Բազմիցս հերքված լուրեր Անցած ավելի քան երկու տարվա ընթացքում իշխանական քարոզչամեքենան արդեն մի քանի անգամ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը «նախկինների» ու հանգուցյալ վարչապետ Վազգեն Սարգսյանի թիմակիցների հետ կապելու անհաջող փորձեր է արել: Անհաջող, քանի որ որեւէ կերպ անհնարին է եղել փաստարկել այդ վարկածը՝ բացի այն, որ չեն եղել կոնկրետ փաստեր, այլեւ՝ մոտիվ: Չէ, ասենք, ըստ Քոչարյանի, մոտիվ, իբր, կա. «նախկինները» կորցրել են իշխանության վերադառնալու իրենց հույսերը, եւ երկրի առաջին դեմքերին սպանելով, փորձել են երկրում հեղաշրջում կազմակերպել: Ինչ վերաբերում է Վ.Սարգսյանի զինակիցներին, ապա, ըստ նույն աղբյուրների, նրանցից ոմանք, ինչպես օրինակ, արտադրական ենթակառուցվածքների նախկին նախարար Վահան Շիրխանյանը, «դժգոհության» առիթ են տվել Վ.Սարգսյանին, որն, իբր հաստատվում է նրա անցկացրած վերջին նիստի արձանագրությամբ, ավելին՝ նախկին վարչապետը մտադիր է եղել կառավարության որոշ անդամներից ազատվել: Ահավասիկ նման տեսակետները վերջին մեկ շաբաթվա ընթացքում սկսել են ավելի հաճախ եւ ինտենսիվ շրջանառվել: Նախ, «նախկինների» մասին: Այո, նրանք, ընդհանուր առմամբ, ամենեւին էլ սուրբ չեն, բայց բանն այն է, որ ոչ իշխանական քարոզչամիջոցները, ոչ էլ «27»-ի գործը վարող նախաքննական մարմինը անցած տարիների ընթացքում այդպես էլ ոչ մի փաստ չեն գտել, որը կապացուցեր «27»-ի ու «նախկինների» կապն այնպես, ինչպես, օրինակ՝ «27»-ի ու ՀՅԴ-ի, «27»-ի ու սկաուտների, ամբաստանյալ Նաիրի Հունանյանի ու ԱԱՆ-ի, ի վերջո, նաեւ «27»-ի ու նախագահական նստավայրի միջեւ: Բացի այդ, նման հեղաշրջում հնարավոր չէ իրականացնել առանց պետական /մասնավորապես՝ ուժային/ լծակների, որոնցից «նախկինները» զուրկ էին եւ են: Հակառակը, «Վահան Հովհաննիսյան եւ 30» գործի դեպքում, համապատասխան մարմինները միանգամայն ի զորու եղան կանխարգելել լայնամասշտաբ տեռորը, իսկ «27»-ի ոճրագործության դեպքում դա չարվեց: Մոտիվ նույնպես չկա: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ «նախկինները» պետք է շահագրգիռ լինեին Վ.Սարգսյանի եւ Կ.Դեմիրճյանի սպանությամբ, երբ մեր 2 տարիների փորձը ցույց տվեց, որ նրանք ո՛չ 99-ին, ո՛չ այսօր իշխանության վերադառնալու ոչ մի շանս չունեն: Ավելին, Վ.Սարգսյանը 99-ին բարձրագույն իշխանության կազմում միակ մարդն էր, որ կարող էր նախկինների համար, գուցեեւ, պատվար լինել: Այսօր չկա Վ.Սարգսյանը, իշխանությունն էլ ոչ թե «նախկինների», այլ՝ մինչեւ «27»-ը՝ «անգլիական թագուհի» Քոչարյանի ձեռքում է կենտրոնացած: Ինչ վերաբերում է ոճրագործությանը նախկին վարչապետ Վ.Սարգսյանի շրջապատի մասնակցությանը եւ, մասնավորապես, կառավարության վերջին նիստին, որտեղ Վ.Սարգսյանն իբր դժգոհել է իր զինակիցներից մեկից՝ Վ.Շիրխանյանից: Դա արդեն մի անգամ հերքված բլեֆ է, որն առաջին անգամ շրջանառության մեջ դրեց «Օրակարգը»: Անցյալ շաբաթ այդ հարցը կրկին շահարկած մարդիկ, թերեւս, մոռացել են, որ հակառակ իշխանական լրատվամիջոցների պնդումների, թե «27»-ից առաջ կառավարության նիստի արձանագրությունը «խորհրդավոր պայմաններում անհետացել» է, պարզվել էր, որ ոչ մի փաստաթուղթ էլ չէր անհայտացել: Հիշեցնենք կրկին, որ այնտեղ մասնավորապես Վ.Շիրխանյանի, առավել եւս նրանից դժգոհելու, նրան նկատողություն անելու մասին խոսք անգամ չի եղել: Ինչ մնում է Վ.Սարգսյանի զինակիցների մասնակցությանը «27»-ին՝ այդ դեպքում դարձյալ մոտիվ չկա: Նրանք իշխանության լծակներ ունեին՝ քանի դեռ կար Վ.Սարգսյանը: Չկա վերջինս, նրա զինակիցներն էլ այլեւս այդ լծակները չունեն: Անտրամաբանական է կարծել նաեւ, թե նույն այդ մարդիկ ռիսկի կարող էին գնալ՝ կտրելով այն ճյուղը, որի վրա իրենք էին նստած: Անհեթեթություն է: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ