Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 16-ին «Առավոտում» հրապարակվել է «Աշտարակ» կաբելային հեռուստատեսության նախկին տեխնիկական չո

Նոյեմբեր 22,2001 00:00

ՆԳՆ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ՝ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ Նոյեմբերի 16-ին «Առավոտում» հրապարակվել է «Աշտարակ» կաբելային հեռուստատեսության նախկին տեխնիկական չորս աշխատողների՝ Լեւոն Ռամազյանի, Համլետ Գալստյանի, Արթուր Ղոնախչյանի եւ Սուսաննա Աղումյանի, «լրացուցիչ պարզաբանումները»: Դրա հրապարակումն ապահովագրելու համար՝ վերջիններս վկայակոչել էին «Մամուլի մասին» օրենքի 24 հոդվածը, որն, ըստ էության, նշանակում է հոդվածի հերքում, թեեւ խմբագրությանն ուղղված նամակում շարադրված տեղեկությունները ոչ թե հերքում էին մեր արդեն հրապարակած փաստերը, այլ պատմում էին նույն հեռուստաստուդիային առնչվող մեկ այլ, ոչ պակաս հետաքրքիր պատմություն: Խոսքը նրանց՝ մեկ տարի աշխատավարձ չստանալու, ստուդիայի տնօրենի կողմից շանտաժի ենթարկվելու եւ աշխատանքից հեռացվելու մասին էր: Մենք գնացինք այդ պատասխանատու հայտարարության հետքերով եւ դեմ առանք ավելի քան քստմնելի փաստերի: Իսկ ստուդիայի նախկին աշխատակիցների ոդիսականը, իրոք, ուշադրության է արժանի: Բանն այն է, որ «Աշտարակ» կաբելային հեռուստատեսությունը, որի գործունեությունն առայժմ կասեցված է, նախատեսել էր այս տարվա օգոստոսի 31-ին հաղորդում հեռարձակել, որը պատմում է մարզպետարանի կամայական որոշմամբ՝ Աշտարակի հիվանդանոցի նորակառույց շենքի ապօրինի օտարման մասին: «Սակայն օգոստոսի 27-ին, ըստ ամենայնի, այդ հաղորդման հեռարձակումը կանխելու համար համապատասխան հանձնարարական ստացած ստուդիայի տեխնիկական անձնակազմը՝ Լեւոն Ռամազյանի գլխավորությամբ, դուրս չեկավ աշխատանքի»,- պատմեց Վ.Բոցինյանը: Վերջիններս տնօրինությանն են ներկայացրել դիմում, թե տեխնիկական կազմը մեկ տարի աշխատավարձ չի ստացել եւ իրեն իրավունք է վերապահում աշխատանքից հրաժարվել՝ մինչեւ որ ստուդիայի տնօրենն ի վիճակի կլինի իրենց վարձատրել: «Զավեշտն այն է, որ ստուդիայի ամսավարձերը հավաքագրում էր հենց տեխնիկական անձնակազմը եւ նրանք լավ գիտեին ստուդիա մտնող գումարի չափը, պատկերացնում էին նաեւ, որ հավաքագրված գումարները, որոնք գոյանում էին միայն բաժանորդների մուծումներից, հնարավորություն չէին ընձեռում միանգամից վճարել աշխատակազմի մեկ տարի չվճարված աշխատավարձերը»,- պարզաբանեց ստուդիայի տնօրեն Վ.Բոցինյանը: Նա վստահեցրեց, թե աշխատողների աշխատավարձի պարտքը գոյացել էր դեռ 99-ից, երբ ստուդիան հեռուստատեսության բաժանորդային վարձը համարյա կրկնակի նվազեցրել էր: Միաժամանակ ստուդիայի տնօրենը ներկայացրեց համապատասխան փաստաթղթեր, որոնք վկայում էին, որ 99- 2000թթ. հիշյալ անձինք եւ մասնավորապես Լ.Ռամազյանը, իրենց հասանելիք աշխատավարձերը ստորագրությամբ ստացել էին: Վ.Բոցինյանը հավաստիացրեց, թե 99-ին կուտակված աշխատավարձի պարտքերը ստուդիան աստիճանաբար վճարում էր, եւ այնպես չի եղել, որ աշխատողներն ընդհանրապես աշխատավարձ չեն ստացել: Օգոստոսի 29-ին Բոցինյանի աշխատակիցները շտապել էին աշխատավարձ չստանալու համար դիմել նաեւ Աշտարակի ԱԱՆ, ՆԳՆ, հարկային եւ սոցապ բաժիններ: Ի դեպ, պարզվում է, իրավապահներին կեղծ «գործ» տվողների գաղափարախոս Լ.Ռամազյանը ՆԳՆ նախկին կամ գուցե նաեւ ներկա սպա է, եւ հայտնի չէ, թե նա արդյոք հատուկ հանձնարարականո՞վ է գործուղվել հեռուստատեսություն, թե՞ ոչ: Ամեն դեպքում, ստուդիայում աշխատանքի անցնելիս նա իր անձնական թերթիկում ՆԳ համակարգում աշխատած լինելու մասին ոչ մի հիշատակում ոչ միայն չի արել, այլեւ ներկայացրել է մաքուր Աշխատանքային գրքույկ: ԱԱՆ բաժնում, ի դեպ, Լ.Ռամազյանը, օպերատիվ տվյալներ հաղորդող գործակալի բծախնդրությամբ, մանրամասն շարադրել է իր նկատառումները հեռուստաստուդիայի գործունեության վերաբերյալ: Արդեն սեպտեմբերի 7-ից ստուդիայում ստուգումներ են սկսում ՆԳՆ Աշտարակի բաժնի, ՆԳՆ 6-րդ բաժնի աշխատակիցները, հարկային մարմինները: Արդյունքում պարզվել էր սակայն, որ ստուդիան ՀՀ որեւէ օրենքի խախտում թույլ չի տվել: Այսպես. հոկտեմբերի 24-ին Արագածոտնի մարզի դատախազի օգնական Հ.Հովսեփյանի կայացրած որոշման մեջ արձանագրվել էր, թե ստուդիայի մի խումբ աշխատակիցների՝ աշխատավարձ ստանալու մասին դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով «պարզվել է, որ կոոպերատիվը գտնվում է ֆինանսական ծանր կացության մեջ, ունի լրացուցիչ հարկային պարտավորություններ եւ չի կարողանում վճարել աշխատողների աշխատավարձերը», ուստի հոկտեմբերի 12-ին «որոշում է կայացրել քրգործի հարուցումը մերժելու մասին»: Բայց Լ.Ռամազյանի պնդումներից հետո դատախազությունը, այնուամենայնիվ, որոշել է գործով լրացուցիչ քննություն կատարել: Փոխարենն՝ արդեն Վ.Բոցինյանն է դիմել Աշտարակի ՆԳ բաժնի պետին՝ խնդրելով ուսումնասիրել Լ.Ռամազյանի եւ տեխնիկական մյուս աշխատողների գործունեությունը: Ըստ նրա՝ «ամեն ամիս 10-30 մարդ հրաժարվում էր բաժանորդագրությունից: Դեպքեր կային, երբ տեխնիկական անձնակազմի տվյալներով կոնկրետ մարդիկ հրաժարվել էին բաժանորդագրությունից, բայց նույնիսկ իրենք այդ մասին չգիտեին: Կասկածները ստիպեցին ստուգել տեխնիկական անձնակազմի ծառայությունների որակը: Պարզվեց, որ Լ.Ռամազյանն ու տեխնիկական մյուս աշխատողները արհեստական անսարքություն էին մտցնում բաժանորդի կապի մեջ, նրա պահանջով անջատում էին կապը, հետո այցելում բաժանորդին ու հարցնում՝ ուզո՞ւմ ես՝ միացնեմ՝ ավելի ցածր վարձով»: Միացումները կատարվել էին, իսկ ստուդիան զրկվել էր իր 134 բաժանորդից եւ համապատասխանաբար՝ ֆինանսական կորուստներ կրել, իսկ տեխնիկական անձնակազմը յուրացրել էր 134 հազար դրամ: Ի դեպ, նույն Լ.Ռամազյանը մինչեւ աշխատանքից հեռացվելը, ըստ Վ.Բոցինյանի, Ա.Ղոնախչյանի միջոցով իր գործընկերներին առաջարկել էր չաշխատել, նստել տանը, եւ նրանց երաշխավորել էր 2000 դրամ աշխատավարձ: Հետաքրքիր է, թե նա որտեղից էր տալու այդ աշխատավարձը: Իսկ գուցե Լ.Ռամազյանը հովանավորնե՞ր ունի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել