Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բոլորս երազում ենք, որ մեր ընտրյալը բարի եւ ազնիվ լինի

Նոյեմբեր 20,2001 00:00

«ՅԱՐՍ ԻՆՏԵՐՆԵՏԻ՜Ց Ա» Բոլորս երազում ենք, որ մեր ընտրյալը բարի եւ ազնիվ լինի 1981 թվական։ Թվում է, թե դա երեկ էր։ Իսկ մյուս կողմից… այնքան վաղուց էր։ Դիանայի ամուսնությունը Չարլզի հետ, ՁԻԱՀ-ի հայտնաբերումը, առաջին կոմպակտ- դիսկի երեւան գալը։ Հենց այդ տարի էլ հայտնվեց անձնական կոմպյուտերը։ Այն ժամանակ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կարող ես տանը համակարգիչ ունենալ եւ օգտագործել այն անձնական նպատակներով։ Հիմա համակարգչից օգտվում են միլիոնավոր մարդիկ։ Եվ այսպես, մոտենում ես համակարգչին, բացում ինտերնետային էջերից որեւէ մեկը, որն ունի ծանոթությունների բաժին, այնտեղ թողնում տվյալներդ ու նկարդ, մանրամասն գրում ես, թե ինչպիսի զուգընկեր ես ուզում։ Ասեմ, որ այստեղ կա ընտրության մի քանի տարբերակ. կինը (կամ տղամարդը) փնտրում է տղամարդու (տղամարդը՝ կնոջ), ընկերների, կնոջ (տղամարդը՝ տղամարդու), զույգի՝ ամուսնության, ֆլիրտի, նամակագրության եւ այլն համար։ Օրինակ, դուք ընտրել եք ամուսնության տարբերակը եւ մտածում եք, որ այն տղամարդիկ, որոնք նույնպես ձեզ նման մենակ են, իսկույն կարձագանքեն, քանի որ մեզանից ո՞վ չի մտահոգվում ու չի մտածում ծերության մասին։ Հիվանդություններ, կնճիռներ, մենություն… Երեւակայությունը նկարում է ձանձրալի ու տխուր կյանք, գզգզված մազեր, ճմրթված խալաթ, հողաթափեր… Միգուցե հենց դա՞ է մարդկանց մեջ արթնացնում լավատեսությունը, թե կհանդիպի մեկին, որը կհերքի այն միտքը, որ ծերանալը սարսափելի բան է։ Եվ դու սկսում ես հավատալ դրան։ Ու սկսվում է նամակների հոսքը։ Ոմանք, առանց կարդալու, թե քանի տարեկան եք, որ տարբերակն եք ընտրել եւ ինչ եք գրել, ձեզ հասկացնում են, որ պատրաստ են ձեզ հետ ինտիմ կապի մեջ մտնել եւ կարող են ձեզ հեքիաթային գիշերներ պարգեւել։ Ցավալին այն է, որ գրողների մեծ մասը երիտասարդներ են՝ 20-30 տարեկան։ Նրանցից շատերը գրում են, չգիտես ինչու ռուսերեն, «տարիքով կանանց հետ ավելի հետաքրքիր է, նրանք մեծ փորձ ունեն։ Թե չէ էն ջահել աղջիկների հետ հեչ հետաքրքիր չի»։ Երբ փորձում ես խորհուրդ տալ կամ բացատրել, որ ոչ բոլոր կանայք են իրենց իմացածներից, պատասխաններից զգացվում է, որ գրել է ատամները սեղմած՝ «որ լավ կին լինեիր, այդ քայլին չէիր դիմի»։ Գրում են նաեւ ամոթանք տալու համար՝ «էդ ինչի՞ եք ձեր տվյալները ինտերնետում թողել։ Բա հայ կինը էդպիսի բան կանի՞։ Բա ձեր գործի տեղը ըսկի տղամարդ չկա՞»։ Ոմանք գրում են ուղղակի հանդիպելու համար, որպեսզի հետո որոշեն։ Հեռախոսի համար են թողնում, բայց երբ զանգում ես, մտմտում են՝ «չգիտեմ՝ ինչ ասեմ»։ Բա որ չգիտես, ինչո՞ւ ես համարդ թողնում։ Մարդիկ էլ կան, որոնք նույնաբովանդակ նամակը, իրենց ալենդելոնյան նկարով, միաժամանակ ուղարկում են մի քանի հասցեով։ Որը «կպավ»՝ «կպավ»։ Ամուսնության մասին խոսք լինել չի կարող։ Իհարկե, ոչ բոլորն են այդպես մտածում, լինում են նաեւ քաղաքավարի նամակագիրներ։ Հանդիպում են նշանակում ու բավականին զրուցելուց, աչքի պոչով շարժուձեւիդ հետեւելուց հետո, այնուամենայնիվ, հարցնում են՝ «Ինչո՞ւ ես ինտերնետի միջոցով ծանոթություն փնտրում»։ Բացատրում եմ վերջին անգամ. Եվրոպայում շատ ծանոթությունների ակումբներ կան։ Կան նաեւ ոչ երիտասարդ մարդկանց համար, որտեղ կարող ես ծանոթանալ, պարել, ժամանակ անցկացնել եւ որտեղից կարող ես մեկնել ճանապարհորդելու։ Դա հանգեցնում է նրան, որ այստեղ ոչ մեկն իրեն ճնշված ու նվաստացած չի զգում։ Այստեղ շատ բնական է համարվում, որ մարդն ուզում է դասավորել իր անձնական կյանքը՝ ամուսնանալ։ Մեզ մոտ, ցավոք, այդպիսի ակումբներ չկան։ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ Հ. Գ. Երբ ինձ պատմեցին՝ չհավատացի։ Որոշեցի 3 անկետա լրացնել՝ տարբեր հասցեներով, բնականաբար, տարբեր տվյալներով։ Արդյունքը թողնում եմ ձեր դատին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել