Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աստղերի

Նոյեմբեր 20,2001 00:00

ՀՖՆ-ի «աշնանային հանդիպումները» Աստղերի մի ամբողջ շքերթ ներկայացավ հայ հանդիսատեսին ՀՖՆ-ի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) 2001-2002թթ. համերգաշրջանի առաջին կեսին, որը բացվեց աշխարհահռչակ թավջութակահար Սթիվեն Իսերլիսի համերգով: Դիրիժոր Ջեֆ Մանուկյան (ԱՄՆ), ջութակահարուհի Սիբիլլե Չոփփ (Շվեյցարիա), վունդերկինդներ՝ Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյաններ (Գերմանիա), Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերայի համերգային կատարումը՝ միջազգային ճանաչում գտած երգիչների մասնակցությամբ, ջութակահար Ժան Տեր-Մերկերյան (Ֆրանսիա), դիրիժոր Լյուք Բաղդասարյան (Շվեյցարիա), դաշնակահար Նիկոլայ Պետրով (Ռուսաստան)։ Արտիստների այս համաստեղության հետ մեկտեղ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 10-ամյակին նվիրված տոնակատարություն, որին ՀՖՆ-ի ընկերակցությամբ հանդես եկան ջութակահար Հրաչյա Հարությունյանը (Գերմանիա) եւ դաշնակահար Սերգեյ Բաբայանը (ԱՄՆ)։ Կայացավ նաեւ «Քեզ՝ քրիստոնյա Հայաստան» դասական երաժշտության միջազգային փառատոնը, որի շրջանակում անցան Սթիվեն Իսերլիսի, Չիլինկիրեան լարային քառյակի (Մեծ Բրիտանիա) եւ Բորոդինի անվան քառյակի (Ռուսաստան) բացառիկ համերգները։ Կոնստանդին Օրբելյանի համերգին երաժշտասերը սպասում էր հատուկ մի հուզմունքով։ Նոր հանդիպումն արդեն հայտնի արվեստագետի հետ միշտ էլ լի է անակնկալներով ու հաճելի պահերով։ Հայտնի դաշնակահարի դիրիժորական արվեստին ծանոթանալուն վաղուց էինք սպասում նրա պատմական հայրենիքում, նույն զգացմունքով էր համակված եւ ինքը՝ Կոնստանդին Օրբելյանը։ Առաջին ելույթին նա հրավիրել էր նաեւ Սանկտ Պետերբուրգի մեներգիչ, բարիտոն Վասիլի Գերելլոյին եւ Մոսկվայի երիտասարդ ջութակահար Հռիփսիմե Հայրապետյանցին։ Առանձին սիմֆոնիա չկատարվեց, սակայն Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Բորոդինի, Էռնստ Շոսսոնի, Պաբլո Սարասատեի, ինչպես նաեւ Վերդիի եւ Ռոսինիի օպերաներից մեներգերի ընտրանին եւ նեապոլյան երգերը դիրիժորական բարձրագույն մակարդակով ներկայացվեցին՝ շարժման հստակություն, անմիջականություն, յուրաքանչյուր գործիքի նվագաբաժնի ճշգրիտ եւ հստակ ցուցմունք ու արձագանք։ Վաղուց հայ հանդիսատես-երաժշտասերը «Արամ Խաչատրյան» դահլիճում չէր լսել բարիտոնի այնպիսի հնչողություն, ինչպիսին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի մեներգիչ Վասիլի Գերելլոյի ձայնն էր։ Ե՛վ դիրիժորի, ե՛ւ մեներգչի արվեստին հ ամահունչ էր Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտ, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Հռիփսիմե Հայրապետյանցի կատարողական արվեստը։ Նուրբ, հղկված տեխնիկա, գեղեցիկ ձայն եւ վարպետություն։ Հռիփսիմեի կատարմամբ հնչած Էռնստ Շոսսոնի «Պոեմի» եւ Պաբլո Սարասատեի «Գնչուական մեղեդիների» մեկնաբանումն արդեն իսկ վարպետության աստիճան էր։ Համերգի ավարտին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ երգչախմբի կատարմամբ հնչեցին Բորոդինի Պոլովցիների պարերը՝ «Իշխան Իգոր» օպերայից։ Չդադարող ծափողջույնների տարափը ստիպեց դիրիժորին կատարել Կոմիտասի «Հայաստանը» Երվանդ Երկանյանի մշակումով եւ Խաչատրյանի հանրահայտ «Լեզգինկան»։ Համերգից հետո իր տպավորություններով մեզ հետ կիսվեց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Սվետլանա Սարգսյանը. «Դիրիժորն աչքի ընկավ երաժշտության հանդեպ իր մեծ սիրով, ինչպես նաեւ՝ դրական հսկայական լիցքով, որը նրա բեմելի առաջին իսկ պահից փոխանցվեց հանդիսատեսին։ Բացառիկ հուզականության տեր դիրիժոր Կ. Օրբելյանը ընկալում է ստեղծագործությունը նախ եւ առաջ որպես մի ամբողջություն, այլ ոչ թե մասնակի բնութագրումներով։ Նրա այս առանձնահատկությունը համահունչ էր ծրագրում ընդգրկված ճանաչված եւ սիրված ստեղծագործություններին։ Նույնիսկ մենակատարների ընտրությունը՝ Վասիլի Գերելլո, բարիտոն (Սանկտ Պետերբուրգ) եւ Հռիփսիմե Հայրապետյանց՝ ջութակ (Մոսկվա) ներդաշնակ էր դիրիժորի գեղագիտական ընդհանուր սկզբունքներին, ինչը համերգին հաղորդեց ներքին միասնություն։ Հատկապես տպավորված եմ Բորոդինի Պոլովցիների պարերից՝ «Իշխան Իգոր» օպերայից, որը գրված է խառը երգչախմբի եւ նվագախմբի համար։ Օրբելյանի արեւելյան կիրքը երաժշտությանը փոխանցեց իսկություն եւ տպավորիչ պատկերայնություն»։ ՆԱՐԵԿ Վ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել