Հերթական ահազանգ Երեկ Սոցիալիստական ուժերի ներկայացուցիչ Աշոտ Մանուչարյանը հյուրընկալվել էր Մամուլի ազգային ակումբում: Հրավիրված ասուլիսի թեման սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչությունից հետո ստեղծված աշխարհաքաղաքական զարգացումներն էին եւ դրանց հնարավոր անդրադարձը՝ Հայաստանի եւ ԼՂՀ հակամարտության լուծման նկատմամբ տարվող քաղաքականության համատեքստում: Ա.Մանուչարյանը մեր առանձնազրույցի ժամանակ կարծիք հայտնեց, որ սեպտեմբերի 11-ից հետո իրավիճակն ամբողջ աշխարհում փոխվել է եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ամբողջ գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունն այսօր ուղղված է տեղի ունեցած ահաբեկչությունից այդ երկրի համար առավելագույն շահեր ստանալուն: Նրա մեկնաբանությամբ, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ ԱՄՆ-ը իրականում միանգամայն այլ՝ աշխարհաքաղաքական, խնդիրներ է լուծում, այս դեպքում՝ սերտորեն համագործակցելով նույնիսկ Հարավ-Կովկասյան տարածաշրջանում իր մրցակից Ռուսաստանի հետ: «ԱՄՆ-ը հասկացել է, որ իրեն չի հաջողվելու տարածաշրջանում հենակետ ստեղծել՝ առանց Ռուսաստանին եւ նրա շահերը հաշվի առնելու: Հարավային Կովկասում այսօր Ադրբեջանն է Արեւմուտքի հենակետը: Այդ հարցում նա ավելի կարեւոր դերակատարում ունի, քան Հայաստանը, իսկ Ռուսաստանը, ինչ-որ իմաստով եւ մասնավորապես տնտեսական նկատառումներով, համաձայնել է Ադրբեջանը զիջել Արեւմուտքին, թեեւ նա էլ ավելի կարեւորում է իր հարաբերությունները Ադրբեջանի, քան Հայաստանի հետ»,- ասաց պարոն Մանուչարյանը: Ըստ նրա, ստեղծված իրավիճակում, Հայաստանը հայտնվել է անբարենպաստ եւ վտանգներով հղի աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Արեւմուտքն ու Ռուսաստանն իրենց համար ավելի կարեւորում են Ադրբեջանի դերը տարածաշրջանում եւ զուգահեռաբար տարբերակներ որոնում Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Դա, պարոն Մանուչարյանի պնդմամբ, նշանակում է, որ Ադրբեջանին «իրենցով անելու» համար, Արեւմուտքն ու Ռուսաստանը պետք է լուծեն նախեւառաջ Ադրբեջանի համար ամենակարեւոր խնդիրներից մեկը՝ ԼՂ հակամարտության հարցը, բնականաբար՝ բավարարելով վերջինիս պահանջները: Հայաստանը, առավել եւս այդ իրավիճակում, չի կարող հակամարտության լուծումից ավելին ակնկալել, քան միջազգային հանրությունն առաջարկում էր մինչեւ սեպտեմբերի 11-ը: Ըստ Ա.Մանուչարյանի, Հայաստանին նոր առաջարկվող լավագույն տարբերակը կարող է լինել ԵԱԿՀ Մինսկի խմբի նախորդ եւ մերժված առաջարկը, որը ներառում էր Մեղրիի տարածքով Ադրբեջան-Նախիջեւան հաղորդակցական միջանցքի ստեղծումը: Սոցուժերի ներկայացուցիչը երեկ վստահեցրեց, որ այն նոր առաջարկները, որոնց մասին վերջերս ակնարկում էր ՀՀ արգործնախարար Վարդան Օսկանյանը՝ Հայաստանի եւ Ղարաբաղի հնարավոր միավորման մասին, ավելի քան վտանգավոր են, քանի որ նման առաջարկ կարող է լինել միայն մի դեպքում. եթե տեղի է ունենալու տարածքների՝ Լաչինի եւ Մեղրիի, փոխանակում: Եթե խոսքը գնում է Ղարաբաղին ինքնիշխան պետության կարգավիճակ շնորհելու մասին, ապա, ըստ Ա.Մանուչարյանի, միջազգային հանրությունը դա կարող է թույլ տալ միայն այն պարագայում, եթե Լաչինն ու Մեղրին ստանան նույն կարգավիճակը: Իսկ ավելի պարզ. եթե Հայաստանը պնդի, որ Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինը վերահսկվի հայկական ուժերի կողմից, այդ դեպքում Մեղրիի միջանցքի վերահսկողությունը պետք է հանձնվի ադրբեջանական ուժերին, կամ կողմերը երկու դեպքում էլ պետք է համաձայնության գան՝ Լաչինի եւ Մեղրիի միջանցքների վերահսկողությունը հանձնել միջազգային ուժերին: «Եթե Վ.Օսկանյանին, իրոք, նման տարբերակ է առաջարկվել, դա նշանակում է, որ այն հնարավոր է միայն մեկ՝ տարածքների փոխանակման, դեպքում: Այլ կերպ լինել չի կարող»,- հայտարարեց Ա. Մանուչարյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ