթաց վայրէջք կատարեց, չարաբաստիկ 60 դրամի պատճառով ինձ դուրս քշեցին աղքատության ճիրաններից։ Այժմ, շնորհիվ 60 դրամի, ես ձեռք բերեցի հարուստի կարգավիճակ (քանի որ Հայաստանում միջին խավ գոյություն չունի)։ Բայց անփող հարուստի կարգավիճակը ինձ բոլորովին չգոհացրեց, ուստի ես դիմեցի Կենտրոնի «Փարոսին»՝ աղքատության նպաստս վերականգնելու խնդրանքով։ Այստեղ ինձնից պահանջեցին տեղեկանք այն մասին, որ տունս վթարային է եւ զուգարանս էլ՝ բակում։ Սակայն այն տեղեկանքն էլ ինձ չօգնեց վերադառնալ աղքատություն։ Ստիպված բողոքեցի Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին. այս անգամ էլ բողոքիս հետեւանքը եղավ այն, որ որպես պատիժ ինձ զրկեցին վերջերս տրվող մարդասիրական օգնությունից։ Հիմա կանգնած եմ ավելի լուրջ խնդրի առջեւ։ Քանի որ ես համարվում եմ հարուստ, ուստի պետք է ապրեմ հարուստին վայել կենցաղով։ Ոչ մի հարուստի զուգարան, պարզ է, դրսում չէ, այ, չգիտեմ ոնց լուծեմ այդ խնդիրը։ Հետո էլ ասում են, թե ժողովուրդը իր մաշկի վրա չի զգացել մեր երկրի տնտեսական վերելքը, զգացել է, այն էլ ինչպե՜ս եւ կզգա հատկապես 2002թ. հունվարին, երբ 700 դրամով կավելանան կենսաթոշակները։ Պատկերացնում եք, թե քանի ինձ նման միայնակ կենսաթոշակառուներ կհատեն 4000-ի սահմանագիծը եւ կզրկվեն ընտանեկան նպաստից ու կհամալրեն հարուստների շարքը։ Իսկ սոցապնախարարը կառավարության նիստի իր հերթական զեկույցում կարձանագրի, որ շնորհիվ իր իմաստուն քաղաքականության՝ երկրում զգալի կրճատվել է աղքատների թիվը, որի արդյունքում պետբյուջե է մուծել հսկայական գումար՝ ի նպաստ մեր երկրի տնտեսական աճի։ ՋՈՒԼԻԵՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Երեւան, Կոնդի Ռուսթավելու փողոցի թիվ 18 անզուգարան տան բնակչուհի Պատրաստակամ ենք տպագրելու պաշտոնական պարզաբանումներն այն մասին, թե ինչպես է հաշվարկվում անապահովության միավորը եւ այլն, եւ այլն, եւ թե ինչ ճակատագրական փաստաթղթեր են Ջ. Հարությունյանին պակասում՝ անապահով համարվելու համար։ Այսինքն՝ այն, ինչ արդեն պատմվում է հոդվածում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել