Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույն

Նոյեմբեր 21,2001 00:00

ԳՐՈՂԱԿԱՆՈՎ ՉՔՎԵԱՐԿԱԾՆԵՐԸ «Նույն Վանոյի համար սա, ըստ էության, առանձնապես վճռորոշ նշանակություն չպիտի ունենա։ Այստեղ հանձնելու-չհանձնելու հարց չկա, այստեղ հանձնել-չհանձնելով չեն զբաղված»,- Վանո Սիրադեղյանին պատգամավորական մանդատից զրկելու առնչությամբ նշեց Դավիթ Հովհաննեսը։ Վանո Սիրադեղյանին մանդատից զրկելու հարցի քվեարկությանը մասնակցել էին նաեւ նրա գրչակիցները. Ռուբեն Գեւորգյան («դեմ»), Դավիթ Հովհաննես (չի քվեարկել), Ստեփան Զաքարյան (չի քվեարկել) եւ Ռուդիկ Հովսեփյան։ Անվանական քվեարկության ցանկում Ռ. Հովսեփյանի անվան դիմաց գրված էր՝ «չի քվեարկել», սակայն, ինչպես պարզեցինք, նա ոչ թե դիտավորյալ է ձեռնպահ մնացել քվեարկությունից, այլ այն պատճառով, որ այդ ժամին պայմանավորվածություն ուներ նախարար Ռոլանդ Շառոյանի հետ։ Իսկ եթե նա չբացակայեր այդ ժամին, ապա՝ «իհարկե «կողմ» պիտի քվեարկեի»։ Ըստ Ռ. Հովսեփյանի, այստեղ ոչ քաղաքական գործչի եւ ոչ էլ գրչակցի հարց է եղել դրված։ «Պարզապես մեկ տարի մի քանի ամիս է ես ԱԺ-ում եմ, նրան չեմ տեսել։ Ինքը ներկա՞ է, թե՞ ոչ։ Ուրիշ բան, որ հետո ասեն, թե ինչու այստեղ չէր։ Բայց հարցը դրված էր՝ ինքն այստե՞ղ է, թե՞ ոչ, ես իրեն 1 տարի տեսե՞լ եմ, թե՞ ոչ։ Ներկա չի»,- ասում է Ռ. Հովսեփյանը։ Վերջինիս խոսքերով, Վանո Սիրադեղյանի լավ գրող կամ Գրողների միության անդամ լինել-չլինելու հարց չէր դրված եւ ինքը, բնականաբար, չէր կարող տվյալ դեպքում հարցին մոտենալ գրչակցի տեսանկյունով։ Իրեն հարցրել էին՝ մասնակցո՞ւմ է «Վանոն ԱԺ նիստերին, թե՞ ոչ», ինքն էլ «բնականաբար, չէր կարող ասել, թե ես տեսել եմ երեկ չէ առաջի օրը, ինքը հարբուխ ուներ, դրա համար չի եկել»,- ասաց Ռ. Հովսեփյանը։ Դավիթ Հովհաննեսն էլ խոստովանեց, որ ինքը նաեւ նախորդ՝ փակ, գաղտնի քվեարկության ժամանակ չի քվեարկել։ Նրա կարծիքով, դա իր կողմից նաեւ ինչ-որ իմաստով դեմոնստրացիա էր, քանի որ այդ հարցը չպետք է դիտարկվեր այն տեսանկյունից, ինչպես դա արվեց։ Եթե կանոնակարգային, քաղաքական հարցեր կային, ապա, ըստ պատգամավորի, այն պետք է տարածվեր բոլորի եւ ոչ միայն Վ. Սիրադեղյանի վրա։ Ըստ Դ. Հովհաննեսի, ԱԺ-ն ավելի կարեւոր գործեր ունի, քան մի պատգամավորի մանդատից զրկելու հարցն է, որին արդեն իսկ 2000 թ. ապրիլի 4-ին զրկել էր անձեռնմխելիությունից։ «Սա, ըստ էության, մասնավոր հարց է լուծում եւ հիմա կարճ ժամանակի համար 75-րդ ընտրատարածքից նոր պատգամավոր կունենանք»։ Ըստ նրա, «դեմ», «կողմ», «ձեռնպահ» քվեարկող-չքվեարկողները հիմնականում ճանաչում են վերջին 10-12 տարիների գործունեությամբ քաղաքական ասպարեզում գտնվող Վ. Սիրադեղյանին։ «Ես նրան ճանաչում եմ ավելի քան 30 տարի։ Մոտավորապես այն ժամանակներից, երբ նա իր հայրենի ծննդավայրից մուտք գործեց Երեւան եւ հայտնվեց գրական ասպարեզում։ Ունեցել ենք գրական գրչընկերների, նաեւ մտերմիկ փոխհարաբերություններ, որը տեւել է ավելի քան 20 տարի։ Ես չեմ կարող այդ հարցում նույնպես «օբյեկտիվ» լինել եւ ինձ թույլ տալ դատել մի մարդու, որի հետ, մինչեւ նրա քաղաքական ասպարեզում հայտնվելը, 20 տարվա գրական եւ անձնական ընկերություն, մտերմություն եմ ունեցել։ Սպարապետ Վազգեն Սարգսյանը մի առիթով ասաց՝ Լեւոնը, Ռոբերտը, Վանոն, Սերժը, Սամվելը իմ ընկերներն են։ Բայց օրենքով գրված չէ ընկերությունը, հարազատությունը, աղ ու հացը, հիմա որ օրենքում չկա գրված, մենք ամեն ինչ պիտի մոռանա՞նք։ Նա դա էր ուզում ասել։ Այս տեսակետից ես ինձ իրավասու չհամարեցի լինել դատավոր մեկին, որի հետ ես նախքան 90-ականների սկիզբը՝ 20 տարվա ընկերություն եմ ունեցել։ Շեշտեմ, որ այդ թվականներից մինչեւ իմ ԱԺ հայտնվելը արդեն նախարար եւ արդեն հզոր անձնավորություն Վանոյին տեսել եմ մեկ թե երկու անգամ՝ պատահական։ Ըստ երեւույթին, ինքն էլ չիմացավ, թե ես ինչքան բան ունեի իրեն ասելու այն ցուրտ ու խավար տարիներին իմ ծանր, դժվարին կյանքի մասին։ Այդպես էլ չիմացավ, չհասցրեց կամ գո՞ւցե գիտեր։ Ուզում եմ ասել, ինձ համար շատ ավելի ծանոթ էր այն Վանո Սիրադեղյանը, քան՝ այս»,- ասաց Դ. Հովհաննեսը։ Նրա խոսքերով՝ ինքը շատ բարոյական է վարվել. «Երկու դեպքում էլ ինձ դատավորի ինքնակամ դերից զրկելով՝ շատ բարոյական եմ վարվել։ Գիտեմ, որ ինձ պես վարվող մարդիկ նույնպիսի բարոյական վերաբերմունքներ կունենան նմանատիպ շատ այլ դեպքերում։ Աշխարհ է…»,- նշեց պատգամավորը։ Դ. Հովհաննեսի գնահատականներով, այս քվեարկությունը սխալ էր նաեւ նրանով, որ «չավարտված դատաքննության պայմաններում կարծես թե վերաբերմունք ենք ցույց տալիս մարդու ներկայումս Հայաստանում գտնվել-չգտնվելու պատճառին։ Պատճառ կա չէ՞, որ նա չի ներկայանում պառլամենտ»։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել