Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում տեղի կունենա բուհերի ընդուն

Նոյեմբեր 22,2001 00:00

Հանձնաժողովը գաղտնիքնե՞ր ունի պահած Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում տեղի կունենա բուհերի ընդունելության քննություններին առնչվող հերթական դատական հայցի քննարկումը։ Փաստորեն, արդեն ավանդույթ է դառնում քննություններին առնչվող տարաձայնությունները դատական կարգով լուծելը։ Այս անգամ դատարան հայցով դիմել է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը՝ բողոքարկելով Գյումրիի այս տարվա պետական բուհերի ընդունելության քաղաքային քննական հանձնաժողովի գործողությունները։ Վերջինս խախտել է տեղեկություններ ստանալու՝ լրագրողների սահմանադրական եւ օրենսդրական իրավունքը։ Այսպիսով, ավանդույթ է դառնում նաեւ տեղեկություններ ստանալու իրավունքը դատական կարգով պաշտպանելը։ Սակայն մինչեւ հարցը դատարան հասնելը, «Ասպարեզը» փորձել է խնդիրը, այսպես ասած՝ խաղաղ ճանապարհով լուծել։ Սակայն քննական հանձնաժողովն անդրդվելի է եղել։ «Ասպարեզի» խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը եւ «Իրավունք» շաբաթաթերթի թղթակից Գագիկ Նիկողոսյանը հանձնաժողովի դեմ հայցով դիմել էին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան։ Սակայն, ի վերջո, հայցի քննարկումը տեղափոխվել է Երեւան, քանի որ որպես պատասխանող կողմ պետք է հանդես գա ԿԳ նախարարությունը՝ ի դեմս նախարարության իրավաբանական վարչության։ Իսկ Գյումրիի քաղաքային քննական հանձնաժողովը չէր կարող որպես պատասխանող կողմ հանդես գալ, քանի որ վերջինս քննությունների ավարտից հետո լուծարվել է եւ, հետեւաբար, դատարանում հանդես գալու լիազորություն չունի։ Իսկ ամեն ինչ սկսվել է նրանից, որ քննական հանձնաժողովը օգոստոսի 7-ին մերժել է «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի խնդրանքը՝ մասնակցել քննությանը սկզբից մինչեւ վերջ։ Հանձնաժողովը հայտարարել է, թե «ժուռնալիստները գրավոր քննությունների վերջին մեկ ժամը չեն կարող գտնվել քննասենյակում»։ Ի դեպ, երեկ մենք ԿԳՆ-ի բարձրագույն կրթության վարչությունից ճշտեցինք, որ մարզերի քաղաքներում ոչ կենտրոնացված համակարգով անցկացվող բուհական ընդունելության քննությունների ընթացակարգը, կանոնակարգը եւ կանոնակարգող այլ փաստաթղթերը եւս հաստատում եւ մարզային քննական հանձնաժողովներին է տալիս ԿԳՆ-ն։ Դրանցում ոչ մի կետ չկա այն մասին, որ լրագրողը քննության ավարտից մեկ ժամ առաջ իրավունք չունի գտնվել քննասենյակում։ Փաստորեն, Գյումրիի քննական հանձնաժողովի այդ որոշումը պարզապես ինքնագործունեություն է։ Լրագրողները խնդրել են հանձնաժողովին՝ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբին տրամադրել այդ որոշման եւ ընդհանրապես հանձնաժողովի բոլոր նիստերի արձանագրությունների պատճենները, եթե դրանք չեն պարունակում ծառայողական կամ պետական որեւէ գաղտնիք, սակայն հանձնաժողովը մերժել է այս խնդրանքը։ «Առավոտը» բազմիցս գրել է, որ ԿԳ նախկին նախարար Էդուարդ Ղազարյանի օրոք, ի տարբերություն իր երկու նախորդների, Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստերը փակ էին լրագրողների համար։ Իսկ նախորդ տարի, երբ մենք ԿԳ նախարարից թույլտվություն խնդրեցինք՝ ծանոթանալու նիստերի արձանագրություններին, քանի որ տեղեկություններ ունեինք, որ հանձնաժողովը անօրինական որոշումներ է կայացրել, Էդուարդ Ղազարյանը մերժեց մեր խնդրանքը, ինչի մասին եւս գրվել է։ Հետաքրքիր է, թե դատարանում ԿԳՆ ներկայացուցիչը այդ տվյալները որպես պետակա՞ն, թե՞ ծառայողական գաղտնիք կներկայացնի եւ ինչպե՞ս կհիմնավորի։ Համենայնդեպս, կանոնակարգերում ոչ մի կետ չկա այն մասին, որ լրագրողները իրավունք չունեն ծանոթանալ հանձնաժողովների նիստերի արձանագրություններին։ Ի դեպ, իսկ լրագրողների՝ հանձնաժողովին ուղղված գրավոր նամակներում հիմնավորվում է, թե ինչո՞ւ են անհրաժեշտ այդ փաստաթղթերը. «Ակումբը այդ պատճենները բազմացնելու է եւ փոխանցելու Գյումրիում աշխատող կամ այցելու ժուռնալիստներին, բոլոր հետաքրքրվողներին՝ ուսումնասիրելու, անհրաժեշտության դեպքում՝ հրապարակման համար»։ Նույնիսկ պատրաստակամություն է հայտնվում հոգալ պատճենահանման հետ կապված բոլոր ծախսերը։ Սակայն թե՛ այս նամակը, թե՛ «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» Գյումրիի մասնաճյուղի (որի աջակցությանը դիմել էին լրագրողները) նամակը, թե՛ այս առթիվ Գյումրիի լրագրողների բողոքի հայտարարությունը ոչ մի դրական արդյունք չեն տալիս՝ թողնելով միայն հարցը դատական կարգով լուծելու ելքը։ Լրագրողների հայցադիմումում նշվում է, որ «Փաստորեն, պատասխանող կողմը, արգելափակելով Գյումրիում աշխատող ժուռնալիստների իրավունքները, խախտել է ՀՀ սահմանադրության 24 հոդվածը եւ «Մամուլի ու զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» 1991թ. ՀՀ օրենքի 2, 4, 27, 28 հոդվածների պահանջները»։ Լրագրողների կարծիքով՝ «Ժուռնալիստների պահանջների բավարարումը կարող է բավականաչափ լուրջ նախադեպի սկիզբ դնել մեր իրականության մեջ ամեն քայլափոխի պատահող՝ իշխանություն կրողների կողմից տեղեկատվության արգելափակումների դեմ»։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել