Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ

Նոյեմբեր 23,2001 00:00

ԹԵՐԻ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ՝ ՈՐՊԵՍ ՔՆԱԲԵՐ Իսկ աղբյուրները՝ թվային են, թղթային եւ շփումային «Ընդհանրապես այնպիսի ձեւավորված կարծիք կա, թե նախագահը ճիշտ ինֆորմացիայի չի տիրապետում, որ նախագահի շուրջ եղած մարդիկ փորձում են միայն լավ բաները զեկուցել նրան։ Մի կողմից վատ չէ, որ այդպես են մտածում։ Պիտի ասեն, որ այդ ամեն ինչը գիտի, ո՞նց է գիշերը հանգիստ քնում»,- երեկ ճարտարագիտական համալսարանում բուհերի ուսանողների հետ հանդիպման ժամանակ այն հարցին, թե՝ երկրի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար ինֆորմացիայի ինչ աղբյուրներից է նախագահը օգտվում եւ ինչքանով է վստահում այդ աղբյուրներին, պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ նախագահի աղբյուրները, ինչպես նա թվարկեց, թվային են, թղթային, ունի նաեւ այլ կարգի աղբյուր՝ շփումների, հաշվետվությունների տեսքով։ Երրորդ աղբյուրն էլ մարդկանց, պաշտոնյաների հետ շփումներն են, որոնց հետ նա առնչվում եւ պարբերաբար շփվում է. «Տարբեր կարգի տարբեր մակարդակների շփումներ կան։ Եվ եթե այդ բոլոր երեք ուղղություններով քեզ չես խնայում, փորձում ես իսկապես ինֆորմացիայի տիրապետել, ընդհանուր պատկեր ինչ-որ տեղ քիչ թե շատ իրականությանը մոտ հնարավոր է ձեւավորել։ Վտանգավոր է միայն բամբասանքների վրա հիմնվելով կարծիք կազմելը եւ ոչ պակաս վտանգավոր՝ միայն թվերի վրա հիմնվելը»,- ասաց Ռ. Քոչարյանը։ Այսինքն՝ եթե հանկարծ ինչ-որ մեկի մոտ դեռ կարծիք կա, թե իր երկրի նախագահը ճիշտ պատկերացում չունի իր երկրի բնակչության ծանր սոցիալական վիճակի մասին, ապա չարաչար սխալվում է։ Պարզապես, նախագահն իրեն խնայում է եւ փորձում է ստանալ այնքան ինֆորմացիա, որը չի խանգարի այդ օրը նրա հանգիստ քնելուն. «Պաշտոնյաների հետ մեկ բան միշտ շեշտում եմ, որ ներկած ինֆորմացիայի կարիք չունեմ։ Պետք է ինձ զեկուցել այն, ինչ-որ կա, մի բան էլ պակաս։ Ինձ թվում է՝ մարդիկ միշտ անկեղծ են գտնվում»։ Իսկ ինչ վերաբերում է առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանին, ապա նա շուտով իր նախագահից «դեղին քարտ» կստանա, քանի որ Ռ. Քոչարյանի «աղբյուրներն» արդեն իրեն տեղեկացրել էին, որ կառավարության վերջին նիստից դուրս էր մնացել առաջին կլինիկական հիվանդանոցի հարցը, որը պատկանում էր բժշկական համալսարանին եւ բոլորովին վերջերս փոխանցվել է Երեւանի քաղաքապետարանին։ «Հարցը ֆուտբոլի բան է դարձել։ Մեկը մյուսի վրա է գցում։ Կարծում եմ, առողջապահության նախարարը պետք է շատ ավելի հետեւողական եւ վճռական լիներ այդ հարցում։ Նրան ես կհրավիրեմ՝ հասկանալու համար, թե անողնաշար դիրքի պատճառներն ինչից են գալիս։ Կառավարության գործունեությունը եւ նախարարի հիմնական ֆունկցիան որոշում կայացնելն է իրենց բնագավառում։ Եթե անձը կորցնում է որոշում կայացնելու ընդունակությունը, ուրեմն չպետք է որոշում կայացնելու պարտավորություն ունենա»,- սպառնաց Ռ. Քոչարյանը եւ խոստացավ շատ արագ այդ հարցին վերջնական լուծում տալ։ Ըստ ուսանողների, անբարոյական է նաեւ Վարդան Այվազյանի կուսակցության երիտասարդական թեւի կողմից կառավարության առջեւ կազմակերպած միտինգը։ Վ. Այվազյանը լինելով կառավարության անդամ՝ նախարար, ուսանողների կարծիքով, նման պոպուլիստական դրսեւորում չպետք է ցուցաբերեր։ Ռ. Քոչարյանի տպավորությամբ, այդ կուսակցության երիտասարդական թեւը ուղղակի վաղուց կուսակցության «կոնտրոլից» դուրս է եկել եւ, եթե այդպես է, ուրեմն կուսակցությունը պետք է դրանից հետեւություններ անի։ Հակառակ դեպքում, ըստ Քոչարյանի, աբսուրդ վիճակ է ստեղծվում. «Տպավորությունս այն է, որ կուսակցությունը կուսակցական աշխատանքով չի զբաղվում, իսկ երիտասարդական թեւն այլ զբաղմունք չունի»։ Ուսանողները նաեւ հարց ուղղեցին անընդհատ հնչող Հայաստանի հաղթանակների ձեռքբերման մասին, տարակուսելով, թե երբ գործում էր 907-րդ բանաձեւը, պաշտոնական Երեւանը դա իր արտաքին քաղաքականությունն էր համարում։ Եվ երբ դա վերացվեց, նորից հայտարարեց, թե դա կրկին մեր հաղթանակն է։ Իսկ Ռ. Քոչարյանը հավանական համարո՞ւմ է, արդյոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ԼՂՀ հարցի ձախողման կամ ձգձգման դեպքում ԼՂՀ-ն ներկայացնել միջազգային հանրությանը կամ հասնել միջազգային ճանաչման։ Ըստ Ռ. Քոչարյանի, դա մի պրոցես է, որով պետք է անընդհատ զբաղվել եւ որի լավագույն երաշխիքը հենց Ղարաբաղում է գտնվում։ Եթե Ղարաբաղը կարողանա իր ներքին քաղաքականության, տնտեսական քաղաքականության մեջ բարեփոխումներով միշտ ցույց տա, որ ինքը համահունչ է գնում աշխարհում կատարվող գործընթացներին եւ միշտ քաղաքակիրթ «դեմքով» հանդես գա միջազգային հանրության առջեւ, ապա Ղարաբաղի ամեն տարվա անկախությունը կնշանակի եւս մի քայլ այդ խնդրի լուծմանը։ «Այնպես որ, վաղը, մյուս օրը որոշում կկայանա, Ղարաբաղը կճանաչվի իբրեւ միջազգային իրավունքի սուբյեկտ, հիմա չեմ կարող ասել, կարծում եմ, ԼՂՀ-ի կարգավիճակը կլինի հարցի կարգավորման հետ այդ փաթեթում։ Բայց դե ֆակտո ամեն տարի Ղարաբաղը վերահաստատում է իր այդ կարգավիճակը»,- վստահեցրեց Ռ. Քոչարյանը։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել