Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որքան վաղ կայանա նոր սերնդի շփումը արվեստի հետ, այնքան արգասավոր կլինի արդյունքը։

Նոյեմբեր 21,2001 00:00

Արվեստասեր սերունդ չի դաստիարակվում Որքան վաղ կայանա նոր սերնդի շփումը արվեստի հետ, այնքան արգասավոր կլինի արդյունքը։ Մտածելով մեր երկրում արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը զարգացնելու ուղիների, նոր աշխատատեղեր բացելու, ուսուցիչների աշխատավարձն ու թոշակառուների նպաստը բարձրացնելու, արտագաղթը կանխելու եւ այլ օրախնդիր հարցերի մասին, մենք կարծես ամենեւին մոռանում ենք մարդկային հանճարի, տաղանդի, ոգեղենության անհրաժեշտության մասին, որն էլ մեր ազգի ամենագլխավոր ռեսուրսն է եւ հարստության աղբյուրը։ Մենք չենք ունենա այդ հարստությունը 10-20 տարի հետո, եթե այսօրվանից չմտահոգվենք դպրոց-արվեստ մերձեցման ուղիներ փնտրելու մասին։ Ցավոք, մեր դպրոցները (ոչ բոլորը) վերջին 10 տարում առաջընթաց չունեցան արվեստը ներկայացնող երեք առարկաների՝ գրականության, երաժշտության եւ կերպարվեստի ուսուցման ասպարեզում։ Մեծ դժվարությամբ դպրոցական ծրագրերում ընդգրկված գեղագիտություն առարկան նույնքան հեշտությամբ դուրս մղվեց ծրագրերից եւ դարձավ նախասիրական՝ թողնվելով տնօրենների հայեցողությանը։ Գրքերի ընթերցանությունը, թանգարանների, պատկերասրահների այցելությունները, կինոֆիլմերի եւ թատերական ներկայացումների դիտումը վաղուց իրենց տեղը զիջել են հեռուստատեսությանը եւ համակարգիչներին կամ էլ էստրադային շոուներին։ Տարիներ ձգվող արտասահմանյան հեռուստասերիալները, ուշ գիշերը ցուցադրվող պարզունակ էրոտիկ ֆիլմերը կամաց-կամաց մշուշում են երեխաների ուղեղները։ Ահա այսպիսի մտահոգիչ տեսք ունի դպրոցում արվեստը նոր դարասկզբին։ Ի՞նչ է պետք։ Կարծում ենք, որ սկզբի համար հարկավոր է ուսումնական ծրագրերի մեջ մտցնել մի առարկա, որը պայմանականորեն կանվանեինք «արվեստագիտություն»։ Դպրոցական ուսուցման 11-ամյա համակարգը այդ հնարավորությունը կարող է տալ։ Մեր երեխաները պետք է հեռուստատեսությամբ եւ ռադիոյով շատ լսեն եւ տեսնեն հայ եւ ռուս գրականության նոր ծրագրերում տեղ գտած ստեղծագործությունների բեմականացումները։ Առաջարկում եմ վերականգնել «Դպրոցական ֆիլմադարանի» հաղորդումները, պոեզիայի օրերը, մանկական գրականության շաբաթները, մանկական կինոյի միամսյակները, գրողների այցելությունները դպրոցներ եւ շատ ու շատ լավ ավանդույթներ, որ հիմա մոռացվել են։ Անկեղծ ասած, վերջին մեկ-երկու ամիսներին նկատվում է որոշակի առաջընթաց այս ավանդույթների վերականգնման ուղղությամբ։ Առաջին դրական քայլերը կատարեց Գրողների միությունը, որի նախագահ Լեւոն Անանյանի հավաստմամբ՝ «մեր կորուստները սկսվեցին մանուկ սերնդի դաստիարակության կորստից»։ Ստեղծվել է զավեշտական մի վիճակ, երբ գրողը գիրք է գրում, բայց ընթերցող չունի։ Գրականությունը դադարել է պահանջմունք լինել դպրոցականի համար։ Այդ են վկայում նաեւ վերջին տարիներին բանասիրական ֆակուլտետի դիմորդների գիտելիքների իմացությունը։ Դպրոց-գրող կապը վերականգնելու համար պրն Անանյանն առաջարկում է վերականգնել «Մանկական գրականության շաբաթները»։ Այսուհետ գրողներն ավելի հաճախ կայցելեն կրթօջախներ, հանդիպումներ կունենան աշակերտության հետ։ Ուրախալի երեւույթ էր հոկտեմբերին մեր հանրապետությունում կայացած մանկապատանեկան կինոյի եւ անիմացիայի առաջին միջազգային փառատոնի անցկացումը։ Հինգ օր շարունակ Երեւանում եւ Գյումրիում մեր երեխաները հնարավորություն ունեցան կրկին գնալ կինոթատրոններ եւ դիտել հայ, ռուս, ճապոնացի, պարսիկ եւ այլ կինոգործիչների վերջին տարիներին ստեղծած ֆիլմերը, հանդիպել ռուս նշանավոր կինոգործիչների հետ։ Որոշակի տեղաշարժ է նկատվում նաեւ ռադիոյի եւ հեռուստաընկերությունների աշխատանքում, որը կրկին կլցնի մանուկների «մոռացված հեքիաթների» հրաշք աշխարհը։ ՄԵԼՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել