Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրավիճակի կտրուկ փոփոխման կամ այլ պատճառներով նախապես պլանավորված միջոցառումների ժամկետների փոփոխում

Նոյեմբեր 17,2001 00:00

ԺԱՄԱՆԱԿԸ ՇԱՏ ԿԱՐՃ ԷՐ, ԲԱՅՑ ԱՐՎԵԼ Է ՀՆԱՐԱՎՈՐԸ Իրավիճակի կտրուկ փոփոխման կամ այլ պատճառներով նախապես պլանավորված միջոցառումների ժամկետների փոփոխումը ծանր է նստում սպորտի վրա։ Նման դեպքերում կատարված ամիսների, նույնիսկ տարիների քրտնաջան աշխատանքը, ըստ էության, ջուրն է ընկնում, եւ ամեն բան հարկ է լինում սկսել զրոյից։ Դրա համար էլ նման դեպքերը սպորտում հազվադեպ են եւ կապվում են արտակարգ իրադարձությունների հետ։ Այդպես եղավ ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտերի աշխարհի առաջնության հետ, որոնց անցկացումը նախատեսված էր սեպտեմբերի վերջերին Նյու Յորքում։ Մարզասերներն արդեն գիտեն, որ հայտնի ահաբեկչական գործողությունների պատճառով դրանց անցկացման ժամկետներն ու վայրը փոխվեցին։ Առաջին հայացքից առանձնապես ոչինչ չի պատահել։ Բայց միայն մասնագետներն ու սպորտին առնչվող մարդիկ են պատկերացնում, թե իրականում ինչ է նշանակում մրցավայր փոխելը կամ մրցումը թեկուզ մեկ օրով հետաձգելը։ Նախապատրաստական տեւական շրջանում մարզումները, հավաքները կազմակերպվել են այն հաշվարկով, որպեսզի մարզիկն իր մարզավիճակի գագաթնակետին հասնի հենց իր մեկնարկի օրը, շաբաթը, հաշվի են առնված լինում նաեւ մրցավայր ընտրված երկրի աշխարհագրական դիրքը, ժամային գոտին, առկա են քաշի պահպանման հետ կապված խնդիրները, մասնագիտական բազմաթիվ այլ նրբություններ։ Այս առումով ամեն բան տակնուվրա եղավ ըմբշամարտի վերոնշյալ ոճերի Հայաստանի հավաքականների համար (ճիշտ է, նույն վիճակում են նաեւ մյուս բոլոր երկրները)։ Հիմա, երբ ամեն բան հիմնովին փոխվել է, ի՞նչ են անում աշխարհի առաջնությանը նախապատրաստվել շարունակող մեր առաջատար ըմբիշները։ Այս թեմայի շուրջ է մեր զրույցը հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի եւ աշխարհի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի հետ։ – Հայտնի ահաբեկչական գործողություններից հետո որոշվեց մեր մարզաձեւի աշխարհի առաջնությունը տեղափոխել Հունաստան եւ անցկացնել դեկտեմբերի 6-ից 9-ը։ Ստեղծված իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ հավաքականի մարզիչներից պահանջվում էր անել այնպես, որ մարզիկները «անվնաս» նահանջեին լավ մարզավիճակից՝ պահպանելով ֆունկցիոնալ կարողությունները ու կրկին վերադառնալ ուժերի առավելագույնին՝ արդեն նոր, փոփոխված ժամկետներում։ Այդ նպատակով ստիպված կազմակերպել եւ անցկացրել ենք մեկ հավաք՝ նոյեմբերի 1-13-ը՝ Ծաղկաձորում։ Այն հիմնականում նվիրված էր, այսպես կոչված, «բեռնաթափմանը»։ Այդ ընթացքում մենք փորձեցինք մարզիկներին հասցնել իրենց ֆունկցիոնալ կարողությունների միջին մակարդակին, որից հետո վերստին բարձրացնել նրանց մարզավիճակը։ Այս գործընթացում անչափ կարեւոր է յուրաքանչյուր ըմբիշի հոգեբանական վիճակը, որպեսզի նա կարողանա վերագտնել իրեն, տրամադրվել ապագա պայքարին։ Հավաքին հրավիրվել էր 16 ըմբիշ։ Երկրորդ հավաքը կանցկացնենք Երեւանում, նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 3-ը։ Աշխատելու ենք ըմբիշների արագաուժային որակների բարձրացման վրա։ Եվ դրանից հետո կմեկնենք Հունաստան։ – Քանի՞ հոգուց է բաղկացած լինելու հավաքականի կազմը։ – Հրավիրել ենք տասը մարզիկ։ Վերջնական կազմը դեռ որոշված չէ։ Դա հայտնի կլինի այս հավաքի միջնամասում։ Բայց կարծում եմ, Հունաստան կմեկնեն հինգը կամ վեցը։ – Մի՞թե դեռեւս չկան անուններ, որոնք կարելի լինի հրապարակել արդեն այսօր։ – Աչքի առաջ առայժմ ունենք չորս հոգու։ Չէի ցանկանա նախապես նրանց անունները տալ։ Ասեմ միայն, որ բոլոր հրավիրվածներն էլ մրցակցական բավականաչափ փորձ ունեն, հաջողությունների են հասել հանրապետության, Եվրոպայի, աշխարհի տարբեր տարիքային խմբերի առաջնություններում, միջազգային մրցաշարերում։ Նրանք հասցրել են «ճաշակել մեդալի համը»։ Մասնավորապես, 54 կգ քաշային կարգում նախապատրաստվում են Արտաշես Մինասյանը եւ Ռոմիկ Ամոյանը, 58-ում՝ Կարեն Մնացականյանը, Վահան Ջուհարյանը, 63-ում՝ Վաղինակ Գալստյանը, 85-ում՝ Լեւոն եւ Արման Գեղամյան եղբայրները, 97-ում՝ Ռոբերտ Պետրոսյանը եւ 76-ում՝ երիտասարդ Վահե Կարապետյանը։ Ցավոք, ծնկի բարդ վնասվածքի պատճառով աշխարհի առաջնություն չի մեկնի Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր Մովսես Կարապետյանը։ Ահա այս ըմբիշներից է կատարվելու վերջնական ընտրությունը։ – Մեդալներ նվաճելու հույսեր կա՞ն։ – Միշտ էլ ձեռնպահ եմ մնում կանխագուշակություններից, իրադարձություններից առաջ անցնելուց։ Հիմա էլ ոչինչ չեմ խոստանա։ Սպորտում հնարավոր է ցանկացած անակնկալ։ Օրինակ, շատ բան կարող է կախված լինել վիճակահանությունից, որն ըմբշամարտում բավականաչափ բարդացել է։ Հնարավոր է, որ մարզիկն առաջին շրջանում պարտություն կրելով ընդհանրապես դուրս մնա, մի բան, որ առաջ այդպես չէր։ Բացառված չէ, որ նույն վիճակահանության քմահաճույքով առաջին իսկ մենամարտում միմյանց դեմ ելնեն տվյալ քաշային կարգի երկու առաջատարները՝ հաղթողի գլխավոր հավակնորդները։ Այդ դեպքում բոլոր խաղաքարերը խառնվում են։ Այնպես որ, այսօր ոչ մի մասնագետ այս կամ այն մաքրության եւ որակի մեդալ չի կարող խոստանալ։ Մեր մարզաձեւի երկրպագուները թող առայժմ բավարարվեն հետեւյալն իմանալով. մեր բոլոր ըմբիշները, ովքեր աշխարհի առաջնությունում կմտնեն մրցագորգ, կլինեն լավ մարզավիճակում ու կպայքարեն ուժերի առավելագույն ներդրումով։ Թե որքանո՞վ է մեզ հաջողվել լուծել եղած խնդիրները, ցույց կտան մրցումները։ Բայց այս ամբողջ ընթացքը ինձ թույլ է տալիս ասելու, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել