Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինակային

Նոյեմբեր 22,2001 00:00

ՏԱՌԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՂԵ՞Լ Է, ԹԵ՞ ՈՉ Հեղինակային իրավունքի պաշտպանությանը նվիրված Հայաստանի եւ Միջազգային ինժեներական ակադեմիաների ակադեմիկոս, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սաֆարյանի եզրակացության համաձայն, Երեւանի Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում (Օպերայի թատրոնի հարեւանությամբ) տեղադրված HSBC բանկի գովազդային վահանակների ձեւավորման մեջ «Փոխանցումների բազմաթիվ տարբերակներ» արտահայտությունը շարված է ArTarumian Bakhum, իսկ «Պահեք ձեր արժեքավոր իրերը»՝ ArTarumian Harvats տառատեսակներով։ Ցուցավահանակի լուսանկարը, որը պատկերված է ստորեւ, ներկայացվել էր նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանին, ուր քննության պիտի դրվեր «Թառումյան» տառատեսակի հեղինակ Ռուբեն Հակոբյանի հայցն ընդդեմ HSBC Armenia բանկի։ «Հակաստվեր» հասարակական կազմակերպության երեկվա հրավիրած կլոր սեղանի հյուրը Ռուբեն Հակոբյանն էր, նրա փաստաբանը՝ Արմեն Ուրմնշատյանը։ Նրանք էլ ներկայացնելով հեղինակային իրավունքի պաշտպանության մասին իրենց քաղհայցը, տեղեկացրին լրատվամիջոցներին, որ հայցի քննություն ըստ էության չի եղել եւ իրենց անհասկանալի հիմքերով դատավոր Գայանե Կարախանյանը բավարարել է HSBC Armenia բանկի միջնորդությունը, այն է՝ գործն ուղարկել տնտեսական դատարան։ Թեեւ, ըստ տառատեսակների հեղինակ Ռուբեն Հակոբյանի, իրեն հասկանալի հիմքը եղել է այն, որ բանկի շահերը պաշտպանել է եւ միջնորդությունն արել է իրավաբան Հայկ Հարությունյանը, որը արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրն է։ Ի դեպ, երեկվա կլոր սեղանին հրավիրվել էին եւ Հայկ Հարությունյանը, եւ HSBC բանկի ներկայացուցիչները, սակայն նրանք ոչ միայն հրավերը չէին ընդունել, այլ չէին էլ ասել, թե ինչու չեն ընդունել «Հակաստվերի» հրավերը։ «Պատասխանող կողմը՝ բանկը, փոխարեն պնդեր իր անմեղությունը, առաջարկում է գործը տեղափոխել տնտեսական դատարան»,- ասում էր Ռ. Հակոբյանը եւ որը, սակայն, ըստ փաստաբան Ա. Ուրմնշատյանի, «տնտեսական իրավահարաբերություն չի», քանի որ չի եղել պայմանագրային փոխհարաբերություններ։ Փաստաբանն ասաց, որ բանկը օգտագործել է տառատեսակը ոչ միայն գովազդային ցուցավահանակում, այլ բրոշյուրներում եւ, ընդ որում, կապված ցուցավահանակի հետ էլ, ասել է, որ այն պատվիրվել է այլ տնտեսվարող սուբյեկտի միջոցով, որը պիտի պատասխան տա։ Սակայն այն, որ հենց բանկն է եղել պատվիրատուն, փաստաբանը ներկայացրեց Կենտրոն թաղապետարանի թույլտվությունը, որը գովազդային պայմանագիր էր կնքել ապրիլի 1-ից մինչեւ տարեվերջ։ Ներկայացվեց նաեւ լեզվի պետական տեսչության գրությունը «պաշտոնական հավաստմամբ»։ Տառատեսակի «կողմը» գտնում է, որ տեղի է ունեցել գողություն, որ գողացվել են իրենց տառերը, առանց հեղինակի իմացության եւ թողտվության եւ եթե Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը խնդիր ուներ որեւէ այլ դատարան հայցը ուղարկել, ապա «սա քրգործ է։ Գողություն է եղել» եւ կարող էր իր վարույթում 20 օր շարունակ չպահել, ուղարկել այլ տեղ։ Ռուբեն Հակոբյանը 10 տարի է աշխատում է համակարգչային տառատեսակների ստեղծման ոլորտում եւ ArTarumian անունը կրող 50-ից ավելի տառատեսակի հեղինակ է (ի դեպ, «Առավոտն» էլ է օգտագործել նրա տառերը)։ Նրա տառատեսակները գրանցված են ՀՀ հեղինակային իրավունքների ազգային գործակալությունում։ Խնդրի հանրայնացումը մի նպատակ ուներ նաեւ. հնչեցնել, որ «բազմաթիվ նկարիչների, երաժիշտների, ծրագրավորողների, նաեւ լրագրողների, լուսանկարիչների եւ այլ ստեղծագործողների շահերն են ոտնահարվում ամեն քայլափոխի։ Եվ ցավալին այն է, որ ներկայումս նրանցից շատերի մտքով էլ չի անցնում, որ կարող են պաշտպանել իրենց այդ իրավունքը։ Եվ դա էլ ավելի է սաստկացնում թողտվության մթնոլորտը»,- ասում էր Ռուբեն Հակոբյանը։ Ի դեպ, ակնարկ եղավ ընդհանրապես համակարգչային «ծովահենության» մասին նույնպես, ոլորտ, որն անվերահսկելի է եւ, որ ամենամեծ իրեղեն ապացույցն է, տարատեսակ գողությունների պարտակման։ Բայց դա ամենածանր գալիք թեմաներից մեկն է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել