Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մինաս

Նոյեմբեր 22,2001 00:00

Անկրկնելի Մինասը Մինաս Ավետիսյանն իր կենդանության օրոք իսկ առասպել էր։ Ահա այդ առասպելն է, որ ներկայացված է ողջ հմայքով, իր արվեստին վայել ցուցադրությամբ, ամբողջական, սիրելի ու, ավաղ, ափսոսանքի ու թախծի շղարշով։ Նորարար փորձառական արվեստի կենտրոնը մեզ մատուցեց անխառն ու անանց վայելք, Մինասին ըմբոշխնելու, նորովի «տեսնելու» հնարավորություն։ Նոյեմբերի 21-ի երեկոյան ձյունախառն անձրեւը չկարողացավ խոչընդոտել Մինասի ցուցահանդեսի բացմանը շտապող բազմաթիվ արվեստասերների։ Մինաս Ավետիսյանի կինը՝ Գայանեն, տղաները՝ Արմանը եւ Նարեկը, ՆՓԱԿ-ի հիմնադիր Էդուարդ Պալասանյանը, ՆՓԱԿ-ի գեղարվեստական տնօրեն Ստեփան Վերանյանը, ողջ աշխատակազմը կատարել են աննախադեպ, գնահատանքի արժանի մի գործ։ Ի մի բերելով Մինասի ստեղծագործական տարբեր շրջանների տարաբնույթ աշխատանքները, նրանք նորովի, «ավանգարդ» մոտեցումով էին կազմակերպել ցուցահանդեսը։ Տիկին Մինասյանը գոհ էր, որ Մինասը ցուցադրվում է ոչ միայն մինասյանական կտավներով։ Ներկայացվել են առաջին անգամ «Գայանե» բալետի համար ձեւավորված զգեստների էսքիզներն ու Մինասի ձեռքով կարված տարազները, հսկայական կտավի վրա՝ «Գայանեի» բեմական ձեւավորումները, չցուցադրված կտավներ, գրաֆիկաներ։ Մինասի որմնանկարները սփռված են Շիրակում՝ Վահրամաբերդում, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնում, Երեւանի Երրորդ մասի մի ուսումնարանում, որը հիմա վերանորոգվում է որպես դատախազություն։ Բոլորն էլ անմխիթար վիճակում են եւ ենթակա ավերման ու քայքայման։ Ժամանակին այդ որմնանկարներից միայն մեկը Վանո Սիրադեղյանի կարգադրությամբ «պաշտպանվել» է փայտյա պատերով։ Հայաստանով մեկ սփռված արժեքավոր այդ որմնանկարները նկարահանվել են, եւ ցուցահանդեսի ընթացքում պատից պատ լայն էկրանով ցուցադրվում էին։ Երկու այլ դահլիճներում հնչում էր Մինասի ձայնը, ցուցադրվում պահպանված նկարահանումներից պատառիկներ։ Սրանից 30 տարի առաջ Մինասի ձայնագրված խոսքը դառն է եւ բնութագրում է ոչ վաղ անցյալի մեր արվեստի վիճակը։ Բյուրականից մինչեւ Տեղեր վանք քայլելիս ֆրանսահայ զրուցակիցը ձայնագրել է Մինասին եւ ձայնագրությունը վեց ամիս առաջ ուղարկել է Հայաստան։ Ներկաների գնահատականը մեկն էր՝ ապրեք, շնորհակալ ենք։ Այդ բոլորը միասին ամբողջացնում են Մինասի մասին մեր ունեցած պատկերացումները եւ, իհարկե, միաժամանակ ժխտում կարծրացած անհիմն ստերեոտիպը։ Նարեկ Ավետիսյանը նշեց, որ հենց ինքը՝ Մինասն էր անընդհատ փորձում կոտրել այն՝ փորձարկելով նորանոր մեթոդներ ու ոճեր։ «Իսկական արվեստը չի կարող կաղապարված լինել, չի կարելի այն դիտել կոնտեքստից, ժամանակից ու տարածությունից դուրս։ Մինասը մեր արվեստի այն ոսկյա օղակներից է, որը շաղկապում է հինը նորին ու գնում է դեպի ապագա»,- ասում է Էդուարդ Պալասանյանը։ Ցուցահանդեսը կգործի եւս մեկ շաբաթ։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել