Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց նրանց առաջնորդել է դեպի աշխարհի առաջնության եզրափակիչ

Նոյեմբեր 21,2001 00:00

ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՅՈԼԱ ՉԻ ԳՆԱՑԵԼ Բայց նրանց առաջնորդել է դեպի աշխարհի առաջնության եզրափակիչ Ընթերցողներին տեղեկացրել էինք, որ ֆուտբոլի Պարագվայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ծագումով ուրուգվահայ Սերխիո Մարգարյանը այդ երկրի հավաքականն աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշար մտցնելուց ընդամենն ինը օր հետո իր բոլոր օգնականների հետ միասին հեռացվել է մարզչական ղեկից։ Կատարվածից հետո Ս. Մարգարյանը հայտարարել է. «Ես կցանկանայի մնալ։ Իմ մարզչական կարիերայի բոլոր 25 տարիներին երազել եմ աշխարհի առաջնությունում աշխատելու մասին։ Իհարկե, տրամադրությունս ընկել է։ Բայց մարզիչ աշխատելու ժամանակ հասկացել եմ, որ գտնվել եմ մշտական ճնշման տակ»։ Պարագվայի, այդ ոչ հարուստ երկրի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Օսկար Հարիսոնն այս որոշումը հիմնավորում է այսպես. «Խաղացողների եւ մարզիչների միջեւ հարաբերությունները փչացել էին, շատ էին փչացել»։ Իսկ այդ կազմակերպության մամուլի քարտուղար Արթուրո Բարչինին ավելացնում է. «Այն, ինչ կուտակվել էր վերջին երկու տարում, ժայթքեց Կոլումբիայի հետ խաղում, եւ ես կարծում եմ, թե բոլորիս շահերից է բխում աշխարհի առաջնության եզրափակիչից առաջ հավաքականում թարմություն մտցնելը»։ Այսպես հաճախ է լինում. մարդուն օգտագործում են այնքան ժամանակ, մինչեւ հասնում են իրենց նպատակին ու դրանից հետո ելքի դուռն են ցույց տալիս։ Եթե թիմում անառողջ մթնոլորտ էր տիրում, թող Մարգարյանից հրաժարվեին ավելի շուտ, հրավիրեին ավելի լավին ու նա էլ թող հավաքականի համար վաստակեր բաղձալի ուղեգիրը։ Մարգարյանը հավաքականի գլխավոր մարզիչ է աշխատել 1999թ. երկրորդ կեսից եւ գերազանց է ղեկավարել որակավորման մրցաշարի փուլը։ Այդ ընթացքում նրա սաները 18 հանդիպում են անցկացրել (+9,=3,-6)։ Պարագվայի հավաքականը երկու անգամ ոչ-ոքի է արել տարածաշրջանի ներկայիս անվիճելի առաջատար Արգենտինայի հետ եւ հաղթել է անգամ աշխարհի քառակի չեմպիոն Բրազիլիային։ Ք. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել