ՀԱՆՐԱՔՎԵՆ ՊԻՏԻ ԼԻՆԻ ՄԱՅԻՍԻՆ Ըստ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի՝ այդ ժամկետն է նախապես ընտրվել Սահմանադրության հանրաքվեի համար։ Մինչդեռ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը մեր հարցին, թե արդյոք խորհրդարանում ստեղծված սահմանադրական հանձնաժողովը պատճառ չի՞ դառնա, որ չկատարվի ԱԺ ղեկավարության, խումբ-խմբակցությունների ղեկավարների եւ ԱԺ հանձնաժողովների նախագահների հետ Ռոբերտ Քոչարյանի հուլիսի 19-ի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ գարնանը հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, պատասխանել էր. «Որքան ինձ հայտնի է, ժամկետի շուրջ որոշակի պայմանավորվածություն չի եղել։ Իսկ հանձնաժողովի ստեղծմանը նախագահը դրական է վերաբերվում եւ կարծում, որ այն կնպաստի հարցի լուրջ քննարկմանը։ Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի դնելու ժամկետն այլեւս կախված է ԱԺ-ից»։ Իրո՞ք գարնանը հանրաքվե անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն չի եղել՝ փորձեցինք այս հարցի պատասխանը ստանալ, դիմելով հուլիսի 19-ի հանդիպման մի քանի մասնակիցների։ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի պատասխանն էր. «Անկեղծ ասած, չեմ հիշում, թե այդ հանդիպման ժամանակ այդ թեմայով խոսակցություն եղել է կամ ոչ։ Բայց, այնուամենայնիվ, տարբեր քննարկումների ժամանակ, իհարկե ոչ որպես վերջնական, այլ իբրեւ նշակետային ժամկետ նշվել է մայիսը։ Ինձ թվում է, այնուամենայնիվ, Ազգային ժողովը կհասցնի մինչ այդ ավարտել իր սահմանադրական աշխատանքները»։ Հանդիպման մեկ այլ մասնակից՝ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն այսպես պատասխանեց այն հարցին, թե արդյոք իրենք նախագահի հետ պայմանավորվե՞լ էին գարնանը հանրաքվե անցկացնելու վերաբերյալ. «Խոսակցություն եղել է, չէի ասի՝ պայմանավորվածություն։ Բայց խոսել ենք, որ հանրաքվեն պիտի տեղի ունենա կա՛մ 2001-ի վերջին, կա՛մ հաջորդ տարվա սկզբին։ Հանրապետության նախագահը, համենայն դեպս, խոսել է հնարավորինս արագ հանրաքվեն անելու մասին։ Հիմա արագությունը պայմանավորված է խորհրդարանական քննարկումներով։ Ինչքան շուտ՝ այնքան լավ»։ ԱԺ Գիտության, կրթության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանն էր խորհրդարանի ամբիոնից հայտնել այդ պայմանավորվածության մասին։ Նաեւ գնահատել էր, որ այժմ փորձ է արվում խախտել նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ խաղի կանոնները հստակեցնելու վերաբերյալ փոխհամաձայնությունը։ Այժմ, երբ ժխտվում է ժամկետի շուրջ որոշակի պայմանավորվածության առկայությունը, պրն Քոչարյանն ասաց. «Այդպես չի եղել, թե կողմերը փոխադարձաբար պայմանավորվեցին… Այդ տեսակետից՝ այո, պայմանավորվածություն չի եղել։ Ուղղակի ինքը՝ նախագահը, նշեց այն ժամանակացույցը, որի ընթացքում, ենթադրվում է, թե պետք է տեղի ունենային հետեւյալ իրադարձությունները. աշնանը պետք է սկսվեին խորհրդարանական քննարկումները։ Եվ նա նախապես՝ ամռանը տվեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որպեսզի խմբակցությունները ծանոթանան, առաջարկություններ անեն մինչեւ պաշտոնապես շրջանառության մեջ դնելը։ Դիրքորոշումները նախապես հստակեցնելուց հետո, ենթադրվում էր, թե գործընթացը պիտի արագացվեր, ԱԺ-ն աշնանը պիտի ավարտեր քննարկումները, եւ գարնանը կամ վաղ ամռանը նախագիծը դրվեր հանրաքվեի։ Այդպիսի ժամանակացույցի մասին խոսեց Ռոբերտ Քոչարյանը»։ Արձանագրենք, որ այնուամենայնիվ այդ հանդիպման ընթացքում նախնական համաձայնություն եղել էր ժամկետների վերաբերյալ։ Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ հստակեցումների անհրաժեշտությանը՝ Շավարշ Քոչարյանը բացահայտեց. «Սա ոչ այնքան Ռոբերտ Քոչարյանի հետ այդ հանդիպման ժամանակ էր հնչել, որքան տեղյակ ենք, որ դա Եվրախորհրդի փորձագետների տեսակետն է։ Եվ դա տրամաբանական է»։ Հուլիսի 19-ի հանդիպումից հետո Շավարշ Քոչարյանը մամուլին էր փոխանցել Ռոբերտ Քոչարյանի այն դիրքորոշումը, թե հանրաքվեի է դրվելու միայն մեկ նախագիծ։ «Այն ժամանակ նա ասաց, որ դեմ է մեր նախագծին եւ կձգտի, որ հանրաքվեի դրվի միայն մեկը,- հաստատեց Շավարշ Քոչարյանը։- Բայց ես հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, նրա այդ դիրքորոշումը վերջնական չէ»։ Հույսն, ավելորդ է հիշեցնել, թե երբ է մեռնում։ Բայց անգամ նախագահի մամուլի քարտուղարի պատասխանում էր նշվում հանրաքվեի դրվելիք ոչ թե Սահմանադրության, այլ Սահմանադրության փոփոխությունների մասին։ Իսկ խորհրդարանում շրջանառվող 4 նախագծերից (երեկ նաեւ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը հայտարարեց իր նախագծի մասին) միայն մեկն է նախատեսում Սահմանադրության փոփոխություններ՝ նախագահին կից իրավաբանների պատրաստածը։ Մյուս 3-ն ամբողջական Սահմանադրություններ են։ Արդյոք այս ամենը նմա՞ն չէ մի մրցավազքի, որտեղ նախօրոք հայտնի եւ կանխորոշված է, թե ով է լինելու վերջնագիծը հատող հաղթողը։ Մի՞թե պարզ չէ, որ հանրաքվեի դրվելու է միայն նախագահի տարբերակը՝ մեր այս հարցին ի պատասխան Շավարշ Քոչարյանն ասաց. «Այդպիսի միտում կա, երեւում է։ Բայց ես չեմ կարծում, թե մեր հասարակությունն այն վիճակում է, որ Ռոբերտ Քոչարյանը կարողանա հեշտությամբ անել դա։ Նա կցանկանա դա անել, բայց մենք ունենք արդեն 1995-ի դառը փորձը, երբ նմանատիպ մոտեցումը բերեց նրան, որ հենց ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, քաջ գիտակցելով, թե ինչ է նշանակում Սահմանադրություն ընդունել արհամարհելով այլ կարծիքները եւ ժողովրդի կարծիքը՝ ընտրությունների ժամանակ անընդհատ խոսում էր սահմանադրական բարեփոխումների մասին։ Ուստի, ծրագիրը երեւի դա է, բայց, իմ գնահատականով, այդքան հեշտ իրականանալի չէ»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ