Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններից առաջ

Նոյեմբեր 21,2001 00:00

Հրատապ թեմա Ընտրություններից առաջ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի հովանու ներքո քաղաքական եւ հասարակական գործիչները՝ պետական շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, երեկ քննարկում էին ՀՀ քաղաքացիների՝ խաղաղ երթեր, ցույցեր, հանրահավաքներ եւ ժողովներ անցկացնելու սահմանադրական իրավունքի ոտնահարման դեպքերը: Թեման արդիական էր, քանի որ իշխող ռեժիմի համար վաղուց ավանդույթ է դարձել՝ հատկապես այդ գնով ընդդիմության բերանը փակելու երբեմն հաջողված, երբեմն՝ անհաջող, բայց պարբերական դարձած փորձերը: Այդ թեմայով հիմնական զեկուցող, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը նախ հիշատակեց, որ ՀՀ Սահմանադրության հոդված 26-ը բխում է ոչ միայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից, այլեւ՝ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրից, ինչպես նաեւ միջազգային կոնվենցիայից: Դրանք, ի դեպ, արդեն բազմիցս ոտնահարվել են ինչպես Երեւանի քաղաքապետի որոշումներով, այնպես էլ մշակույթի նախարար Ռ.Շառոյանի թիվ 542 հրամանով: Բացի այդ, Ա.Զեյնալյանը նշեց, թե Սահմանադրության հիշյալ հոդվածից զատ քաղաքացիների՝ խաղաղ ցույցեր, երթեր ու հանրահավաքներ անցկացնելու մասին, սահմանադրական իրավունքը որեւէ օրենքով կարգավորված չէ, թեեւ կան օրենքի ուժ չունեցող ակտեր, որոնք, իբր, կանոնակարգում են սահմանադրական հիշյալ նորմը: Այդ ակտերից մեկը՝ ժողովների, հանրահավաքների եւ փողոցային երթերի կազմակերպման եւ անցկացման կարգի մասին, որն, ի դեպ, սիրում են վկայակոչել ՆԳՆ նախարարն ու Երեւանի քաղաքապետը, ԽՍՀՄ ԳԽ նախագահի հրամանագրով սկսել է գործել 88 թվից միայն: «Օրենսդրի կողմից նման օրենքի ընդունման ձգձգումը կամ այդ իրավունքի իրացման համար անհրաժեշտ ընթացակարգերի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքի իրականացման հնարավորության մերժման համար, քանի որ այն երաշխավորված է Սահմանադրությամբ»,- Սահմանադրական դատարանի անդամ Արմինե Գյուլումյանի այս միտքը երեկ քննարկման ժամանակ վկայակոչեց Ա.Զեյնալյանը: Փաստարկելու համար, որ Երեւանի քաղաքապետն իրավունք չունի արգելել կամ մերժել ցույց կամ հանրահավաքներ անցկացնելու ՀՀ քաղաքացիների ցանկությունն ու սահմանադրական իրավունքը, նա հիշատակեց նաեւ 1997թ. մայիսի 6-ին ՀՀ նախագահի թիվ 727 հրամանագրի 1.5 կետի ժզ/ ենթակետը՝ «Երեւանի քաղաքապետը օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է Երեւանի տարածքում ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր եւ զանգվածային այլ միջոցառումներ անցկացնելու հարցը…» եւ տեսակետ հայտնեց, թե օրենքի բացակայության պայմաններում հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ ընդդիմության հայտերը մերժելու կամ չարտոնելու համար քաղաքապետ Ռ.Նազարյանն, ըստ էության, որեւէ հիմք չունի: Այդ մեղադրանքներին ի պատասխան, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանը փորձեց հերքել, թե քաղաքապետարանը երբեւէ անհիմն պատճառաբանությամբ արգելել կամ խոչընդոտել է հանրահավաքների եւ երթերի անցկացումը: Ընդդիմության ներկայացուցիչների դեմ տված գրավոր փաստերից հետո նա ստիպված եղավ ընկրկել՝ այդ ոլորտում օրենսդրությունն, իրոք, անկատար է: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել