Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեկուկես ամսվա գումարը՝ մեկ ամսվա հաշվում

Նոյեմբեր 21,2001 00:00

«ԱրմենՏելը» խառնում է հաշիվները Մեկուկես ամսվա գումարը՝ մեկ ամսվա հաշվում Վերջին 2 տարում ընդունված ավանդույթի համաձայն, «ԱրմենՏելի» վանաձորյան բաժանորդները պետք է մինչեւ յուրաքանչյուր ամսվա վերջ մուծեին նախորդ ամսվա հեռախոսային վարձավճարները (ներառյալ միջքաղաքային խոսակցությունների գումարները): Այս տարվա հոկտեմբերից «ԱրմենՏելը» հերթական նորամուծությունը կիրառեց. միջքաղաքային խոսակցությունների գումարը ջանասիրաբար սկսեց հաշվարկվել ոչ թե ամսվա, այլ՝ 15 օրվա կտրվածքով: Արդյունքում՝ մինչեւ հոկտեմբերի 15-ի «կոդի» պարտքերը (որոնք հոկտեմբերյան գալիք պարտքերի հետ պետք է գանձվեին մինչեւ նոյեմբերի 30-ը) մտան սեպտեմբերի գումարի մեջ եւ քաղաքացիներին ներկայացվեցին ընդհանուր պարտքի ձեւով: Եթե բաժանորդը մի փոքր շրջահայաց է, պահանջում է միջքաղաքային խոսակցությունների գումարի վերծանումը, եւ եթե մի կերպ ապացուցում է, որ դա հոկտեմբերի «կոդն» էլ է (եւ ոչ միայն սեպտեմբերի), մխիթարվելու համար ասում են, թե «Դուք մենակ սեպտեմբերի կոդը մուծեք, մնացածը թող մնա, որպես հոկտեմբերի պարտք»: Լավ, թող մնա (դիցուք): Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ այն, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշիվներում գրվում է, թե քաղաքացին պարտք է մի գումար, որը, միջքաղաքային խոսակցությունների գումարի վերծանումից հետո, պարզվում է, հոկտեմբեր ամսվա գումարն էլ է (մինչեւ հոկտեմբերի 15-ը ներառյալ): Հարց է ծագում, ինչպե՞ս կարող են մինչեւ հոկտեմբերի 1-ի ցուցակի մեջ հայտնվել մինչեւ 15-ի տվյալներ: Պարզվում է՝ «կարող» են. չէ՞ որ հաշվարկը կատարել են 15-ից հետո, բայց քաղաքացիներին տրվող ստացականներում գրում են «առ 01.10.2001»: Դժվար չէ ենթադրել, որ հաջորդ ամսին արդեն դժվար կլիներ բաժանորդների համար հաշվարկել մնացորդ գումարի վրա եկածը (իսկ եթե մի անգամ հաշվածը մեկ անգա՞մ էլ հաշվեն «ԱրմենՏելում»): Հավելումն այդ ամենի՝ նոյեմբերից էլ սկսեցին միջքաղաքայինի գումարներն ավելի «արագացված» հաշվարկել՝ 8 օրվա կտրվածքով: Նոյեմբերի 14-ի դրությամբ քաղաքացիներին ներկայացվում է մի գումար, որի մեջ մտնում է ոչ միայն հոկտեմբերը, այլեւ՝ նոյեմբերի 8-ը ներառյալ: Ամենայն ճշգրտությամբ այդ գումարի «ջոկջկելը» տեխնիկապես անհնար է, եւ դա նկատի ունենալով, տարեց մի տղամարդ մեծ աղմուկ բարձրացրեց, որի տհաճ մանրամասներին չենք անդրադառնում հայ-հունական հարաբերությունների մեջ «սեպ չխրելու» նպատակով: Ստացվում է, որ բաժանորդները պետք է պարբերաբար (ոչ ուշ՝ քան 8 օրը մեկ) ուղեւորվեն կապի բաժանմունք, բաժնից բաժին վազվզեն եւ իրենց հետ մշտապես ունենան նախորդ ամիսների մուծումների անդորրագրեր, միջքաղաքային խոսակցությունների գումարների «վերծանման» թղթեր՝ տարբեր ամիսների համար, եւ հավելյալ՝ անձնագիրը (միջքաղաքային խոսակցությունների գումարի վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալու համար քաղաքացիները պարտավոր են ոչ միայն անձնագիր ներկայացնել, այլեւ ստորագրել անձնագրային տվյալների դիմաց, որը գրանցվում է հատուկ մատյանում): Ընդհանրապես կասկածի տեղիք է տալիս, թե ինչո՞ւ քաղաքացիներին տրվող ստացականներում կոդերի գումարներն ըստ ամիսների չեն նշվում: Իսկ առհասարակ անհասկանալի է, թե ինչո՞ւ հանկարծ «ԱրմենՏելը» որոշեց ավելի արագացված հաշվարկներ կատարել՝ շաբաթվա կտրվածքով: Չէ՞ որ իր իսկ սահմանած՝ «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ կողմից բաժանորդին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների» պայմանագրի 4-րդ բաժնի 4.2. կետը սահմանում է, որ «Բաժանորդը պարտավոր է մատուցված ծառայությունների համար վճարումները կատարել լրիվ ծավալով, յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա մինչեւ վերջին աշխատանքային օրը ներառյալ՝ համաձայն ներկայացված հաշիվների»: Այդ դեպքում ինչո՞ւ հաշիվները չեն ներկայացվում «հաշվետու ամսվա» համար: Ստիպված ենք գալ այն եզրակացության, որ «արագացված» հաշվարկները բաժանորդներին իրենց հաշիվներում սխալեցնելու, շփոթեցնելու, եւ, ինչո՞ւ չէ, նաեւ կրկնակի հաշվարկների տակ գցելու միտում ունեն: Ի դեպ, մինչ կառավարությունը պատրաստվում է «ԱրմենՏելի» հետ 60-օրյա բանակցությունների մեջ մտնել, մինչ արդարադատության նախարարը հայտարարում է, որ «ԱրմենՏելի» կողմից պայմանագրերի կնքումը քաղաքացիների հետ խնդրվել է դադարեցնել, քանի որ այդ պայմանագրում կան վիճարկելի կետեր, «ԱրմենՏել»172ի Լոռու բաժանմունքում «շփշփալով» պայմանագրեր են կնքվում բաժանորդների հետ: Այստեղ նաեւ րոպեավճարին անցնելու բուռն պատրաստություններ են սկսվել, եւ որոշ կայաններ մարզում արդեն թվայնացման պրոցեսում են (Ստեփանավանում արդեն իսկ հաշվարկվում է րոպեավճարը): Փաստորեն, «ԱրմենՏելի» պայմանագրում ասվում է մի բան (վկա՝ վերոհիշյալ 4-րդ բաժնի 4.2. կետը), արվում՝ մեկ այլ, որի արդյունքում տուժում են եւ դեռ կտուժեն բաժանորդները: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել