Լրահոս
Օրվա լրահոսը

Բացեք դռները

Նոյեմբեր 21,2001 00:00

Ալբերտ Ավետիսյանը բազմաթիվ դռներ է թակել։ Բազմաթիվ դռներ փակվել են նրա եւ նրա 7 տարեկան աղջկա՝ Լիլիթ Շելլունցի առաջ։ Փակել են, կարծելով, թե վերջ՝ խնդրին։ Այսպես ամեն օր դռներ են փակվում Ալբերտ Ավետիսյանի եւ նրա նմանների առջեւ։

Ոչ մի պաշտոնյա, չինովնիկ, ինքնակոչ-կոչված իրավապաշտպան, դատախազ, պատգամավոր արժանի չէ այն բարությանը, որն ի պատասխան իր նկատմամբ գործադրված դաժանությունների, ունի Ա. Ավետիսյանը։ Նախ ասեմ, որ 1937թ. ծնված այս մարդը Քաշաթաղի առաջին բնակիչն է եղել։

«Պաշտոնապես» երկրապահ կամավորականների միության անդամ։ Եղել է ազատամարտիկ, մասնակցել Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանական մարտերին։ Մարտական ուղին համեստ է. Երասխավան, Սադարակ, Կուբաթլի, Ասկերան, Աղդամ։ Պարգեւատրվել է Արցախի հուշամեդալով, իսկ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանից էլ որպես հիշատակ ստացել է որսորդական հրացան։ Կնոջ մահվան կապակցությամբ այս տարվա հուլիսի մեկից եկել է Երեւան։ Ու երբ վերադարձել է Լաչինի Քարեգահ գյուղի իր բնակարանը, տեսել է այն թալանված (թեեւ առանձնապես իրեր էլ չի ունեցել), իսկ բնակարանում էլ՝ մեկ ուրիշ տիրոջ։

Այդ բնակարանում Ա. Ավետիսյանն ապրել է 1994-ից, իր խոսքերով ասած՝ «ազատագրված բնակարան» էր, ուր տնտեսություն էր ստեղծել, ծառ տնկել եւ ապրում էր հենց դրանով։ Ապրում էր համեստ ու աննկատ եւ կուրծք չէր պատռում ասֆալտի վրա աճած գեներալների եւ վայ-երկրապահների, կռվող-տղա համբավ ունեցողների «իրավունքով»։

Անհնար է Ա. Ավետիսյանին լսել առանց հուզմունքի։ Նա հպարտ է իր բարությամբ ու ներողամտությամբ։ Նա ուզում է վերադառնալ իր Քարեգահը եւ չի կարող ներել Քաշաթաղի աշխատակազմի ղեկավարին, գիտե՞ք ինչի համար, որ նա «Ինձ զրկել է բնությունից, անտառից, ուր որսի էի գնում եւ դրանով էլ պահում աղջնակիս»։ – Իսկ Ալեքսան Հակոբյանը գիտե՞ քո բնակարանի մասին, կամ չի՞ առաջարկել այլ կացարան,- հարցնում եմ նրան։ Նա պատասխանեց, որ «հենց տեղում առաջարկեց. արի քեզ տանք հանրակացարան։ Ես գնացի, տեսա այդ հանրակացարանը։ Դա 4 պատ է»։ – Հիմա որտե՞ղ ես մնում։ – Մի օր քրոջս, ընկերոջս տանը։ Երբ տաք էր, գնում էի կուսակցությունների շենքերը, էս պահակի, էն պահակի մոտ, քնում… աթոռի վրա։

Դիմում եմ 5-րդ գիշերօթիկ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Շելլունցին. – Ինչպե՞ս ես զգում քեզ դպրոցում եւ որտե՞ղ էր լավ։ Նա պատմում է, որ «այնտեղ իրիկունները մեր ոտքերը լվանում էին, շորեր տալիս» եւ որ «այստեղ բոլորը չար են»։ Հասկանալի է, երեխան խնամքի կարիք ունի։ Ջերմության։ Եվ նա մեկն է նրանցից, ով տեսել է եւ գիտի, թե ինչ ասել է դռները փակել կամ ուղղակի շրխկացնել դեմքին։ Անգթորեն։ Դաժան։ Ազատամարտիկին դեռ ոչ մի առարկայական օգնություն ցույց չի տրվել այս երկրում։ Այս երկրում, որի պատասխանն Ա. Ավետիսյանը ուզում է ստանալ «տղամարդավարի»։ «Դիմել եմ ԵԿՄ-ին։ 3-4 անգամ։ Մի անգամ (առաջին ու վերջին) ամաչելով գնացել եւ կոշիկ եմ ստացել»։

Իսկ իր բնակարանը գյուղապետի մասնակցությամբ մտնելու կապակցությամբ չի՞ դիմելու դատարան հարցիս էլ պատասխանում է հուսահատ. «Իրերի հարցը դատական գործ է։ Ես ի վիճակի չեմ ծախսեր հոգալու։ Վստահ էլ չեմ, թե կհաղթեմ։ Դատախազությունն ասում է Ղարաբաղը մերը չի, այսինքն, իմ հարցը պետք է լուծվի այստեղ»։ Ա. Ավետիսյանն աշխատանք չունի։ Եվ այս կյանքում երազում է ընդամենը իր երեխայի բնակարանը՝ Քարեգահ հեքիաթային անունն ունեցող բնակավայրում։ Նա նման չէ կուրծք կամ կոկորդ պատռող քաղաքացիներին։ Նա օրենքի հավասարություն է ուզում եւ հավատում է, թե իր ազատագրած տարածքներում կգտնվի գոնե մի մարդ, գոնե մեկը, որ այս անարդարություններից իրեն կփրկի։ Կգտնվի՞։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930