Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առավոտի» խմբագրությունն էին դիմել Նոր Նորքի համայնքի առաջին զանգվածի Սաֆարյան 2(6) շենքի մի խումբ բ

Նոյեմբեր 20,2001 00:00

Նորնորքյան խառնիճաղանջություն «Առավոտի» խմբագրությունն էին դիմել Նոր Նորքի համայնքի առաջին զանգվածի Սաֆարյան 2(6) շենքի մի խումբ բնակիչներ, որոնք դժգոհում էին իրենց շենքին չափազանց մոտ տեղադրված առեւտրի կրպակների բազմությունից։ Դրանք բառացիորեն փակում են առաջին հարկի բնակիչների տեսադաշտը՝ խանգարելով պատուհանից լույսի ներթափանցելուն։ Իսկ այդ կրպակների տեղում նախկինում կանաչապատ տարածք ու ծառեր էին, որոնք հատվել են։ Դրա համար էլ բնակիչները մտահոգված էին մինուճար ծառի ճակատագրով, որի բնին մի կերպ հենված էր նոր տեղադրված կրպակը, որի գործելու դեպքում ծառը հաստատ կխանգարեր նրա՝ վերեւից բացվող պատուհանին, իսկ դուռը դեմ կառներ հարեւան կրպակի դռանը։ Բնակիչներից տեղեկացանք, որ նոր կրպակատերը նախ «թույլտվություն» է ստացել բակի տղաներից, հետո միայն համալրել կրպակների շարասյունը, որոնցից միայն մեկն է շենքի բնակչի պատկանում։ Մյուսների տերերը կամ «փողատերեր» են, կամ «լավ տղերք»։ Սաֆարյան 2 շենքի բնակիչները մեզ հավաստիացրին, որ մեքենայով տուն վերադառնալիս ստիպված են պտտվել Նանսենի փողոցով, քանի որ կրպակները փակում են ողջ ճանապարհը, իսկ դժբախտ դեպքերի կամ հրդեհի բռնկման դեպքում էլ կխոչընդոտեն կրակ մարող եւ շտապօգնության մեքենաների մուտքը շենքի բակ։ Խիստ նեղ էր նաեւ դիմացի մայթը, քանի որ մի մասը զբաղեցնում էին առեւտրականները, իսկ մյուս մասի հաշվին լայնացվել էր փողոցը, որն իրականում ավտոկանգառի դեր էր կատարում։ Հասարակական տրանսպորտի միջոցներն էլ ստիպված ժամերով սպասում էին՝ մինչեւ հետիոտնը, առեւտուր կատարողները եւ թափառող շները կանցնեն։ Նոր Նորքի թաղապետ Մկրտիչ Մինասյանի օգնական Ռազմիկ Գրիգորյանը որքան էլ «տեղեկություն չուներ» նոր կրպակատիրոջ վերաբերյալ, այնուամենայնիվ, չզլացավ «երկու վարչության պետ ուղարկել»՝ ստուգելու կրպակի օրինական լինելն ու հարմար դիրքում գտնվելը։ Ծառը հատելու վերաբերյալ բնակիչների մտավախությունն էլ նա փորձեց փարատել «անցել են ծառ կտրելու ժամանակները» եւ «ծառ կտրողը գլուխը պատին կտա» կտրուկ արտահայտություններով։ Բնակիչներից չճշտեցինք՝ նախկինում Նոր Նորքում գրանցվե՞լ են ծառահատումների պատճառով «գլուխները պատին տալու» դեպքեր, թե՞ ոչ, սակայն տեղեկացանք, որ իրենց ճանապարհը փակող կրպակների տերերի դեմ վերջիններս ոչինչ չունեն։ Թեեւ զայրացած են, որ այն, ինչ իրենց շենքի բնակիչների համար՝ թաղապետարանը համարել է անօրինական, «զորավորների» խաթեր օրինականացվել է, այն դեպքում, երբ «ոչ նպաստավոր» դիրքի պատճառով մի կրպակ՝ տերը ներսում, փորձել են շրջել, իսկ նույն շենքի մի ուրիշ բնակչի՝ առաջին կարգի հաշմանդամ եւ վետերանների միության անդամ Արմեն Կիրակոսյանին ընդհանրապես արգելել են կրպակ տեղադրել ներկայիս կրպակների տեղում։ Ի դեպ, Նոր Նորքի թաղապետարանի դիմաց՝ «Մերսեդես» սալոնի հարեւանությամբ, փռված է գարշահոտ մի տարածք (որտեղ նախկինում այգի է եղել), որ անտեր ու տերավոր շների զբոսավայր է, իսկ գիշերները, գետնուղու հետ միասին, ծառայում է որպես հասարակական զուգարան։ Չենք կարծում, թե համայնքի ղեկավարն անտեղյակ է այս ամենին, չէ՞ որ դրանք շա՜տ մոտ են թաղապետարանի շենքին։ Իսկ նրանից ոչ հեռու էլ, իր տրամադրած ցանցապատ տարածքում, բնակիչների պնդմամբ գտնվում է նաեւ գյուղմթերքների շուկայի տնօրենի եղբոր շնանոցը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել