Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՄՈՒԼԻ ՇԵՆՔԸ ԿԴԱՌՆԱ՞ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 23,2001 00:00

ՄԱՄՈՒԼԻ ՇԵՆՔԸ ԿԴԱՌՆԱ՞ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ «Առավոտն» արդեն հաղորդել էր, որ Տեղեկատվության ու գրահրատարակչության վարչության անտարբերության հետեւանքով պետական գույքի կառավարման նախարարության տնօրինման ներքո հայտնված Մամուլի շենքում նախարարությունը մտադիր է կիրառել վարձակալական վճարների օգտագործման նոր կարգ։ Ըստ այդմ, 1 քառ. մետրի դիմաց 300 դրամ վարձակալական վճարից 180 դրամը մուծվելու է պետբյուջե եւ միայն 120-ն է տրամադրվելու շենքի սպասարկման նպատակներին։ Դժվար է ենթադրել, թե այդ գումարով հնարավոր կլինի հոգալ այս հսկայական շենքի ծախսերը։ Սակայն ահա թե այս առնչությամբ մեզ ինչ ասաց պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը. «Նախ, այս առումով դեռ ոչ մի որոշում չի կայացվել։ Մենք հիմա ուսումնասիրում ենք հարցը, շենքը տրվել է մեզ, լինելու է քննարկում։ Բայց պիտի նախ պայմանագրեր կնքենք վարձակալների հետ։ Այդ շենքից բյուջե ոչ մի լումա չի մտնում, ամբողջը տրամադրվում է միայն սպասարկմանը։ Մամուլի շենքում կան նաեւ տարբեր առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպություններ։ Ոչ մեկը մամուլի նկատմամբ, այսպես ասած, ոտնձգություն չի կատարում։ Ես, ընդհակառակն, ավելի շատ ուզում եմ ընդառաջ գնալ։ Օրինակ, ինքս եմ առաջարկել, որ Մամուլի շենքի վարձակալները մասնավորեցնեն այն՝ բավական արտոնյալ պայմաններով։ Բայց դրա համար պետք է, որ ոչ թե ամեն մեկը մասնավորեցնի իր զբաղեցրած տարածքը, այլ, առաջարկել եմ, որ իրար հետ քննարկեն, իրենք նախաձեռնություն հանդես բերեն, ասել եմ, որ նախարարությունը հակված է դրան, որ ստեղծվի համատիրության պես մի բան։ Այլապես չենք կարող սենյակները մասնավորեցնել, իսկ միջանցքը կամ տանիքը թողնել պետական։ Թող ստեղծեն համատիրության պես մի բան՝ մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը»։ Շենքում 1 աշխատակցին 4 քառ. մ սկզբունքով տարածք հատկացնելու մտադրության առնչությամբ էլ Դավիթ Վարդանյանն ասաց. «Դա ձեզ հետ կապ չունի։ Այդ քաղաքաշինական նորմերը վերաբերվում են միայն պետական, բյուջետային կազմակերպություններին եւ ոչ մասնավորներին»։ Վերջում հետաքրքրվեցինք, թե իրոք մտադի՞ր են նաեւ մասնավորեցնել «Արմենպրեսի» շենքը եւ այնտեղ տեղակայված բոլոր գործակալություններին փոխադրել Մամուլի շենք։ «Առաջին անգամ եմ այդ մասին լսում։ Կարող է համապատասխանում է՝ ես չգիտեմ,- պատասխանեց պետական գույքի կառավարման նախարարը։- Երեւի թղթակիցներն ավելի լա՞վ գիտեն։ Բայց առանց մեզ չի կարող որոշվել այդ հարցը»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել