Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-Ն՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Նոյեմբեր 22,2001 00:00

ՅՈՒՆԵՍԿՕ-Ն՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ նախագահի պաշտոնական հրավերով Հայաստանում էր գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոյիչիրո Մացուուրոն։ Դա նրա եւ ընդհանրապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության առաջին այցելությունն էր մեր երկիր, որը 92-ից անդամակցում է այդ կառույցին՝ տարեկան վճարելով 15 հազար ԱՄՆ դոլար։ Կ. Մացուուրոն լրագրողներին տեղեկացրեց, որ վարչապետ Ա. Մարգարյանի հետ մասնակցել է Հայաստանում մշակութային հարցերին նվիրված դոնորների ծրագրերի կոնֆերանսին, հանդիպել ԿԳ եւ մշակույթի նախարարներին։ Նա անչափ բարձր գնահատեց Հայաստանի մշակութային արժեքները՝ հատկապես առանձնացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների գրանցամատյանում տեղ գտած Էջմիածնի, Գեղարդի եւ Սանահինի տաճարները։ Խոսեց նաեւ ոչ նյութական արժեքների՝ հայկական ազգային ավանդությունների ու ծեսերի պահպանության մասին՝ դրանք համարելով հեռանկարային բնագավառ Հայաստանի կառավարության ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության համար։ Ցնցված Հայաստանի պատմամշակութային հուշարձաններով ու Մատենադարանի շուրջ 1700 մատյաններով՝ Կ. Մացուուրոն, սակայն, այդպես էլ չհիշեց՝ արդյո՞ք ոչնչացվել են հայկական մշակութային կոթողներ Ադրբեջանի տարածքում։ Փոխարենը շեշտեց, որ իրենց քաղաքականության մի մասն է կազմում օժանդակություն ցուցաբերելը պատմական կարեւոր նշանակություն ունեցող կոթողներին՝ անկախ նրանց գտնվելու վայրից։ Նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարող հանդուրժել որեւէ ոտնձգություն մշակույթի արժեքների նկատմամբ։ Նա հիշեց Երվանդ Քոչարի՝ 100, Փարաջանովի՝ 75 եւ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությունների վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայացրած որոշումների, ինչպես նաեւ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի՝ 2003-ին տոնվելիք 100-ամյա հոբելյանի մասին։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել