Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔՐԳՈՐԾ «ԷԿՈՆՈՄԻՆՎԵՍՏԻ» ԴԵՄ

Նոյեմբեր 22,2001 00:00

ՔՐԳՈՐԾ «ԷԿՈՆՈՄԻՆՎԵՍՏԻ» ԴԵՄ Ըստ հրապարակված լուրերի՝ նյութեր էին նախապատրաստվում ԱԺ պատգամավոր, «Էկոնոմինվեստ» բանկի խորհրդի նախագահ Տարոն Սահակյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար։ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ պրն Սահակյանը պարզաբանեց, որ դատախազությունը քրեական գործ արդեն իսկ հարուցել է՝ պաշտոնական դիրքի չարաշահման եւ պաշտոնական կեղծիքի համար։ Բայց միայն փաստի առթիվ՝ ոչ իրեն, ոչ էլ մեկ ուրիշին այդ գործն (առա՞յժմ) չի վերաբերում։ «Գտնում եմ, որ հեռանկար ունի այդ քրգործը։ Մենք ինքներս բավականին լուրջ փաստարկներ ունենք այս առնչությամբ, որոնք ներկայացնելու ենք եւ ճշտելու որոշ հանգամանքներ»,- Տարոն Սահակյանն անգամ անկեղծորեն ողջունեց «Էկոնոմինվեստ»-ի առնչությամբ այդ գործի հարուցումը։ Քրգործի էությունը պրն Սահակյանն այսպես բացատրեց. «Ներկայացված փաստաթղթերի օրինականության, մեր լիցենզիան անվավեր ճանաչել- չճանաչելու վերաբերյալ է։ Հավասարապես, ե՛ւ մենք ենք ներկայացրել փաստաթղթեր, ե՛ւ Կենտրոնական բանկն է ներկայացրել իր ունեցած փաստարկները։ Կան փաստաթղթեր, որոնք հերքում են ներկայացված փաստարկները։ Թե այդ փաստարկներն իրական են կամ ոչ, ո՛վ է ներկայացրել, ով է ստորագրել այդ փաստաթղթերը՝ պիտի պարզվի փորձաքննությամբ։ Այսքանն է միայն առնչվում բանկին։ Համաձայն կանոնակարգի, մենք փաստաթղթեր էինք ներկայացրել, որոնց հիման վրա ԿԲ-ն, խորհրդակցություն անցկացնելուց հետո, թույլ էր տվել բանկին համալրել իր կապիտալը եւ աշխատել։ Մեկ տարի հետո նույն ԿԲ-ն սեփական հրամանով չեղյալ է հայտարարել այդ հրամանը եւ լուծարել բանկը։ Բնականորեն հարց է առաջանում, եթե վերահսկողության գործառույթը ԿԲ-ինն է՝ կարող էր թույլ տալ կամ չտալ, ներկայացված փաստաթղթերի մեջ հայտնաբերել կեղծիք կամ ոչ՝ ի՞նչ պարագայում կարող էինք ազդել այդ գործընթացի վրա։ Ինչո՞վ ենք մենք մեղավոր»։ Տարոն Սահակյանը նաեւ ասաց, թե չի ընդունում Տիգրան Սարգսյանին իբրեւ ԿԲ նախագահի, քանզի՝ «ԿԲ-ի նախագահի պաշտոնն այնպիսին է, որ նա երկու բան չպիտի անի։ Նախ, համակարգը չպիտի օգտագործի անձնական խնդիրներ լուծելու (ասենք՝ պաշտոն ունենալու կամ ծառայություններ մատուցելու համար) եւ որեւէ քաղաքական գործընթացի չպետք է մասնակցի»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել