Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջրօգտագործման

Նոյեմբեր 20,2001 00:00

ԻՆՉ ԷԼ ԽՆԱՅՈ՜ՂՆ ԵՆ Ջրօգտագործման համակարգում, ինչպես խոստովանեց ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը, հաճախ ոտնահարվում են համակարգը շահագործողի շահերը (ամիսներով աշխատավարձ չեն ստանում), առավել հաճախ՝ սպառողի շահերը, միշտ՝ բնապահպանությանը, իսկ պետբյուջեն ընդհանրապես մի կողմ է մնում։ Երբ պրն Մարտիրոսյանը, գնահատելու համար 2001 թվականի փետրվարին ստեղծված Ջրային կոմիտեի աշխատանքը, արտաբերեց «ոռոգման ջրի մատակարարման հարցով 2001 թիվը 2000-ի համեմատությամբ…» բառերը, տրամաբանական կլիներ լսել «ավելի լավ է եղել» կամ «ավելի վատ է եղել» շարունակությունը։ Սակայն պրն Մարտիրոսյանը գերադասեց «ավելի վատ չի եղել»՝ անորոշ տարբերակը։ Որպես դրա ապացույց կոմիտեի նախագահը նշեց գյուղացիների այս տարի ստացած «բավականին առատ բերքը»։ Այնքան էլ հայտնի չեն այդ առատ բերքի ստացման մասին տվյալների աղբյուրները. մթերող եւ պահածոյացնող գործարանները չեն բողոքել, թե չեն հասցնում տեղավորվել պտուղ-բանջարեղենը, դրանց գինը շուկայում անցյալ տարվանից ցածր չէր։ Իսկ եթե բերքի առատությունը զուտ աչքաչափով է որոշվում, ապա մեր աչքաչափով ծիրանի «բումը» անցյալ տարի էր, իսկ այս տարվա գարունը մի շարք վայրերում նշանավորվեց կարկուտ-սելավներով։ Դե մնացածներն էլ՝ Արագածոտնի, Սիսիանի, Արարատի, Գեղարքունիքի որոշ համայնքներ համապատասխան պայմանագրեր չկնքելու եւ այլ ներքին հարցերի պատճառով խնդիրներ են ունեցել ոռոգման ջրի հետ կապված։ Սա արդեն կոմիտեի տեղեկությունն է։ Ընդհանուր առմամբ, ըստ Գագիկ Մարտիրոսյանի, համակարգի ճգնժամը կանգնեցվել է։ Սակայն այսուհետեւ հնարավոր չէ «կոսմետիկ փոփոխություններով, նախկին գործիքներով» հաջողության հասնել։ Պրն Մարտիրոսյանը բազում թվեր նշեց (իհարկե, ցուցանիշները հօգուտ նորաստեղծ կոմիտեի փայլուն աշխատանքի էին), որոնցից ամենահետաքրքիրը Սեւանա լճից 2001թ. ոռոգման ջրի բացթողումների չափաքանակինն էր։ Այն ՀՀ կառավարության կողմից սահմանվել է 170 մլն խմ։ Սակայն «Ջրային տնտեսության պետական կոմիտեն ոռոգման շրջանում բավարարվել է 157,5 մլն խմ-ով»։ Ավելին, այդ թիվը կարելի է իջեցնել մոտավորապես 20 մլն-ով՝ մինչեւ 140 մլն խմ։ Թղթակիցներից մեկի այն հարցին, թե ինչի հաշվին են այս ցուցանիշն ապահովել, պրն Մարտիրոսյանն ասաց՝ «խնայողաբար ենք օգտագործել»։ Բա էլեկտրաէներգիա՜ ինչքան քիչ են օգտագործել Ջրտնտպետկոմիտեի մասնաճյուղերը ոռոգման եւ խմելու ջրի մատակարարման համար՝ 320 մլն կվտ/ժամ՝ անցյալ տարվա 341 մլն կվտ/ժամի փոխարեն։ Գագիկ Մարտիրոսյանը շատ զգուշավոր էր Երեւանի ջրային համակարգը կառավարող «Էյ-Յութիլիթի»-ին գնահատականներ տալիս։ Ավելի ճիշտ, գնահատականներ չտրվեցին, հնարավորինս պատճառաբանվեց եւ արդարացվեց վերջինիս թերացումը՝ համենայնդեպս վարձավճարները հավաքելիս։ Համակարգում խնդիրներն այնքան բարդ են, որ մեկ տարին չլրացրած Ջրային կոմիտեն հասցրել է համակարգի ճգնաժամը կանգնեցնել՝ ինքը լինելով կազմավորման փուլում, իսկ Հռոմի ջրամատակարարման կառավարումն իրականացնող իտալական ընկերությունը պայմանագրային պարտավորություն է վերցնում եւ մեկ տարում հավաքագրում է անհրաժեշտ գումարի միայն կեսը։ Ախ հա, «Էյ-Յութիլիթին» «կլիմափոխության պրոբլեմների մեջ է հայտնվել», ըստ պրն Մարտիրոսյանի։ Ի թիվս ջրի ոլորտում կազմվելիք ծրագրերի եւ արվելիք գործերի, նշվեց սակագների որոշման համար ստեղծվելիք անկախ հանձնաժողովը։ Վերջինս այնքան անկախ կլինի, որ նրանից էլ անկախ՝ ոռոգման ջրի մոտավորապես 4 դրամ սակագինը կբարձրացնե՜նք-կբարձրացնե՜նք, կորուստները՝ կիջեցնե՜նք-կիջեցնե՜նք, այնքան, մինչեւ սակագինը հավասարվի ինքնարժեքին՝ 8,9 դրամ։ Այլ «բարեփոխումներ» եւս նախատեսվում են՝ «այլմոլորակային» օրենսդրական դաշտից «ջուրը» մեր ժամանակներին եւ մեր իրավիճակին համապատասխան դաշտ բերելու ուղղությամբ։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել