ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «A» եւ «B» խմբերում կայացած չորս հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի ամենապատվավոր գավաթի խաղարկության խմբային մրցաշարի երկրորդ փուլը։ «A» խմբում Մյունխենի «Բավարիան» ընդունեց Անգլիայի ամենաճանաչված թիմին՝ «Մանչեսթեր Յունայթեդին»։ Այս երկու գրանդների միջեւ սկզբունքային պայքարն ի վերջո ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 1։1 արդյունքով։ Նույն խմբում Պորտուգալիան ներկայացնող «Բոավիշտան» տանը 1։0 հաշվով առավելության հասավ «Նանտի» (Ֆրանսիա) նկատմամբ։ «B» խմբում առավել մեծ հետաքրքրություն էր ներկայացնում «Լիվերպուլ» (Անգլիա)-«Բարսելոն» (Իսպանիա) հանդիպումը։ Հյուրերն այն անցկացրին մեծ վերելքով եւ մրցակցի դաշտում անչափ կարեւոր ու համոզիչ հաղթանակ տարան՝ 3։1։ Այսպիսով, իսպանացիները բոլորին հասկանալ տվեցին, որ ամենայն լրջությամբ նպատակ ունեն «իրենցով անել» չեմպիոնների գավաթը։ Համառ պայքարում ընթացավ նաեւ Թուրքիայում կայացած «Գալաթասարայ»-«Ռոմա» (Իտալիա) խաղը։ Ճիշտ է, հռոմեացիներին հաջողվեց մեկ միավոր վաստակել, սակայն դաշտի տերերն էլ դեռ չեն ճաշակել հարազատ հարկի տակ պարտություն կրելու դառնությունը Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում։ Այս գիշեր մյուս երկու խմբերում կայացավ եւս չորս հանդիպում։ «C» խմբում Հունաստանի «Պանատինաիկոսը» հյուրընկալեց Պորտուգալիայի «Պորտուին», «Սպարտան» (Չեխիա)՝ Մադրիդի (Իսպանիա) «Ռեալին»։ Իսկ «D» խմբում զույգեր կազմել էին «Դեպորտիվոն» (Իսպանիան) եւ «Արսենալը» (Անգլիա), «Յուվենթուսը» (Իտալիա) եւ «Բայերը» (Լեւերկուզեն, Գերմանիա)։ Մրցաշարային աղյուսակներ «A» խումբ Բոավիշտա 1 1 0 0 1-0 3 ՄՅՈՒ 1 0 1 0 1-1 1 Բավարիա 1 0 1 0 1-1 1 Նանտ 1 0 0 1 0-1 0 «B» խումբ Բարսելոն 1 1 0 0 3-1 3 Ռոմա 1 0 1 0 1-1 1 Գալաթ. 1 0 1 0 1-1 1 Լիվերպուլ 1 0 0 1 1-3 0 Ա. Հ.