Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե

Նոյեմբեր 23,2001 00:00

«ՇԱՏԵՐՆ ԷԻՆ ԴԻՄԱԴՐՈՒՄ» Եթե հանկարծ որեւէ հարուստ տնտեսվարողի մտքով անցնի ձեռք բերել համապատասխան թանկարժեք սարքավորումներ ու Հայաստանում դրամ հատել, առայժմ ստիպված է հետաձգել իր այդ բիզնեսը։ Այլ հարց է, որ այն ծավալի դրամի համար, որքան մեր երկրինն է, իմաստ չունի այդքան ծախս անել ու հաստոցներ գնել։ Բայց հարցն այն է, որ չնայած բիզնեսի այս տեսակը լիցենզավորման ենթակա է, բայց թե կառավարությունն արտոնագիրն ում պետք է տա, ինչպես, ինչ չափանիշների բավարարման պարագայում՝ սահմանված չէ։ Նույնը՝ մեդալների, թմրամիջոցների եւ հոգեմետ միջոցների, պայթուցիկ նյութերի արտադրությանը կամ հրագործական (հրավառության) նյութերի ներմուծմանն ու վաճառքին է վերաբերում։ Ըստ ՀՀ արդարադատության առաջին փոխնախարար Գեւորգ Մալխասյանի՝ «փաստորեն, ավելի լավ է չտալ այդ լիցենզիան, որովհետեւ, չգիտենք, թե վերահսկողությունն ինչի հիման վրա ենք իրականացնելու»։ Ընդհանրապես, լիցենզավորման մասին նոր օրենքով նկատելի փոփոխություններ են մտցվել այս ոլորտում։ Պրն Մալխասյանի խոսքերով. «Կիսով չափ կրճատվել են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները։ Քաղաքաշինության բնագավառում գործում էր լիցենզավորման ենթակա մի քանի հարյուր գործունեության տեսակ. այսինքն, սվաղ անելու համար առանձին լիցենզիա էր անհրաժեշտ, հեռախոսային լարով ապահովելու համար՝ առանձին, եւ այսպես շարունակ։ Հիմա այդ բնագավառում մնաց ընդամենը շինարարության 21 տեսակ, որ ենթակա է լիցենզավորման»։ Փոխնախարարը նկատում է, որ այժմ արտոնագրվում են ըստ շինարարության տեսակների, ոչ թե ըստ գործունեության տեսակների։ Օրինակ, տրանսպորտային շինարարություն, հատուկ շինարարություն եւ այլն։ Ըստ պրն Մալխասյանի, միակ չափանիշը, որ «այստեղ կարողացանք դնել, համապատասխան կրթության անհրաժեշտությունն է եւ 3 տարվա աշխատանքային ստաժը։ Այսինքն, եթե մի կազմակերպության մեջ կա մեկ աշխատող, որն ունի շինարարի դիպլոմ եւ 3 տարի շինարարությամբ է զբաղվել, ապա այդ կազմակերպությանը միանշանակորեն լիցենզիա է տրվում»։ Նրա հավաստմամբ, շինարարության որակի հետ կապված անվտանգության խնդիրներ չեն ծագի։ Ավելին, շինարարության իրականացման համար տրվող լիցենզիաները տրվում էին բարդագույն մեխանիզմով, եւ հիմա պարզեցվում է։ Այժմ արդեն լիցենզավորման ենթակա չեն էներգետիկայի ոլորտի աշխատողները (էլեկտրիկ, զոդող եւ այլն)։ «Բավականին հեշտացավ ձեռներեցների խնդիրը. մասնավորապես այն «չարաբաստիկ» ավիատոմսերի վաճառքի հարցը, որն անընդհատ հոլովվում էր, լուծվեց։ Այսուհետ լիցենզավորման ենթակա չէ գործունեության այս տեսակը»,- նշեց փոխնախարարը։ Այս առումով շահել են նաեւ աշխատանքի տեղավորման ծառայությունները։ Իսկ այ, «անվտանգության բնագավառում այնպես ստացվեց, որ ՆԳՆ-ի հետ ընդհանուր համաձայնության չգալու պատճառով անվտանգության պահնորդական եւ խուզարկուական ծառայությունն ընդհանրապես դուրս մնաց լիցենզավորումից։ Այսօր դրանք ազատ գործունեության տեսակներ են»։ Այսինքն, «ոչ՝ ինձ, ոչ՝ քեզ», արդյունքում՝ անորոշություն։ Սակայն փոխնախարարը համաձայն չէ, որ ոլորտը բարձիթողի վիճակում է հայտնվում։ Ընդհանրապես, հայտնի է, որ այդ լիցենզավորման անվան տակ առողջապահության ոլորտի աշխատողների «հոգին հանում էին»։ Այս եւ այլ համակարգերի աշխատողներին «արտոնագրելիս» հայտնի է, որ մեծ գումարներ են «պտտվում»։ Այժմ առողջապահության ոլորտի աշխատակիցներն ազատված են այդ խնդրից, արդեն լիցենզիա է տրվում միայն հիվանդանոցին (որը սարքավորումներով եւ մյուս բուժտեխնիկայի առումով պետք է համապատասխանի հիվանդանոցային պայմաններին) եւ անհատ ձեռնարկատեր բժշկին։ Ըստ պրն Մալխասյանի, այսուհետ, եթե լիցենզիա տվող մարմինը սահմանված ժամկետում ոչ մերժում է, ոչ էլ տրամադրում լիցենզիան, ապա տվյալ տնտեսվարողը մեխանիկորեն համարվում է լիցենզավորված։ Ու եթե այդպիսի տնտեսվարողներ կան, կարող են դիմել արդարադատության նախարարություն, գրանցվելու։ Ի դեպ, այսքան «կրճատումներից» հետո հասկանալի էր նաեւ դիմադրությունը այս օրենքի նկատմամբ։ Հարցին, թե ովքե՞ր էին դիմադրում, փոխնախարարը պատասխանեց. «Շատ-շատերն էին դիմադրում։ Շատ նախարարություններում եւ գերատեսչություններում կա այդ խնդիրը։ Երբ զրկվում են լիազորություններից, առաջանում է դիմադրություն»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել