Լրահոս
Օրվա լրահոսը

67

Նոյեմբեր 20,2001 00:00

ՎԱՆՈՅԻՆ ՀԱՆՁՆԵՑԻՆ 67 «կողմ», 8 «դեմ», 4 «ձեռնպահ» ձայների համամասնությամբ երեկ ԱԺ-ում ազգիս «ընտիրները» բաց քվեարկությամբ որոշում կայացրին՝ պատգամավոր Վանո Սիրադեղյանին պատգամավորական մանդատից զրկելու վերաբերյալ։ Պատգամավոր Վ. Սիրադեղյանի բացակայությունները ԱԺ-ն համարեց անհարգելի։ Այնուամենայնիվ, պետք է ընդգծել, որ ԱԺ ողջ գործունեության ընթացքում սա այն եզակի, նախադեպը չունեցող քվեարկությունն էր, երբ անձին վերաբերող հարցի քվեարկությունը տեղի ունեցավ բաց եւ ոչ գաղտնի էլեկտրոնային քվեարկության կարգով։ Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգի 16-րդ հոդվածում, որտեղ ամրագրված է հենց անհարգելի բացակայություններ ունեցող պատգամավորների լիազորությունների դադարեցման կարգը, որեւէ տողով քվեարկության անցկացման կարգ մատնանշված չէ։ Իսկ ահա 20-րդ հոդվածում, որը վերաբերում է պատգամավորին կալանավորելուն, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելուն, հստակ սահմանված է նաեւ քվեարկության անցկացման էլեկտրոնային գաղտնի տարբերակի մասին։ Նույն քվեարկությունն է պահանջում նաեւ ԱԺ նախագահի, նրա տեղակալների, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը։ Փակ քվեարկության միջոցով են նշանակվում անգամ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահներն ու հանձնաժողովի անդամները։ Իսկ Վ. Սիրադեղյանի դեպքում որոշվեց անցկացնել բաց քվեարկություն։ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը քվեարկությունից առաջ հիշեցրեց 1996 թ. Ա. Սադոյանի, Շ. Քոչարյանի, Վ. Մանուկյանի հետ տեղի ունեցած նմանատիպ հարցի քվեարկության անցկացման կարգի մասին. «Նման հարցերը եւ ընդհանրապես անձի հետ կապված հարցերը քվեարկության են դրվում գաղտնի կամ էլեկտրոնային համակարգի, քվեաթերթիկների միջոցով։ Տվյալ պարագայում, ավանդույթի համաձայն, նախորդ նստաշրջանի ընթացքում, քվեարկությունը կատարվել է գաղտնի։ Այս պարագայում որոշողն ԱԺ-ն է»։ Ի վերջո, պատգամավորները հասան իրենց, այսպես ասած, մուրազին։ Երեկ նրանք ընդգծված ցնծության մեջ էին, ի տարբերություն, պատգամավոր Գուրգեն Արսենյանի, որը չէր կարողանում զսպել իր զայրույթը. «Ես դեմ եմ, Վ. Սիրադեղյանի դեպքում չասեմ, այլ ընդհանրապես, որ ժողովրդի քվեն ստացած պատգամավորը զրկվում է պատգամավորական մանդատից այլ պատգամավորի կողմից»։ Իսկ թե ինչո՞ւ է նա դեմ քվեարկել Վ. Սիրադեղյանի պարագայում. այս հարցին վերջինս պատասխանեց. «Նա երկրի հիմնադիր հայրերից մեկն է։ Իմ գնահատականներով, պատգամավորները բարոյականությունից շատ հեռու քայլ թույլ տվեցին, երբ որոշեցին, թե երկրի հիմնադիր հայրերից մեկին իրենք իրավասու են զրկելու պատգամավորական մանդատից։ Փոքր է, էլի, իրենց ֆորմատը, որպեսզի Վ. Սիրադեղյանի նման պատմական միսիա կատարած անձնավորությանը հիմա փնովեն։ Պատգամավորները չունեն այդ ֆորմատը. իրենք իրենց լուման չեն ունեցել այս երկրի կայացման, անկախության ու Ղարաբաղյան պատերազմում ձեռք բերած հաղթանակի գործընթացներում»,- զայրացած նկատեց Գ. Արսենյանը։ Մեր «Չե՞ք վախենում հնարավոր ճնշումներից» հարցին վերջինս պատասխանեց. «Կներեք, ես ունեմ դիրքորոշում, արտահայտել եմ ես իմ դիրքորոշումը։ Եթե ես ճնշումից պիտի վախենամ, ուրեմն, պիտի գնամ ճնշման դեմ դեղ ընդունեմ։ Օրինակ, ճնշումը բարձրացնող կամ ցածրացնող։ Ճնշումը ես միայն այդպես կարող եմ մեկնաբանել, այլ կերպ հարցն ինձ համար անհասկանալի է»։ Ըստ Գ. Արսենյանի, սա երկրում տիրող պետականության զգացողության բացակայության արդյունքն է, դրա սինդրոմը, որը եւ խորհրդարանում երեկ դրսեւորվեց։ «1988 թ. մինչեւ 1991-92 թթ. այն զարթոնքը, որը տեղի ունեցավ, այն, որ մենք մեր ազգային ինքնագիտակցությունը վերապրեցինք, հասկացանք, որ մենք, ի վերջո, կարող ենք ինչ-որ մի բան անել, վերջիվերջո մեր 1400 տարվա պատմության մեջ կարողացանք ինչ-որ մի բանում հաղթող լինել, մենք արդեն ոնց որ այդ ռեսուրսը սպառել ենք։ Սրա դրսեւորումն է»,- ասաց Գ. Արսենյանը։ «Կներեք, եթե ես այսօր Վ. Սիրադեղյանին չեմ տալիս, ուրեմն ես վաղը իմ պետության ներկայացուցչին չեմ տա։ Դա կլինի Ռոբերտ Քոչարյանը, կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ այլն, ես չեմ տա, որովհետեւ իմ պետության ներկայացուցիչներն են նրանք։ Այդ մարդիկ իմ պետության մեջ լավ կամ վատ բաներ են արել»։ Ցանկացած մարդ, ըստ Գ. Արսենյանի, ով պատասխանատվություն է կրում, ֆորմատ ունի, որոշումներ է ընդունում, եւ այդ որոշումները միշտ չէ, որ ճիշտ են լինում. «Մենք իրավունք չունենք այդ ոչ ճիշտ որոշումների համար՝ ճիշտ որոշումների ֆոնի վրա, մարդկանց քարկոծենք։ «Մի դատիր, որ չդատվես»-ը ավետարանական ճշմարտություն է։ Այսօր մենք բոլորս դարձել ենք դատավոր։ Մեր ամբողջ երկիրը, հասարակությունը դեստրուկտիվ պրոցեսների մեջ է. տանը, խոհանոցում, մարդկանց ուղեղների մեջ։ Երկիրը դեստրուկտիվ պրոցեսներով չի կարող առաջ գնալ։ Ամեն ինչ ընդդեմ է, հանուն ոչ մի բան չկա։ Մենք պետք է այդ հանունի գաղափարը փորձենք գտնել։ Իմ կողմից Վանո Սիրադեղյանին չտալը հանունի դրսեւորում է»,- եզրափակեց Գուրգեն Արսենյանը։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել