Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլում հրապարակվել էր անանուն մի նախկին նախարարի վկայություն, ըստ որի՝ 1998-ի փետրվարի 2-ին կառավ

Նոյեմբեր 20,2001 00:00

Պավլիկ մորոզովների ժամանակը Մամուլում հրապարակվել էր անանուն մի նախկին նախարարի վկայություն, ըստ որի՝ 1998-ի փետրվարի 2-ին կառավարության նիստի ընթացքում Վազգեն Սարգսյանն ասել էր. «Էսօր Վանոն կգնա, հետո էլ Լեւոնը կթռնի, եթե իհարկե մինչեւ իրիկուն սաղ մնամ»։ Միայն այժմ նման «բացահայտմամբ» հանդես գալու նպատակադրումն անթաքույց էր արտահայտվել՝ «Հոկտեմբերի 27»-ը ձեռնտու էր նրանց, ում Վազգեն Սարգսյանը հեռացրել էր իշխանությունից եւ ովքեր ցանկանում էին վերադառնալ։ Ավելի որոշակի էլ նշվել էր՝ «որ Վազգեն Սարգսյանի կենդանի լինելն արդեն սկսել էր խանգարել Վանո Սիրադեղյանին՝ միանշանակ է»։ Նաեւ, որ «Վազգեն Սարգսյանը լի էր երկրում օրինականություն հաստատելու վճռականությամբ, ինչն, անշուշտ Վանո Սիրադեղյանին եւ նրա հանցակիցներին ձեռնտու լինել չէր կարող»։ Մի կողմ թողնենք, որ նույն այդ լրատվամիջոցները, որոնք այժմ «պաշտպանության լավագույն ձեւը հարձակումն է» սկզբունքով առաջ են մղում նախկինների վարկածը՝ Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք նրան անընդհատ մեղադրում էին, թե Վանո Սիրադեղյանին հովանավորում եւ նրան քրեական պատասխանատվությունից զերծ է պահում։ Քանի՜ հրապարակում եղավ միայն այն առիթով, որ իբր Վազգեն Սարգսյանի թիկնապահ Մովսես Գեղագուլյանն էր ուղեկցել մինչեւ թռիչքուղի Վանո Սիրադեղյանին, երբ նա հեռանում էր հանրապետությունից։ Մի կողմ թողնենք նաեւ այն, որ այսպես շարունակվելու պարագայում ապագայում Հայաստանի այս ժամանակաշրջանի մասին կգրվի պատմության դասագրքերում. «Այդ ժամանակ մարդիկ կյանքից հեռանում էին բացառապես երկու եղանակով՝ կա՛մ ինքնասպան էին լինում, կա՛մ էլ նրանց սպանում էր Վանոն։ Եվ կար մեն միակ ունիվերսալ վկա՝ Վահան Հարությունյանը, որ ազատության մեջ մնալու դիմաց պատրաստ էր ամեն տեսակ ցուցմունքներ տալ Վանոյի դեմ»։ Հիշեցնենք, որ Ներքին զորքերի նախկին հրամանատարը հասցրել է արդեն ցուցմունքներ տալ նաեւ «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպման գործում Վանո Սիրադեղյանի մեղսակցության մասին։ Եվ կրկին հիշեցնենք, որ միայն «Պապլավոկում» սպանության պարագայում էր, որ հաշիվ չեն 1-2 հոգու ցուցմունքները, թե մարդասպանները Ռոբերտ Քոչարյանի թիկնապահներն էին։ Սակայն իրոք մի կողմ թողնենք այս ամենը եւ հիշեցնենք, թե ինչ էր ասում Վազգեն Սարգսյանը իրեն «շուտափույթ վերացնել» տենչացող Վանո Սիրադեղյանի եւ դրանից հետո հապշտապ իշխանություն վերադառնալ երազող Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին։ Ընդսմին, չենք հենվելու անանուն ասացողների վրա՝ կա 1999-ի հունվարի 30-ին ՀՀԿ 5-րդ արտահերթ համագումարում Վազգեն Սարգսյանի ելույթը. «Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իմ հարաբերությունների մասին։ Հարգել, գնահատել եւ հարգում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Իմաստուն եւ բարոյական մարդ ու գործիչ է։ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացավ՝ իր հետ տանելով իր համոզմունքները, թողնելով դաշտը մեզ։ (…) Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չհեռանար, ոչ ոք նրան չէր հեռացնելու, եթե ինքը ինձ հեռացներ որպես պաշտպանության նախարարի, ես հեռանալու էի»։ Պնդելով, թե ինքը Հայաստանի 1-ին նախագահի դեմ դուրս չի եկել եւ միայն պաշտպանել է իր գաղափարները, Վազգեն Սարգսյանն անդրադարձել էր նաեւ Վանո Սիրադեղյանի հետ հարաբերություններին եւ ասել այն ֆրազը, որ երկար ժամանակ դարձել էր ներկայիս իշխանամետների մատի փաթաթանը՝ «Վանոն իմ ընկերն է, ինչպես որ իմ ընկերն է Լեւոնը, Ռոբերտը, Սերժը, Սամվելը, Բաբկենը, մյուսները։ Մենք միասին ահավոր ճանապարհ ենք անցել։ Եղել են օրեր, երբ երկրի եւ մեր ճակատագիրը կախված են եղել մազից։ Մենք հաղթահարել ենք այդ դժվարությունները, եւ դա մոռանալու բան չէ։ Եթե ուզում եք ճիշտն իմանալ, իմ անձնական կարծիքը վերջին գործընթացների մասին հետեւյալն է. հարցը, ոչ կալանավորման տարբերակով, այլ քրեական գործ հարուցելու տարբերակով, պետք է մտներ դատարան, եւ դատարանում որոշվեր, թե որտեղ է ճշմարտությունը։ Աղ ու հացի կատեգորիան քաղաքական կատեգորիա չէ։ Բայց հարազատությունն էլ քաղաքական կատեգորիա չէ, հայր եւ որդի հարաբերություններն էլ քաղաքական կատեգորիա չեն. ի՞նչ եք առաջարկում, ես դառնայի պավլիկ մորոզո՞վ»։ Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի եղբայրը վարչապետ եղած ժամանակ «ժառանգություն ստացավ» Վանո Սիրադեղյանին հովանավորելու մեղադրանքները։ Երեկ Վազգեն Սարգսյանի զինակիցները՝ երկրապահները, այս կամ այն ձեւերով «կողմ» չքվեարկեցին Վանո Սիրադեղյանին մանդատից զրկելուն։ Վազգեն Սարգսյանի մերձավորների համար, ուրեմն, միանշանակ անհեթեթ են նրա սպանությունը նրա ընկերոջ հետ կապելու փորձերը։ Բայց դե դրանք ձեռնարկողներին էլ կարելի է հասկանալ՝ խեղդվողը ձեռքը փրփուրին է գցում։ Ինչեր ասես, որ չես անի ներկա իշխանությունների մեղսակցության վերաբերյալ արմատացած համոզմունքները ուրիշ հուն ուղղորդելու կամ գոնե փոքր-ինչ մեղմելու համար։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել