Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼՅՈՒԻՍԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ՏԻՏՂՈՍԸ

Նոյեմբեր 20,2001 00:00

ԼՅՈՒԻՍԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ՏԻՏՂՈՍԸ Լաս Վեգասում շաբաթ օրը բրիտանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լենոքս Լյուիսը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հասիմ Ռահմանի հետ պատասխան մենամարտի չորրորդ ռաունդում վերջինիս նոկաուտի ենթարկելով վերադարձրեց WBC-ի եւ IBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումը։ Այս ռեւանշ մրցամարտի նախորդ օրը Լյուիսը հայտարարել էր, թե ոչ մի կերպ չի կարող պարտվել Ռահմանի պես բռնցքամարտիկին։ Եվ նա իր խոստումը կատարեց՝ արժանի պատասխան տալով ապրիլի 22-ին Իոհաննեսբուրգում իր ստացած նոկաուտի դիմաց։ Այսպիսով, բրիտանացին պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ դարձավ ծանր քաշային չորրորդ բռնցքամարտիկը, ում հաջողվեց ռեւանշ մրցամարտում ետ նվաճել չեմպիոնական տիտղոսը։ Մինչ այդ նույնը արել էին Ֆլոյդ Պատերսոնը, Մոհամեդ Ալին եւ Էվանդեր Հոլիֆիլդը։ Լյուիսն այժմ անցկացրած 42 մենամարտերում իր տարած հաղթանակների թիվը հասցրեց 39-ի (30-ը՝ նոկաուտով), մեկ մենամարտ ավարտվել է ոչ-ոքի, երկուսում պարտվել է։ Լյուիսը եւ Ռահմանն այդ գիշեր վաստակեցին 10 մլն-ական դոլար։ Այս մրցամարտից առաջ Լենոքս Լյուիսը հայտարարել էր, թե մտադիր է չորս մենամարտի համար պայմանագիր ստորագրել ամերիկացի հանրահռչակ պրոումոթեր Դոն Քինգի հետ, որի գումարը կազմելու է 75 մլն դոլար։ Ճիշտ է, այդ պայմանագիրը հնարավոր էր լինելու միայն այն դեպքում, եթե Լյուիսը հաղթեր Ռահմանին։ Հենց այս նպատակով Քինգը Լոս Անջելեսից սեփական ինքնաթիռով Լաս Վեգաս թռչելիս վթարի ենթարկվեց եւ տեղափոխվեց հոսպիտալ։ Բարեբախտաբար, բժիշկները նրան հետազոտելով, բացի… կոտորակի հինգ գնդակից, այլ վտանգավոր բան չեն հայտնաբերել։ Քինգի խոսքերով ասած, այդ գնդիկներն իր մարմնում հայտնվել են հեռավոր 1959 թվականին եւ փոխհրաձգության արդյունք են։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել