Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առավոտը»

Նոյեմբեր 21,2001 00:00

ԵՎ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ «Առավոտը» նախանցյալ շաբաթ գրել էր, թե ինչպես է ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը պատճառաբանել Հայկական ատոմակայանի կոլեկտիվին մի քանի ամսվա աշխատավարձ չվճարելը՝ այլ ռազմավարական խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։ Իսկ անցյալ շաբաթ, նոյեմբերի 14-ին, պրն Գալուստյանի առջեւ մի նոր, իր ռազմավարական նշանակությամբ թերեւս ոչ պակաս կարեւոր խնդիր է ծագում։ Ասենք, խնդիրը գուցե ավելի վաղ է ծագել. նոյեմբերի 14-ին այն իր լուծումն է ստացել։ Պրն էներգետիկայի նախարարը «Հայէներգո» ՓԲԸ-ի տնօրեն Լեւոն Եղիազարյանին այդ օրվա գրությամբ թույլատրում է նրանց «միջոցների հաշվին ձեռք բերել մեկ հատ ծառայողական ավտոմեքենա»։ Ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների, այն նախատեսված է եղել էներգետիկայի ֆինանսական գծով փոխնախարար Իոսիֆ Իսայանի համար՝ որպես երկրորդ (կամ նոր) ծառայողական մեքենա։ Ի՞նչ կա որ. մեքենա է, հինը գուցե այնքան է հնացել, որ այլեւս պիտանի՞ չէ։ Այլ կերպ ասած՝ նոր մեքենայի ձեռքբերման անհրաժեշտությունը ո՞րն է։ Իսկ գուցե մեր հավաստի տեղեկություննե՞րն այնքան էլ հավաստի չեն, գուցե ոչ մի մեքենա էլ մեջտեղում չկա՞։ Էներգետիկայի փոխնախարար Ի. Իսայանի գործավարը երկար փորձում էր բացատրել, թե մամուլին ինչո՞ւ պետք է հետաքրքրի փոխնախարարի ծառայողական ավտոմեքենան։ Հասարակությունը, հետեւաբար նաեւ մամուլը, իրենք թող որոշեն՝ ինչն է հետաքրքիր, ինչը՝ ոչ։ Մի քանի անգամ տարբեր ձեւակերպումներով այս փաստարկն ի վերջո ճեղքեց գործավարի համառությունը եւ նա խոստացավ իր անմիջական վերադասին փոխանցել մեր հարցը։ «Էդպիսի բան չկա»,- հեռախոսով կտրականապես հերքեց «Հայէներգո» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Լեւոն Եղիազարյանը։ Հետո իր հերթին զարմացավ՝ ինչո՞ւ է մեզ հետաքրքիր մի հիմնարկի տնտեսական գործունեությունը։ Վերջինը մեզ ոչ միայն հետաքրքիր է, ավելին, մեր ձեռքին է նախարարի վերոնշյալ թույլտվությամբ նամակի պատճենը։ «Թույլտվությունը կա, բայց ձեռք չենք բերել»,- մի քայլ տեղի տվեց պրն Եղիազարյանը։ Սեփական ասածները քայլ առ քայլ հերքելու տհաճությունից նրան զերծ պահելու համար մեր հեռախոսազրույցում չնշեցինք մեզ մոտ առկա այլ փաստաթղթերի մասին։ Իսկ, այ, պրն Իսոյանը մեզ պես «մեծահոգի» չգտնվեց։ Նա մի քանի ժամ անց, իհարկե՝ գործավարի շուրթերով, գուժեց. «Մենք արդեն այդ մեքենայից հրաժարվել ենք»։ Ախր ինչպե՞ս կարող էր ինքը հրաժարվել մի մեքենայից, որի միայն թույլտվությունը կա, սակայն ձեռք չի բերվել։ Գուցե խոսքը երկու տարբեր՝ մի ձեռք բերված եւ հրաժարականի արժանացած եւ մի թույլտրված ու ձեռք չբերված մեքենաների՞ մասին է։ Ինչպես հասկանում եք, գործավարն այս մակարդակում իրավասու չէր բանակցությունները շարունակելու, բացառությամբ դրանց ընթացքից (իմա՝ ոչ լիարժեք ինֆորմացիայից) մեր դժգոհությունը իր անմիջական վերադասին հայտնելուց։ Մենք ինքներս հայթայթեցինք այն ինֆորմացիան, որը, ըստ ոմանց՝ հասարակությանը եւ մամուլին չպետք է հետաքրքրի։ Այնպես որ, հասարակության օրինապաշտ, իր քիթն ուրիշի գործերի ու գրպանների մեջ չխոթող մասը թող ավարտված համարի սույն հոդվածը։ Մյուս մասի համար նշենք, որ պրն Գալուստյանի վերոնշյալ նամակից 2 օր անց՝ նոյեմբերի 16-ին Նոյեմբերյանի քաղաքացի Ե. Ա.-ի եւ Երեւանի քաղաքացի Ս. Գ.-ի միջեւ, որը հանդես է գալիս «Հայէներգո» ՓԲԸ-ի անունից՝ համաձայն նույն օրն իրեն տրված հավատարմագրի, կնքվել է «ԳԱԶ 3110» մեքենայի առք եւ վաճառքի պայմանագիր։ Համաձայն դրա, «Հայէներգոն» գնում է վերոնշյալ ավտոմեքենան՝ դրա վրա տեղադրված ակսեսուարներով (թվարկվում են- Ա. Գ.)։ Մեքենան Ս. Գ.-ն գնել է 7.400 դոլարին համարժեք դրամով՝ 4.158.800 դրամ։ Մինչդեռ նախորդ օրը՝ նոյեմբերի 15-ին «Գարանտսերվիս» ՍՊԸ-ում ստացած հաշիվ-տեղեկանքում մեքենայի արժեքը նշված է 2.730.000 դրամ՝ 4.875 դոլար։ Դիցուք, Ե. Ա.-ն ինքն է այս գնով մեքենան ձեռք բերել, հետո վաճառելուց առաջ դրանք «հագեցրել» սիգնալիզացիա, վելյուրե սրահ, մթնեցված ապակիներ, փայտե ղեկ եւ առքուվաճառքի պայմանագրով նշված այլ հարմարություններով։ Բայց չէ՞ որ հաշիվ-տեղեկանքը տրվել է վաճառքի անմիջապես նախորդ օրը։ Այսինքն, այդ օրը, վերը թվարկված բոլոր բարիքներով հանդերձ, մեքենան պետք է արժենար առնվազն 6.660 դոլար՝ 3.742.920 դրամ, ճիշտ այնքան, որքան երկու անգամ իրարից անկախ այն գնահատեցին տվյալ գործին անտեղյակ անկախ մասնագետները։ Մեքենան իրականում 7400 դոլարով վաճառվե՞լ, թե՞ այդքան ձեւակերպվել է՝ սա պրն փոխնախարարի գործավարի հետ քննարկելիք խնդիր չէ, իհարկե։ Պրն փոխնախարարի հետ էլ քննարկելիք խնդիր չէ այդ չարաբաստիկ «3110»-ի գնման անհրաժեշտությունը։ Նա, համենայնդեպս, հայտարարեց, որ դրանից հրաժարվել է, այսինքն՝ առանց դրա յոլա կգնա։ Գուցե նախարար Գալուստյանի հետ էլ արդեն չարժե քննարկել, թե, ասենք, ատոմակայանում քանի հոգու աշխատավարձ կտա այդ 7400-ով, եթե իհարկե թույլ տան ոլորտի ստրատեգիական առաջնահերթությունները։ Անձամբ մեր՝ «ուրիշի» գործերի մեջ քիթ խոթող լրագրողների առաջնահերթությունը համակարգի «շտրաֆնոյ բատալյոնն է»՝ աշխատավարձի ու պետական ուշադրության բացակայության եւ սեփական պատասխանատվության ու պրոֆեսիոնալ արժանապատվության վտանգավոր ծուղակում թակարդված։ Փոխնախարարը մի կես տարի էլ որ հին մեքենայով գնա ֆինանսական հարցեր լուծելու՝ ոչ աշխարհը կքանդվի, ոչ էներգետիկ համակարգը։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Այս ամբողջ պատմության մեջ ամենանախանձելին վերադասի թույլտվությանը հետեւած օպերատիվությունն ու արագությունն են։ Պարզվում է, որ այդքան արագ կարելի է գործեր անել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել