Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկինում քաղաքական ուժերի ներկայացուցիչներն առավել համարձակ էին իրենց դատողություններում Հայաստանու

Նոյեմբեր 23,2001 00:00

ԽԱՂՈՒՄ ԵՆՔ «ՄՈՆՈՊՈԼԻԱ» Նախկինում քաղաքական ուժերի ներկայացուցիչներն առավել համարձակ էին իրենց դատողություններում Հայաստանում գործող տնտեսական կլանների եւ դրանց հովանավոր «տանիքների» վերաբերյալ։ Այժմ նրանք ավելի զգույշ եւ շրջահայաց են դարձել։ Համենայն դեպս, այդ է վկայում մեր երեկվա հարցումը խորհրդարանական ուժերին, որոնց ուղղում էինք նույն հարցերը. կա՞ն արդյոք Հայաստանում ոլորտներ, որտեղ տիրում է մենաշնորհ եւ եթե այո՝ ովքե՞ր են այդ մենատերերը, ո՞ւմ հովանավորությամբ են նրանք գործում (եթե կան այդպիսիք), ովքե՞ր են նրանց «տանիքները»։ Թվում է՝ պարզ հարցեր են, որոնց պատասխանները հանրահայտ են։ Բայց թեեւ ճեպազրույցների բոլոր մասնակիցները միաձայն հաստատեցին առկայությունը մենաշնորհային ոլորտների, որոնք բազում էին, սակավ էին հնչած անունները։ Թերեւս պատճառը այն էր, որ որպես մենաշնորհային նշվող ոլորտների (ամենաշատը նշվեցին նավթամթերքները) «տանիքը» նույն ուժային նախարարն է, որի քաղաքական հովանավորությունը վայելում են նաեւ խորհրդարանական որոշ կուսակցություններ։ Այսպես, «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Գեղամ Գասպարյանը մեր հարցերին ի պատասխան ասաց. «Իրոք, մենաշնորհ կա նավթամթերքի ոլորտում։ Նաեւ կապի ոլորտում է մենաշնորհ՝ «ԱրմենՏելին» տրված։ Այլ ոլորտներ չեմ կարող ասել»։ Լրացուցիչ խնդրեցինք ասել մենատերերի եւ նրանց հովանավորողների անունները։ «Անկեղծ ասած՝ չգիտեմ»,- պատասխանեց պրն Գասպարյանը։ «Անկեղծ ասած՝ չենք հավատում»,- արձագանքեց նրան լրագրողներից մեկը։ Քանի՜-քանի՜ հրապարակում եղավ Սերժ Սարգսյանի եւ Արտաշես Գեղամյանի կապերի վերաբերյալ։ Մեր հարցադրումները տվյալ պարագայում նաեւ թեսթ էին, թե արդյոք «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավարը կտա՞ ուժային այդ նախարարի անունը։ «Անշո՛ւշտ կան մոնոպոլիաներ եւ մոնոպոլիստներ, որոնց ճիրաններում շնչահեղձ է լինում Հայաստանի Հանրապետության տնտեսությունը»,- պատասխանեց Արտաշես Գեղամյանը։ Նրա գնահատականով, մենաշնորհային են Հայաստանի կենսապահովությունն ապահովող բոլոր ոլորտները՝ բենզին, մազութ, ավիակերոսին, գազ, ցորեն, ալյուր. «Բնականաբար, այդ մոնոպոլիաներն ու մոնոպոլիստները պաշտպանված են հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Կարող են ամենատարբեր անուններ հնչել՝ լինի պաշտպանության նախարար, լինի վարչապետ, լինի ՆԳ նախարար։ Բայց երկրում, որը նախագահական համակարգ ունի եւ թվարկածս բոլոր պաշտոններին նշանակվում են հանրապետության նախագահի հրամանագրերով՝ եւ ոչ մի մոնոպոլիստ առանց նրա հովանավորության գործել չի կարող»։ Գեղամյանը ենթադրություն հայտնեց, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը «մատների արանքով նայում» այդ ամենին. «Կուտակվում են հսկայական կանխիկ գումարներ, որոնք կներդրվեն նախագահական ընտրությունների ժամանակ»։ ՀԿԿ խմբակցության ղեկավար Ֆրունզե Խառատյանը մեր հարցերին ի պատասխան հաստատեց մենաշնորհային ոլորտների գոյությունը. «Միկա եւ ուրիշ անձնավորությունների անուններ են տալիս, որոնց մի մասը, ինչքան հասկանում եմ նրանց ազգանունների վերջավորությունից՝ Հայաստանի բնակիչներ էլ չեն»։ «Հայաստանում տնտեսական իրավիճակը բավականին լուրջ խաթարված է այն պատճառով, որ սկզբից եւեթ պետությունը մի տեսակ մի կողմ քաշվեց եւ ազատ շուկայական մրցակցության անվան տակ, փորձելով լրացնել այդ դատարկ տեղը, ձեւավորվեցին մաֆիոզ կլաններ, կառույցներ»,- սա էլ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի պատասխանն էր։ «Ժողովրդական պատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը մեր հարցերին ի պատասխան վկայակոչեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության» պետական հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց՝ «2 ձեռնարկություններ գաջի արտադրության ոլորտում ունեն գերակայող դիրք։ Հանքային ջրերի ոլորտում՝ 1, 2, 3 ձեռնարկատերեր գրավել են շուկայի 70 %-ը։ Սուրճը՝ 2 ձեռնարկություններով 70 եւ ավելի տոկոսն են ապահովում»։ Ի դեպ, նաեւ նշեց, թե հակառակ կառավարության հավաստիացումների, որ դեղորայքի ոլորտում կա մենաշնորհ՝ «ուսումնասիրություններով պարզվեց, որ 22 եւ ավելի ձեռնարկություն են դեղորայք ներկրող»։ Կարեն Կարապետյանն ընդունելով, որ կան մենաշնորհային կառույցներ, որոնք օրենքի դաշտից դուրս են, նաեւ ասաց. «Եթե կա պարարտ հող՝ բնական է, որ պետք է ձեւավորվեն այսպիսի տնտեսվարողներ։ Սնկի համար ի՞նչ է պետք՝ անձրեւ»։ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բնական համարեց մենաշնորհային ոլորտների գոյությունը. «Դա ավելի շատ կապված է ոչ թե, ինչպես ցանկանում են վերագրել, իշխանությունների կամ առանձին անձանց հետ։ Պարզապես, օրինակ, դիզվառելիքի ներկրման ճանապարհը մեկն է։ Ինչպիսի պայմաններ էլ որ ստեղծվեն՝ մեկ ճանապարհի խնդիր է, եւ բնականորեն պիտի առաջանար մենաշնորհ»։ Նա նաեւ նշեց, թե առանձին դեպքերում կարելի է անգամ «դրական միտումներ» տեսնել մենաշնորհների գոյության մեջ. «Գոնե բերողներ ունենք եւ կարողանում ենք մեր երկիր ներմուծումներ կատարել։ Պարզապես մոնոպոլ կարգավիճակները գնալով մեր պետության համար ազգային անվտանգության խնդիր կառաջացնեն, որովհետեւ միջին ձեռներեցների խավը չի ձեւավորվում։ Պատկերացրեք՝ այդ 20-30 կորպորատիվ մեծ կազմակերպությունները, եթե հանկարծ մի օր ցանկանան չաշխատել՝ ինչքա՞ն կլինի հարկային վնասը, ի՞նչ կլինի պետության վիճակը»։ Առաջիկայում մտադիր ենք դարձյալ անդրադառնալ այս թեմային եւ փորձել կատարել համեմատություն՝ գերշահույթ ապահովող ինչ ոլորտներ էին նախկինում մենաշնորհային դարձել ուժային նախարարների հովանավորության շնորհիվ եւ արդյոք դրանք ավելացե՞լ, թե՞ պակասել են այժմ։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել