10 տարի՝ շոկաթերապիայով Երեկ Գրողների միությունում «Սոցիալիստական Հայաստան» միավորման մտավորականների թեւը կլոր սեղան էր հրավիրել։ Կոչ արվեց բոլոր սոցիալիստական սկզբունքների տեր մարդկանց եւ կառույցներին՝ համախմբվել այդ միավորման մեջ եւ վճռական գործողություններով հանրապետությունը դուրս բերել խորը համակարգային ճգնաժամից։ Կոչը սկսվում էր հետեւյալ կերպ. «Հանրապետությունում 10 տարվա ընթացքում շոկային թերապիայի եղանակով իրականացվող «բարեփոխումները»՝ անցումը սովետական սոցիալիզմից դեպի ազատական հարաբերություններով տնտեսության ու ժողովրդավարական հասարակության, հանգեցին իրենց տրամաբանական վախճանին»։ Իսկ որպես ասվածին հետեւություն, Հայաստանը որակելով որպես «հետամնաց» երկիր, ասվեց. «Այս աշխարհաքաղաքական իրավիճակում այսպիսի թույլ Հայաստան չի կարող գոյատեւել»։ Իսկ առկա վարչական կադրերը, պահպանված արդյունաբերական ներուժը, սակավաթիվ բնական ռեսուրսների պայմաններում, ըստ վերոհիշյալ միավորման՝ «թույլ են տալիս վերականգնել հզոր եւ բարգավաճող երկիրը միայն սոցիալիզմի ճանապարհով»։ Եվ որպեսզի հասնեն այդ նպատակին, սոցուժերի անհրաժեշտ եւ առաջնահերթ գործողություններից մեկը պետք է լինի կատարված չարաշահումների բացահայտումը, երկրում արդարության վերականգնումը։ Իսկ սոցիալիստական հասարակության ամենաապահով շերտի ծախսերի եւ անապահով շերտի եկամուտների հարաբերությունն էլ, ինչպես նախկին ԽՍՀՄ-ում, չպետք է գերազանցի 4-ից, եւ սոց. համակարգում բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ապրեն ժողովրդի բարոյականությանն ու նյութական հնարավորությանը համապատասխանող կյանքով։ «Սոցուժերի» քաղաքական խորհրդի նախագահ Վարդան Խաչատրյանի գնահատմամբ՝ ներկա իշխանական բուրգը դեֆորմացված է։ Նրա կարծիքով, Հայաստանը գտնվում է անընդհատ պատերազմական իրավիճակներում եւ ամեն վայրկյան պասիվ պատերազմը կարող է վերածվել ակտիվ պատերազմի, իսկ այս պայմաններում բաց ազատական տնտեսություն ունենալն անթույլատրելի է։ Սոցուժերը, ըստ Վ. Խաչատրյանի, դատապարտում են իշխանությունների կողմից տարվող այն քաղաքականությունը, որը տանում է սեփականաշնորհման նոր ալիքի, եւ որն այս անգամ շոշափում է արդեն երկրի կենսական շահերը, քանի որ սեփականաշնորհման են հանված ոչ միայն երկրի ստրատեգիական, այլեւ՝ իրենցից բնական մոնոպոլիա ներկայացնող օբյեկտները։ Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, Վ. Խաչատրյանի խոսքերով, սոցուժերը անթույլատրելի են համարում բոլոր տեսակի զիջողական տարբերակները. «Այդ տարածքները կլինեն թե՛ Հայաստանի եւ թե՛ Ղարաբաղի հողերից, մենք բացարձակ անթույլատրելի ենք համարում, քանի որ այդ զիջումները ոչ մի կերպ չեն համապատասխանում անցկացված ռազմական կամպանիայի արդյունքներին։ Պատերազմը, որում հայ ժողովուրդը շահել է, պետք է ավարտվի խաղաղության պայմանագրի կնքմամբ, որը ադեկվատ կլինի տարած հաղթանակին»։ ՀԴԿ ներկայացուցիչ Եսայանն անդրադարձավ հիմնականում սահմանադրական բարեփոխումներին՝ ընդգծելով, որ այսօր առավել քան կարեւորն այն է, որ բոլոր սոցուժերը քննարկեն այն եւ լծակներ փնտրեն՝ ԱԺ լսումներին մասնակցելու համար. «Մենք գիտենք, թե ինչ ԱԺ ունենք այսօր, որտեղ ցանկացած հարց կարող են անցկացնել»։ Նա խորհուրդ տվեց ներկաներին ԱԺ-ում ներկայացված սահմանադրական 3 նախաձեռնությունները ուշադիր նայել եւ ընտրել այն տարբերակը, որը կստեղծի հանրապետական իշխանություն, այլապես, ըստ նրա, մենք վերածվում ենք գաղութային պետության։ «Մարքսիզմի եւ լենինիզմի դրույթներում շատ հետաքրքիր կետեր կան, որոնք այսօր դիտավորյալ մոռացության են մատնվել. «Իշխանությունը ժողովրդինն է»,- ինչը, սակայն, ըստ նրա, Սահմանադրության մեջ բոլորովին հակառակն է։ «Կա մունետիկ ԱԺ, տիկնիկ կառավարություն, որոնց չի կարելի թողնել լուծել այս հարցերը»,- եզրափակեց նա՝ առաջարկելով բոլոր սոցուժերին համախմբվել եւ փնտրել բոլոր հնարավոր լծակները՝ ԱԺ լսումներին մասնակցելու համար, թույլ չտալ, որ ինչպես՝ գործող Սահմանադրության մեջ, այնպես էլ՝ այս տարբերակից անտեսվի ամենակարեւորը, եւ ժողովրդին նորից զրկեն իր լծակներից։ Լ. ՍԵՅՐԱՆՅԱՆ