ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԸ ԲԱՑՎԵՑԻՆ, ԲԱՅՑ ՉՓԱԿՎԵՑԻՆ Սովետական Միության փլուզումից հետո Ռուսաստանում հայկական մշակութային օրեր չէին անցկացվել, չնայած եղել էին համերգներ, ցուցահանդեսներ, սակայն դրանցից ոչ մեկը նման չէին եղել նոյեմբերի 12-16-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում բացված հայկական մշակույթի օրերին։ Այս մասին լրագրողներին հայտնեց մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ։ Կարեւորն այն էր, որ այս միջոցառմամբ եւս մեկ անգամ ամրապնդվեցին մեր մշակութային կապերը Ռուսաստանի հետ։ Այս միջոցառումն ունի շարունակական բնույթ եւ, ինչպես Մոսկվայում անցկացված մամլո ասուլիսում ասել է Ռուսաստանի մշակույթի նախարար Շվիդկոյը՝ միջոցառման փակումը չի լինելու։ Արդեն կա համաձայնություն, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում պետք է բացվեն մշակութային կենտրոններ եւ այս երկու կենտրոնները պետք է մշտական կապեր պահպանեն միմյանց հետ։ Միջոցառմանը ներկայացվել էին ե՛ւ դասական, ե՛ւ ժամանակակից արվեստի գործիչների արժեքները։ Ռուսաստան էին տարվել կինոյի, երաժշտության, նկարչության, ինչ-որ չափով նաեւ թատրոնի ոլորտի գոհարները։ Երվանդ Ղազանչյանը լրագրողներին հայտնեց, որ պայմանավորվածություն կա Ռուսաստանում կազմակերպել հայ թատրոնի օրեր։ Նա նշեց նաեւ, որ մյուս տարի Ռուսաստանում տեղի կունենա փառատոն, որտեղ կներկայացվեն մենախոսություններ։ Հայ մշակույթի օրերին ցուցադրվել են հայկական 4 կինոնկար եւ 4 մուլտֆիլմ։ Մշակույթի օրերը բացվել են Ալբերտ Մկրտչյանի բազմաթիվ մրցանակների արժանացած «Ուրախ ավտոբուս» ֆիլմի ցուցադրումով։ Ինչպես նշեց կինոգետ, Գրողների միության քարտուղար Դավիթ Մուրադյանը, Հայաստանի մասին խոսում են իբրեւ խնդիրների երկիր, բայց մենք պետք է ապացուցենք, որ նաեւ արժեքների երկիր ենք հանդիսանում։ Ռուսաստանը Հայաստանի համեմատությամբ ահռելի պետություն է, սակայն եթե համեմատենք 2 պետությունների մշակույթները, ապա նրանք հավասար են։ Բոլոր մասնակիցներն էլ կարոտ էին նկատել հանդիսատեսի աչքերում։ Սակայն, ինչպես նշեց ռեժիսոր Լ. Մուխիսյանը՝ մասնակիցները նույնպես մեծ կարոտ ունեին դեպի այդ բեմերը։ Նշենք նաեւ, որ այս միջոցառումներին ներկա է եղել նաեւ Սերժ Սարգսյանը։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ