Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կամ՝

Նոյեմբեր 22,2001 00:00

ՓՈԽԱԴԱՐՁ ԿՐԱԿԱՀԵՐԹԵՐ ՀՖՆ-ՈՒՄ Կամ՝ ո՞վ է, ի վերջո, ոչ պրոֆեսիոնալը. ղեկավա՞րը, թե՞ նվագախումբը «Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի վերջին մի քանի համերգներում բացարձակապես գերիշխում էր ոչ պրոֆեսիոնալիզմը, Է. Թոփչյանին հատուկ սիրողականությունը եւ այս ամենից բխող, արդեն օրինաչափ, երաժիշտների նյարդային եւ անհանգիստ վիճակը։ Վիճակ, որը կարող է նույնանալ պայթուցիկի վրա նստած մարդու վիճակի հետ։ Չխոսելով արդեն հրավիրված հայտնի մենակատարների (Սթիվեն Իսերլիս, Սերգեյ Բաբայան եւ այլք) արդարացի զայրույթի եւ անբավարարվածության մասին»,- սա ընդամենը մի հատված է ՀՖՆ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի դեմ ուղղված մեղադրանքներով հարուստ նամակից, որը ստորագրված էր «ՀՖՆ-ի մի խումբ աշխատակիցներ»։ Սկզբունքորեն այս կարգի, վերջին հաշվով՝ անստորագիր նամակներին «Առավոտը» չի անդրադառնում։ Սակայն, քանի որ նամակաբերներն իրենք՝ ՀՖՆ-ի աշխատակիցներն էին, որոնց չբացահայտվելու ցանկությունն ինչ-որ առումով հասկանալի էր, որոշեցինք գնալ նամակի հետքերով։ Որ ՀՖՆ-ում ամեն ինչ հարթ ու կատարյալ չէ, որ մեր ֆիլհարմոնիկ նվագախումբն այնքան էլ «չտեսնված» ու «բացառիկ» չէ, բանից պարզվում է, գիտեին ոչ միայն նվագախմբի հիշյալ անդամները, համերգների մշտական ունկնդիրները, այլեւ ինքը՝ Է. Թոփչյանը. «Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբում առայժմ ամեն ինչ փայլուն չէ։ Գուցե ՀՖՆ-ն Անդրկովկասում լավագույնն է, գուցե ԱՊՀ-ում էլ լավագույններից մեկն է, բայց էդ ոչինչ չի նշանակում։ Ես շփվում եմ տարբեր նվագախմբերի հետ. մի երկու բառ ասում եմ, հետո չափ եմ տալիս՝ փայլուն համերգ են տալիս։ Այստեղ ինձ կոտորում եմ, երգում եմ, ձենս կտրվում է, բայց որակ չկա, գուցե էս որակը ինչ-որ մեկին ձեռք տա, բայց ինձ չի բավարարում»։ Պրն Թոփչյանն անդրադարձավ նաեւ «հայտնի մենակատարների զայրույթին». «Սերգեյ Բաբայանից բացի ոչ մեկը նվագախմբից դժգոհ չի մնացել։ Իսերլիսը հիացած գնաց։ Իր ասուլիսի ժամանակ էլ ասաց, որ հիացած է մեր աշխատանքով։ Ու դա այն դեպքում, երբ գործերից մեկի պարտիտուրան մենք ստացել ենք Իսերլիսի գալու օրը։ Իսկ Սերգեյ Բաբայանը չգիտեմ որտեղ եւ ինչպես է արտահայտվել, բայց վստահ եմ, որ դժգոհ էր։ Պատճառնե՞ր։ Պատճառները շատ են։ Բայց չթվարկեմ դրանք, որովհետեւ, ի վերջո՝ Ս. Բաբայանը լավ նվագեց, իսկ նվագախումբը՝ վատ։ Համարենք, որ դա իմ տՐՏՉՈս-ն էր։ Թող այդպես լինի։ Չստացվե՛ց։ Տասնյակ մենակատարների հետ եմ աշխատել, նվագակցել ենք, կարողացել եմ «բռնել», ոչ մեկը երբեք դժգոհ չի մնացել, իսկ Սերգեյ Բաբայանի հետ չէի կարողանում։ Ի՞նչ անենք»։ Ըստ էության, ե՛ւ նվագախմբի դժգոհ անդամները, ե՛ւ դիրիժորը համամիտ էին մի հարցում՝ նվագախմբի առջեւ դրված լարված տեմպին՝ ամեն ուրբաթ մի համերգ (իսկ միայն սեպտեմբերին նվագել են 12 համերգ), նվագախումբն այլեւս չի դիմանում։ Նամակագիրները գրում են. «Գուցե ժամանա՞կն է մաեստրոյին հրաժարվելու իր նախորդի կողմից ներմուծած ընթացիկ համերգների ժամանակային մեկշաբաթյա ինտերվալից։ Այլեւս չի ներում բավարար արհեստավարժ պատրաստվածությունը, որի հետեւանք են դառնում չմտածված, վատ կատարումները»։ Այստեղ պրն Թոփչյանը չէր վիճում. «Անշուշտ էս տեմպի մեջ չենք հասցնում։ Էդ տեմպը ես չեմ որոշել, ես ինքս բողոքել եմ էդ տեմպի դեմ։ Այո՛, որակը ընկնում էր, բայց եթե խոսենք առաջվա որակից ու այսօրվա, պիտի ասեմ ամենայն պատասխանատվությամբ՝ այսօրվա վատ որակը առաջվա ամենալավից էլ լավն է։ Նախկինում նվագախումբն իրոք սիրողական մակարդակի վրա էր, իսկ հիմա՝ վատ պրոֆեսիոնալ մակարդակի վրա»։ Դիրիժորը վստահ էր, որ այս կարգի «կեղտոտ խարդավանքները», որ երաժշտական միջավայրում անպակաս են, ժամանակին պատճառ դարձան ՀՖՆ-ից Գերգիեւի հեռանալուն. «Ես չեմ ուզում համեմատվել Գերգիեւի հետ, նա շա՜տ մեծ դիրիժոր է, բայց երբ նրան ֆիլհարմոնիկից հանեցին, ամբողջ խումբը գրեց, որ Գերգիեւը «պրոֆնիգոդնի» է։ Իսկ ես պրոբլեմ չունեմ։ Իրենց էլ եմ ասել՝ բավական է բոլորդ միասին որոշեք, որ ես այլեւս ձեր դիրիժորը չեմ, նվագախմբի տեսուչը թող մի բերան ասի՝ խումբը ձեզ չի ուզում, ես անմիջապես կգնամ։ 45 րոպե է ինձ հարկավոր՝ պարտիտուրաներս հավաքեմ, էս սենյակից դուրս գամ։ Դրանից հեշտ տարբերա՞կ։ Ես ոչ դատի կտամ, ոչ վատ կզգամ։ Մինչեւ 2006թ. պայմանագրեր ունեմ կնքած, իսկ 2002թ. սեպտեմբերից ընտրված եմ գերմանական լավ նվագախմբերից մեկի դիրիժոր։ Ես այստեղից կառչելու խնդիր չունեմ։ Ուղղակի վստահ եմ, որ նվագախումբը միահամուռ չի լինի այս հարցում, ավելին՝ կեսից ավելին կպնդի, որ ես մնամ։ Ու դա նրանից չէ, որ ես սիրուն աչքեր ունեմ»։ Այս աղմուկն, ըստ Թոփչյանի, բարձրացել էր նրանից, որ առաջիկայում սպասվում է նոր մրցույթ, որի արդյունքում «մի քանի շա՜տ վատ նվագողներ գուցե դուրս կմնան, իսկ մի քիչ վատերն այնքան պիտի պարապեն, որ մի արդյունքի հասնեն»։ Անկեղծ ասած, նամակի շեշտադրումն ինքնին վկայում էր երաժիշտների դժգոհության հիմնական աղբյուրը. «Հայտարարվեց մաեստրոյի հերթական հրամանը նվագախմբի մրցույթի վերաբերյալ։ Ծրագիրը, որ պարտադրվել է արտիստներին՝ միջազգային մրցույթների 3-րդ փուլ անցած բարձրագույն ստեղծագործություններն են»։ Եվ եթե հարկ եղած դեպքում նվագախումբը թողնել-հեռանալ դիրիժորը պատրաստ էր, ապա մրցույթից հրաժարվելու միտք չուներ. «Որպեսզի որեւէ նվագախումբ լավ նվագի, պետք է լավ երաժիշտներից բաղկացած լինի։ Պետք է գործիքին կատարելապես տիրապետեն։ Իսկ էս մարդիկ չեն ուզում պարապեն, չեն ուզում իրենց նեղություն տան։ Պարտիտուրան չեն կարողանում նվագել, ֆալշ են նվագում, մոտավոր են նվագում։ Կարո՞ղ է՝ ես եմ ֆալշ չափ տալիս, որ իրենք ֆալշ են նվագում։ Ռիթմն էլ շատ արագ է՝ 4 փորձ, մի համերգ։ Ոմանք ուղղակի վախենում են իրենց հաշմանդամ որակով նվագեն՝ բոլորը տեսնեն, իմանան, որ որակ չկա։ Չկա՛ որակ։ Կան փայլուն երաժիշտներ, բայց կան նաեւ շատ վատերը։ 12 կոնցերտի անուն եմ գրել, գոնե մեկը պիտի կարողանան նվագել։ Կոնսերվատորիա ավարտած մարդիկ են՝ չպիտի՞ կարողանան նվագել։ Չեն պարապում իրենց գործիքների վրա։ Ինչ ուզում են՝ անեն, մրցույթը պիտի անցկացնեմ»։ Նվագախմբի ղեկավարը այս ամենի մեջ տեսնում էր ոչ միայն մշակութային միջավայրին բնորոշ անմաքուր մթնոլորտի, ազգային մենթալիտետի ազդեցություն, այլեւ՝ սոցիալական վիճակի դրսեւորումներ. «Դահլիճը ցուրտ է։ Քիչ փող են ստանում։ Ես էլ ասում եմ՝ պարապեք։ Հասկանալի է, որ դա իրենց դուր չի գալիս։ Դժոխային վիճակ է»։ Նամակում Է. Թոփչյանի դեմ ուղղված այլ մեղադրանքներ եւս կային, որոնք վերաբերում էին մասնավորապես նրա երաժշտական ճաշակին կամ անցած կրթական ուղուն։ Սակայն, քանի որ դրանք խիստ անձնական որակներ են՝ չենք պատրաստվում անդրադառնալ։ Ճիշտ այնպես, ինչպես չենք անդրադառնա մի քանի երաժիշտներին՝ Թոփչյանի տված որակումներին։ Ու, թեեւ դատավորի դեր ստանձնելու ցանկություն ամենեւին չունենք, սակայն չենք էլ ցանկանում, որ երբեւէ այս շփոթը այնքան խտանա, որ կամա թե ակամա հայտնվենք բարիկադների այս կամ այն կողմում։ Ի վերջո, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն, անկախ իր պրոֆեսիոնալ մակարդակից, մեր մշակութային հարստություններից է ու բավականին թանկ։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել