Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մոսկովյան

Նոյեմբեր 22,2001 00:00

Բլից բուժհարցազրույց Մոսկովյան 13 հասցեում գտնվող թիվ 4 պոլիկլինիկայի մի խումբ աշխատակիցներ մտավախություն ունեին, թե ՀՀ կառավարությանն առընթեր առողջապահության գործակալության կողմից օրերս փոխանցվել է 10 մլն դրամ գումար, մինչդեռ իրենք աշխատավարձ չեն ստացել։ Վերջիններիս պնդմամբ՝ պետությունն իրենց պարտք է 8 ամսվա աշխատավարձ դեռ 2000 թվից։ Այս տարի նրանց վճարվել է միայն ապրիլ, մայիս եւ հունիս ամիսների աշխատավարձը։ Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Համլետ Միրզոյանից տեղեկացանք, որ վճարովի ծառայությունների մասով մինչեւ հիմա փակված են բոլոր պարտքերը եւ բուժհիմնարկներին հանձնարարված է փոխանցվող գումարներից առաջին հերթին փակել աշխատավարձերի պարտքերը, ինչը թիվ 4 պոլիկլինիկայի որոշ աշխատակիցների կարծիքով, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Պոլիկլինիկայի գլխավոր բժշկի բուժգծով տեղակալ Լաուրա Ղազարյանը մեզ հավաստիացրեց, որ թեեւ գործակալությունը գումար է դուրս գրել, սակայն «դրանից 2,5 մլն դրամ մինչ տեղ հասնելը արդեն ուղղվել է կոմունալ պարտքերի փակմանը»։ Դրան հակառակ՝ առողջապահական գործակալության Երեւանի տարածքային վարչության պետ Խաչիկ Քոլոզյանը հայտարարեց, որ գործակալությունը բուժհիմնարկներին ֆինանսավորումը հատկացնում է ընդամենը ըստ հիվանդների այցելությունների եւ երբեւէ չի զբաղվում կամ հետաքրքրվում կոնկրետ բուժհիմնարկների կոմունալ պարտքերի մարման խնդիրներով։ Ըստ 4-րդ պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Ռուբեն Վարդանյանի՝ կոլեկտիվը թյուրիմացաբար է ընկալել ամեն ինչ, մանավանդ, որ վերջին 15-20 օրվա ընթացքում որեւէ ֆինանսավորում չի եղել։ Ճիշտ է, փոխանցվել է 10 մլն դրամ գումար, բայց ողջ 2001թ. ընթացքում, որից 2 մլն 594,5 հազարը հաշվառման գումարներ են, քանի որ «գործակալությունը հաշվառում է կատարում լույսի, ջրի եւ մնացած ծառայությունների համար, եւ երբ իրենք գումար չեն ունենում, պարտքերը ներկայացնում են նրան, որ ողջ տարվա համար հատկացված գումարից գոնե այդ մասը վճարի, որպեսզի բուժհիմնարկները չփակվեն»։ Իսկ ընդհանուր ֆինանսավորումը Ռ. Վարդանյանի ներկայացմամբ՝ 8 մլն 248 հազար դրամ է՝ առանց «հաշվառման գումարների», որից 3 մլն 300 հազար դրամ վճարվել է կենսաթոշակային ֆոնդին, 47,2 հազար էլ կազմել է եկամտահարկը։ Մնացած 4 մլն 907,8 հազար դրամից վճարվել է 2000թ. փետրվար, մարտ, դեկտեմբեր եւ 2001-ի՝ ապրիլ, մայիս, հունիս ամիսների աշխատավարձը, որը կազմել է 5 մլն 762 հազար դրամ։ Թիվ 4 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը հավաստիացրեց նաեւ, որ դեռ մի բան էլ 854 հազար դրամ ավել է վճարել իր աշխատակիցներին՝ ի հաշիվ վճարովի ծառայությունների։ Արդյունքում՝ ստացել է 10 մլն դրամ, ծախսել՝ 11 մլն։ Խորհրդակցության ժամանակ էլ «մարդկանց մեկ առ մեկ բացատրել է ինչն ինչոց է»։ Նա հիշեց նաեւ ապրիլի մեկից թիվ 255 դարձած՝ առողջապահության նախարարության 199 որոշումը, որի պատճառով իրենց 2440 մլն դրամ կազմող ֆինանսավորումը կրճատվել է կեսով, որը ավելի է սրել աշխատավարձերի վճարման պրոբլեմը։ Ի դեպ, Ռ. Վարդանյանը մեր «անկոչ» հյուրընկալությունից նախ խիստ զայրացավ, ապա զարմացավ աշխատավարձերի վերաբերյալ մեր «անտեղի» հետաքրքրությունից, հետո էլ «համոզվելով», որ իր կողմից տրվելիք ինֆորմացիան հաստատ պետական գաղտնիք չի պարունակում, որոշեց մեր հարցերին պատասխանել միայն սեփական ձայնագրիչը միացնելուց հետո։ Անսպասելի ներս մտնողն էլ երեւի կմտածեր, թե ծանր-ծանր նստած, ի շահ առողջապահության բարգավաճման, փոխհարցազրույցներ ենք միմյանց տալիս. ես՝ պոլիկլինիկայի տնօրենին, տնօրենը՝ «Առավոտ» օրաթերթին։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել