Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԵԿԱ ԱՍԵՄ, ՈՐ ՁԵԶ ԲԱՆ ՉՈՒՆԵՄ ԱՍԵԼՈՒ»

Նոյեմբեր 20,2001 00:00

«ԵԿԱ ԱՍԵՄ, ՈՐ ՁԵԶ ԲԱՆ ՉՈՒՆԵՄ ԱՍԵԼՈՒ» Զարթոնք եւ Արտաշար գյուղերի գյուղապետերը գյուղացիների ճնշման տակ դիմել էին Արմավիրի առաջին ատյանի դատարան՝ Արմավիրի կարպային տնտեսությունից համայնքին պատկանող 230 հա հողատարածքը ետ ստանալու պահանջով։ 7-8 ամիս ձգձգված գործը ներկայումս քննվում է տնտեսական գործերով վերաքննիչ դատարանում (դատավոր Կ. Չիլինգարյան), որը բավարարելով պատասխանողի՝ կարպային տնտեսության տնօրեն Ազատ Հարությունյանի միջնորդությունը, գործի քննությունը հետաձգել էր մինչեւ նոյեմբերի 19-ը՝ վերջինիս լիազորված ներկայացուցչի մասնակցությունը պատշաճ կերպով ապահովելու նպատակով։ Սակայն դատական նիստը այդպես էլ չկայացավ։ Դատավորը հայտարարեց, որ դատարան եկած բոլոր գյուղացիներին հնարավոր չէ տեղավորել փոքր սենյակում, իսկ 5-րդ հարկի մեծ դահլիճը, չնայած ընդարձակությանը, անհարմար է չջեռուցվելու պատճառով։ Գյուղացիները դժգոհում էին՝ վերհիշելով արմավիրյան դատական քաշքշուկը, որի ընթացքում, իրենց կարծիքով, միտումնավոր ձգձգումներ եղան՝ հարցը ոչ իրենց օգտին վճռելու համար։ «Ապստամբ» արմավիրցիներին ու զարթոնքցիներին կես ժամ սպասեցրին դատարանի բակում «մի լավ ու տաք» դահլիճ փնտրելու պատճառաբանությամբ, այնուհետեւ հայտարարեցին, թե ամենահարմարը վճռաբեկ դատարանի դահլիճն է, որն այդ օրն արդեն զբաղված էր հոկտեմբերի 27-ի գործի դատավարության անցկացման պատճառով։ Դրա համար էլ որոշվեց գործի քննությունը տեղափոխել մի ուրիշ օր, ինչը առաջացրեց հողերի հարցերով մտահոգ, ավտոբուսներով ու մեքենաներով մի կերպ գյուղից «տեղահանված» գյուղացիների բուռն զայրույթը։ Վերջիններս էլ որոշեցին բողոքի ցույց կազմակերպել կառավարության շենքի առջեւ, իսկ նրանցից մի քանիսին ընդունեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Անդրանիկ Հակոբյանը։ Ընդունեց, մոտ մեկ ժամ էլ զրուցեց գյուղական պատվիրակների հետ, որպեսզի հետո հայտարարեր, թե ոչնչով օգնել չի կարող գյուղացիներին։ Ճշմարտության դեմ չմեղանչելու համար, սակայն, պիտի նշենք, որ նա, այնուամենայնիվ, խոստացավ, թե դատարանի վճռից հետո իր հնարավորությունների սահմաններում օգտակար կլինի գյուղացիներին։ ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել