Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պարզվում է, երթեւեկության վատ, շատ վատ սպասարկման գրեթե բոլոր հիմքերը դրվում են հենց սկզբից՝ մրցույթ

Նոյեմբեր 22,2001 00:00

«ԽԱՐԽՈՒԼ» «ԵՐԱԶ»-ՆԵՐՈՎ՝ ԵՎՍ 3 ՏԱՐԻ Պարզվում է, երթեւեկության վատ, շատ վատ սպասարկման գրեթե բոլոր հիմքերը դրվում են հենց սկզբից՝ մրցույթների ժամանակ։ Այլապես, հո ձեզ չի՞ թվում, որ այդ «փլված» «ԵրԱԶ»-ները կարող էին շահել երթուղիների սպասարկման համար անցկացվող մրցույթում։ Այս օրերին անցկացվում են մերձքաղաքային մի քանի երթուղիների մրցույթներ, որոնցում տեղի ունեցող մի շարք խախտում-անօրինականությունների վերաբերյալ «Առավոտը» հավաստի տեղեկություններ ունի։ Հայտնի է, որ բենզինի եւ էլի մի երկու տեսակի բիզնեսից հետո «գծերի» գործը ամենաեկամտաբերն է։ Հասկանալի է, որ այսպիսի եկամտաբերության գայթակղությանը չեն կարող դիմանալ պատգամավորներից շատերն ու պետական, ընդ որում բարձրաստիճան, պաշտոնյաները։ Ու որտեղ սրանց «մատը խառն» է, այնտեղ փնտրեք անօրինականություն։ Հաստատ կգտնվի։ Այսպիսով, գլխավոր անօրինականություններից մեկն այն է, որ մերձքաղաքային երթուղին սպասարկելու համար մրցույթին մասնակցում են նաեւ այնպիսի երթուղային տաքսիներ, որոնք արդեն մեկ անգամ շահել են մրցույթում, ամրագրված են քաղաքային երթուղում եւ սպասարկում են դա։ Պարզ է, որ կրկնակի անգամ «մրցում» են լավագույն տաքսիները։ Չի կարելի, բայց սա արվում է, նույն՝ մրցույթը շահելու նպատակով։ Նշենք այդպիսի տաքսիներից ընդամենը մի քանիսի պետհամարանիշները. 65LS713 «Մերսեդես»՝ թիվ 65 երթուղուց, 62SU491 «ՌԱՖ», 43OS418 «Ֆորդ», 43OS285 «ՌԱՖ»՝ թիվ 5 երթուղուց։ (Ի դեպ, թիվ 5 երթուղին «տրանսպորտնիկների» տվյալներով, «տիրություն է անում» վարչապետի որդին, ինչը, բնականաբար, փաստաթղթային որեւէ ձեւակերպում չունի)։ Այսպիսի երթուղային տաքսիները շատ են։ Այս եւ այսպիսիների ապակիներին մրցույթի օրը դեռ փակցված են եղել քաղաքապետարանի կողմից տրամադրված էմբլեմաները, որոնք կարելի էր պոկել, բայց քանի որ այս տաքսիներն ամենեւին էլ չեն պատրաստվում հրաժարվել իրենց հիմնական՝ քաղաքային երթուղիները սպասարկելու գործից, չեն պոկում։ Իսկ եթե պոկեն, պետք է դեն նետեն, որովհետեւ այլեւս հնարավոր չէ հետ փակցնել։ Ահա, այսպիսի տաքսիների «դասալքությունից» հետո էլ հայտնվում են կիսախարխուլ «ԵրԱԶ»-ներն ու մեր հոգին հանում։ Խախտումներից մեկն էլ այն է, որ հստակ չեն գործում գնահատման չափանիշները, գործում են երկակի ստանդարտները։ Այսինքն, մի դեպքում մի մեքենան կարող է բարձր միավորներ ստանալ «տարիքով երիտասարդ» լինելու համար, մեկ այլ դեպքում՝ դա կարող է հաշվի չառնվել։ Օրինակ, Երեւան-Նորակերտ, Երեւան-Էջմիածին, Արմավիր-Վանաձոր երթուղիների մրցույթներում դեպքեր են գրանցվել, երբ «Մերսեդես», «Ֆորդ» մակնիշի տակավին նոր երթուղային տաքսիներն ավելի ցածր են գնահատվել, քան, ասենք, գեղեցիկ վերանորոգված, «շպարված», բայց արդեն «տարիքով» «ՌԱՖ»-երը։ Մասնագետները նկատում են, որ սրանց մետաղյա կառուցվածքը կոռոզիայի ենթարկված կարող է լինել կամ շուտով կենթարկվի։ Ընդունված կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովի անդամ պետավտոտեսչության ներկայացուցչի գնահատականից բարձր չպետք է նշանակեն հանձնաժողովի մյուս անդամները, բայց գնահատվում է՝ միավորների քանակ ապահովելու համար։ Ըստ «Առավոտի» ունեցած տվյալների, խիստ անբարենպաստ վիճակում է հայտնվել նաեւ մերձքաղաքային ավտոբուսային ձեռնարկությունը, որն, ի դեպ, պետական է։ Ձեռնարկությունն իր նոր «Գազել»-ներով անմրցունակ է գտնվել մի «պարտիա» «Հունդայի»-ների դիմաց։ Նախկինում երթուղու սպասարկման ժամկետը 1 տարի էր, այսինքն՝ մրցույթ էր հայտարարվում երթուղին մեկ տարով սպասարկելու համար, բնականաբար, 1 տարվա համար էին մուծվում տուրքերը կամ հարկերը։ Այժմ այդ ժամկետը երկարաձգվել է՝ հասնելով 3 տարվա։ Պարզ չէ, հարկերի չափը նույնպե՞ս եռապատկվել է։ Այսինքն՝ այս անօրինականությունները հնարավոր կլինի շտկել միայն 3 տարուց։ Իհարկե, այս բոլորի վերաբերյալ «Առավոտը» ցանկանում էր տպագրել նաեւ մրցութային հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության վերահսկողական վարչության պետ Վալտեր Մարությանի պարզաբանումները, որի հետ 3 օրում չհաջողվեց կապվել, հավանաբար իր՝ գերծանրաբեռնված լինելու պատճառով։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել