ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ Կառավարությանը երեկ ուղղված հարցերի միջոցով պատգամավորները դժգոհություն էին հայտնում տնտեսության ստվերայնության, առանձին ոլորտների մենաշնորհացման դեմ։ Նույն թեմաներն արծարծվեցին նաեւ վարչապետի հետ լրագրողների զրույցի ընթացքում։ «Միասնություն» խմբակցության պատգամավոր Մանվել Բադալյանին, ասենք, հետաքրքրում էր, թե ո՞րն է ստվերայնության այսչափ մեծ ծավալների պատճառը. «Քաղաքական կամքի բացակայությո՞ւնը, վա՞խը՝ ինչ-որ պատճառներից ելնելով, օրենսդրական բա՞ցը, թե՞ քաղաքական հստակ թիմի բացակայությունը»։ Հարցադրումը ներկայացնելուց քիչ անց պրն Բադալյանն առանձնազրույցի բռնվեց վարչապետի հետ։ Իսկ երբ հնարավորություն ունեցանք մենք հարցեր ուղղելու Անդրանիկ Մարգարյանին, անդրադարձանք տնտեսության ստվերայնության հետեւանքներից մեկին՝ հարկերի թերհավաքագրմանը։ Հայտնի է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը, դժգոհություն հայտնելով հարկահավաքման մակարդակից, հետաձգեց վարկի հերթական չափաքանակի հատկացումը։ «Առավոտի» հարցին, թե արդյոք հնարավոր կլինի՞ մնացած երկու ամսում հավաքել ԱՄՀ-ի պահանջած չափով հարկեր՝ 38 մլրդ դրամ, վարչապետը պատասխանեց դրական։ Կարելի է քննադատել Անդրանիկ Մանուկյանի գործունեությունը՝ դրա համար հիմքերը բավարար են։ Բայց փաստն այն է, որ հարկերի թերհավաքագրումը սկսվեց նրա պաշտոնանկությունից անմիջապես հետո՝ մինչ այդ պետբյուջեի մուտքերը (մեկ ամսվա բացառությամբ) միշտ կատարվում էին։ Մեր հարցին, թե այս պարբերական թերհավաքագրումների պայմաններում արդյոք չկա՞ կադրային լուծումների անհրաժեշտություն, Անդրանիկ Մարգարյանն արդեն բացասաբար պատասխանեց եւ նորից թվեց հայտնի պատճառները, թե պետական եկամուտների նախարարությունն ինչո՞ւ չի կարողանում ապահովել իրեն առաջադրված խնդրի կատարումը. «Էներգետիկները պիտի վերադարձնեին իրենց ավելացված արժեքի հարկը, որ ստանում էին սակագների միջոցով, հավաքագրման ժամանակ»։ Հայտնի է, որ էներգետիկայի ոլորտում գումարների հավաքագրման տոկոսը երբեք էլ առանձնապես բարձր չի եղել։ Պայմաններն, ուրեմն, այնքան էլ տարբեր չեն։ Ուղղակի միշտ այդպես է՝ աշխատողն աշխատում է, իսկ չաշխատողը պատճառաբանություններ ու պատրվակներ է ներկայացնում։ Վարչապետը երեկ նաեւ հույս հայտնեց, թե էներգետիկայի նախարարությունն, այնուամենայնիվ, ամբողջությամբ կատարելու է իր պարտավորությունները։ Նաեւ մի այսպիսի մանվածապատ միտք ասաց. «Իրականում հարկային մուտքերը, այն, ինչ 2001 թվականի բյուջեով նախատեսված էր՝ հավաքվում էին։ Ցուցանիշները, թվերը չէին համապատասխանում մեր հավաքած թվին»։ Դժվար է խոստովանել սեփական սխալները, մանավանդ, երբ դրանք բավական զգալի ազդեցություն են ունենում երկրի տնտեսության վրա։ Ամիսներ առաջ, հիմնավորելու համար ՊԵՆ-ում կադրային ու կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունը, Անդրանիկ Մարգարյանն ասում էր, թե իրականացվում է հարկային կոշտ վարչարարություն, որն արգելակում է գործարարության զարգացումը։ Սակայն վերջերս կառավարությունն ԱԺ-ին ներկայացրեց հարկային մի փաթեթ, որն, ըստ հայտարարվածի, միտված է նույն ոլորտում վարչարարության խստացմանը։ «Առավոտի» հարցին, թե ուրեմն վերանայե՞լ է իր դիրքորոշումը, վարչապետը պատասխանեց. «Ո՛չ, չեմ վերանայել։ Ուղղակի պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում «կոշտացնել» եւ «հստակեցում»։ Վարչարարության բնագավառում մեր փոփոխություններով փորձում ենք հստակեցնել օրենքներում եղած անորոշությունները, ընդհանուր ձեւակերպումները։ Այդ փոփոխություններն, ըստ իս, ավելի ձեռնտու են գործարար աշխարհին, քանի որ տարբեր մեկնաբանություններ են տրվում պետական չինովնիկների կողմից»։ Ամփոփելով իր խոսքը՝ պրն Մարգարյանն ասաց. «Մենք ցանկանում ենք հստակեցնել խաղի կանոնները՝ առանց փոխելու մեր քաղաքականությունը»։ Կառավարության հետ խորհրդարանի հարցուպատասխանի ընթացքում հնչած ուշագրավ հարցերից մեկն էլ Աղասի Արշակյանինն էր։ Նրան հետաքրքրում էր, թե ինչու թեեւ բենզինի, նավթի միջազգային գները կրկնակի ընկել են՝ Հայաստանում գները չեն փոխվում։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն ի պատասխան որոշ ընդհանուր ֆրազներ ասաց եւ միայն վերջում նշեց, թե բոլորս էլ գիտենք, որ բենզինի ոլորտը մենաշնորհ է։ «Եթե ես Ձեզ չճանաչեի՝ կասեի, թե «Միկայի» կամ «Ֆլեշի» գլխավոր հաշվապահն եք, կամ էլ նրանց հետ կիսվում եք։ Էդ ի՞նչ պատասխաններ եք տալիս»,- դժգոհեց Աղասի Արշակյանը։ «Ոչ «Միկային», ոչ էլ «Ֆլեշին» չեմ ճանաչում, չեմ էլ շփվում, չեմ էլ կիսվում, չնայած…»,- Վարդան Խաչատրյանը խոսքը կիսատ թողեց։ Բայց տեղից նրան լրացրին. «Չնայած վատ չէր լինի, եթե կիսվեին»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ