Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախյան հերոսամարտի տարիների հուշն անգամ այսօր սարսուռ է հաղորդում մարմնիս։ Սակայն այդ տարիներին եղ

Նոյեմբեր 17,2001 00:00

«Ճակատագիրն օգնում է ուժեղներին» Արցախյան հերոսամարտի տարիների հուշն անգամ այսօր սարսուռ է հաղորդում մարմնիս։ Սակայն այդ տարիներին եղել են լրագրողներ, որ անձնվեր աշխատել են մարտի դաշտում, եղել զինվորի ընկերն ու խաղաղ բնակչության լրատուն։ Ալվարդ Բարխուդարյանն այն քչերից է, ում նվիրումն Արցախին անսպառ է։ Ծնվել է Երեւանում, մեծացել ու բարձրագույն կրթություն ստացել Սանկտ Պետերբուրգում։ 24 տարեկանից դասական լեզուներ է դասավանդել նախ ԵՊՀ-ի ռոմանագերմանական ֆակուլտետում, այնուհետեւ Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում։ 1992թ. առաջին անգամ եղավ Ղարաբաղում՝ որպես «Հայք» շաբաթաթերթի թղթակից։ Եվ մինչ օրս պարբերաբար գնում է Ղարաբաղ ու գրում այնտեղ առկա հիմնահարցերի մասին։ Այո՛, դժվար է լինել ե՛ւ երկու զավակի մայր, ե՛ւ պատերազմի տարեգիր։ Տիկին Բարխուդարյանը հիշեց, որ այն ժամանակ ոչ միայն վտանգավոր էր աշխատել «թեժ կետերում», այլեւ Ղարաբաղ հասնելն էլ դժվար լուծվող խնդիր էր. հաճախ թռիչքներ չէին լինում, ու ստիպված բեռնատար մեքենաներով էին գնում։ Գնացողների մեծ մասը լրագրող չէր, բայց թողնում էին ամեն ինչ ու գնում։ Դա «ժամանակի պահանջն» էր, եւ նրանք, փաստորեն, դարձան այդ ժամանակի հերոսները։ «Վախենում էի, իհարկե վախենում էի». «մեքենաներ էին շրջվում, կրակում էին ուղղաթիռների վրա», «ամեն քայլիդ զգում էիր մահվան շունչը», բայց նա համոզված էր, որ «ամեն ինչ լավ է լինելու», որ իր «խաչը զորեղ է»։ Տիկին Բարխուդարյանը կարեւորում է այն ամենը, ինչ պատերազմի տարիներին իրականացվել է Վազգեն Սարգսյանի, Սամվել Բաբայանի, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով։ Եվ նշեց, որ «թերեւս վերանալով նրանց մարդկային հատկանիշներից», պետք է տեսնել «այն լավը, ինչ նրանք արեցին»։ «Առավոտ» օրաթերթում տպագրված բանակին նվիրված իր հոդվածաշարի համար ստացել է «Զինվոր հայրենիքի» մրցանակը եւ հատկապես հպարտ է, որ ստացել է այն Վազգեն Սարգսյանի՝ պաշտպանության նախարար լինելու ժամանակ։ Այժմ Ալվարդ Բարխուդարյանը դասավանդում է Սեւանի Վազգենյան ճեմարանում եւ ԵՊՀ-ի Աստվածաբանական ֆակուլտետում ու համատեղ նաեւ աշխատում իր գրքի վրա։ Գրքում տիկին Բարխուդարյանը ծրագրում է խմբավորել իր՝ Ղարաբաղի եւ ղարաբաղցիների մասին գրած բոլոր հոդվածները, հարցազրույցներն ու ակնարկները։ Սրանով նա փորձում է ստեղծել մի «շտեմարան», ուր կարտացոլվի այդ տարիների թոհուբոհը, ցավը, վտանգն ու հաղթանակի երջանկությունը։ Թե երբ գիրքը պատրաստ կլինի, դեռ պարզ չէ, քանի որ, ինչպես տիկին Բարխուդարյանը խոստովանեց՝ «չափից ավելի ծույլ մարդ» է եւ միշտ նախանձել է Զորի Բալայանին եւ այլոց, որ չէին զլանում ու գրանցում էին «ամեն մի վայրկյանը»։ Բայց գիրքը կազմելու կամքն անկոտրում է. «Այն կօգնի երիտասարդներին իմանալ լսած, բայց չտեսած իրականության մասին»։ Հատկապես մանուկների մասին խոսելիս՝ աչքերը փայլում էին։ Ղարաբաղի մանուկներին նվիրված մի ամբողջ հոդվածաշար է գրել, եւ այն նույնպես կզետեղվի գրքում։ Նրան ցավ է պատճառում, որ երեխաները տխուր երգեր են երգում, ինչպես՝ «Ելի՛, դաշնակ Դրո», իսկ հայ երիտասարդն էլ անտարբեր է իր քաղաքի նկատմամբ, սակայն հավատում եւ հույսն էլ դնում է մեր սերնդի վրա, քանի որ, ըստ նրա, մեր սերունդը «չի տրտնջա, այլ կապրի»։ ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել